Մատչելի հղումներ

Ի՞նչ է նշանակում Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը


Միջազգային քրեական դատարա
Միջազգային քրեական դատարա

Երևանի միանալը Միջազգային քրեական դատարանին նոր հնարավորություն է՝ պաշտպանելու Հայաստանի քաղաքացիների իրավունքները, իսկ երկրի ինետգրացիան միջազգային իրավական համակարգեր կարող է ամրապնդել Հայաստանի անվտանգությունը` «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։

«Միջազգային քրեական դատարանի լիազորությունները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանը պարտավորվում է, որ ի կատարումն Միջազգային քրեական դատարանի որոշումների պետք է ջանքեր գործադրի։ Այսինքն, նրա որոշումների նաև կատարմանը պետք է աջակցի։ Իհարկե, Հայաստանը նաև իրավունք է ձեռք բերում անմիջականորեն դիմելու Միջազգային քրեական դատարան»,- ասում է Սաքունցը։

2002 թվականին հիմնադրված և Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը միջկառավարական կազմակերպություն է, որի հիմքում հանրահայտ Հռոմի ստատուտն է` դատարանի ստեղծման մասին պայմանագիր-կանոնադրությունը` ընդունված Իտալիայի մայրաքաղաքում 1998 թվականին։

Համաձայն այդ փաստաթղթի, դատարանը իրավասու է քննել միջազգային չորս հանցանքներ` ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն, պատերազմական հանցագործություն և ագրեսիայի հանցագործություն, եթե պետությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում քննել նման դեպքերը։

Հայաստանը պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին այս փետրվարի 1-ին` դառնալով 124-րդ պետությունը, որը ճանաչել է դատարանի իրավասությունը։ Անցած տարվա հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովը վավերացրել էր ստատուտը, նախագահ Վահագն Խաչատուրյանն այն ստորագրեց հոկտեմբերի 13-ին, և մոտ մեկ ամիս անց` նոյեմբերի 15-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը նամակով տեղեկացրեց դատարանին, որ Հայաստանում ստատուտը մտել է ուժի մեջ։

«[Հռոմի] կանոնադրության վավերացումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ սահմանում է դատարանի իրավազորությունը։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության տարածքը, կարելի է ասել, որոշակիորեն երաշխիք է ստանում, որ տարածքում կատարված ցանկացած նմանատիպ ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի դատարանի իրավազորությանը։ Այսինքն, անձինք, ովքեր, որ մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, առնվազն նրանց նկատմամբ կունենա կանխարգելիչ ազդեցություն։ Դա մեկ։ Դա պակաս արգումենտ չէ, որպեսզի [Հռոմի ստատուտի] վավերացման հարցը քննարկենք, և հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ դեռ գտնվում են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, վավերացումը վերստին հմնավորվում է՝ էս տրամաբանությամբ»,- անցած տարվա հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Միջազգային քրեական դատարանի տեղեկացմամբ, Հայաստանը ճանաչել է դատարանի իրավասությունը հետին թվով` 2021 թվականին մայիսի 10-ից։ Սա ուշագրավ է, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրելով Ուկրաինայում պատերազմական հանցագործության մեջ` դատարանը 2023 թվականի մարտի 17-ին նրան ձերբակալելու կարգադրություն իջեցրեց։

Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման նույն օրը Կրեմլը շտապել էր հայտարարել, որ նման քայլը ճիշտ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Թեև Երևանն արձագանքել էր, որ նպատակը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելն է ռազմական հանցագործությունների համար, սակայն Պուտինի խոսնակը` Դմիտրի Պեսկովն փետրվարի 1-ին վերստին անդրադարձավ հարցին, թե Միջազգային քրեական դատարանին անդամակցությունն, իհարկե, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց «Ռուսաստանի համար կարևոր է, որ դա բացասաբար չանդրադառնա Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա»։

Երևանն, ինչպես հայտնի է, առաջարկել է Կրեմլին հարցը կարգավորել երկկողմ պայմանավորվածության ձևաչափով։

«Ռուսաստանին՝ արտգործնախարարության խողովակներով առաջարկ է եղել, որ երկկողմ այդ համաձայնագիրը, որը, օրինակ, ԱՄՆ հետ Հայաստանը կնքել է, կնքվի նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Այսինքն, իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայնագիր, որը բացառում է միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ Այսինքն, սա շատ հստակ իրավական բան է․․․։ Եվ, ըստ էության, դրան մենք արձագանք չենք ստացել»,- 2023 թվականի նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Ցայսօր անորոշ է, թե ի վերջո ինչ ընթացքում է հարցը։ Որևէ պայմանավորվածության մասին պաշտոնական հայտարարություն չկա։

Արթուր Սաքունցն պնդում է` այս հարցում Հայաստանի դիրքորոշումը պետք է հստակ լինի, այլապես Երևանը կարող է խնդիր ունենալ միջազգային հանրության աչքում։

«Հայաստանը պարտավոր է, արդեն որպես Միջազգային քրեական դատարանի իրավասությունը ճանաչած պետություն, միջոցներ ձեռնարկի՝ իր տարածքում Վլադիմիր Պուտինի հայտնվելու դեպքում [նրան] ձերբակալելու և Միջազգային քրեական դատարանին հանձնելու ուղղությամբ»,- նշում է Սաքունցը։

Ռուսաստանի ղեկավարի պաշտոնում Պուտինը Հայաստան այցելել է ինն անգամ։ Վերջինը 2022 թվականի նոյեմբերին` 44-օրյա պատերազմից հետո, մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։

XS
SM
MD
LG