Մատչելի հղումներ

Անօդաչուի հարձակման հետևանքով Հորդանանում զոհվել են ամերիկացի 3 զինծառայողներ, վիրավորվել՝ 34-ը


«Planet Labs PBC»-ի այս արբանյակային լուսանկարը ցույց է տալիս «Tower 22» անունով հայտնի ռազմական բազան Հորդանանի հյուսիս-արևելքում, հոկտեմբերի 12, 2023թ.
«Planet Labs PBC»-ի այս արբանյակային լուսանկարը ցույց է տալիս «Tower 22» անունով հայտնի ռազմական բազան Հորդանանի հյուսիս-արևելքում, հոկտեմբերի 12, 2023թ.

Հորդանանի հյուսիս-արևելքում՝ Սիրիային սահմանակից հատվածում տեղակայված ամերիկյան ռազմական հենակետի ուղղությամբ շաբաթ երեկոյան տեղի ունեցած անօդաչուի հարձակման հետևանքով սպանվել են ամերիկացի 3 զինծառայողներ, վիրավորվել՝ 34-ը՝ հայտնում է տարածաշրջանում գործող ԱՄՆ ռազմուժի հրամանատարությունը:

Իսրայելի և «Համասի» միջև գրեթե չորս ամիս շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին՝ սա թշնամական կրակից զոհված ամերիկացի զինվորականների առաջին հայտնի դեպքն է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման համար մեղադրել է Սիրիայում և Իրաքում գործող և Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումներին։

Իրանի արտգործնախարարությունը հերքել է մեղադրանքները: Պետական «Irna» լրատվական գործակալությունը մեջբերել է նախարարության խոսնակ Նասեր Քանանիին․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ դերակատարում չունի դիմադրության խմբերի որոշումների գործընթացում, թե ինչպես են նրանք սատարում պաղեստինցիներին կամ պաշտպանում իրենց ժողովրդին»։

«Մենք կշարունակենք ահաբեկչության դեմ պայքարում նրանց գործը։ Եվ չկասկածե՛ք՝ բոլոր [մեղավորներին] պատասխանատվության կենթարկենք»,- ասված է Բայդենի հայտարարությունում:

«Քաթայբ Հեզբոլլահ», «Նուջաբա» և Իրանի աջակցությունը վայելող այլ խմբավորումներից բաղկացած «Իրաքում իսլամական դիմադրությունն» է ստանձնել հարձակման պատասխանատվությունը՝ գրում է «The Washington Post»-ը:

Խմբավորման ներկայացուցիչը փոխանցել է. «Ինչպես նախկինում հայտարարել ենք, եթե ԱՄՆ-ն շարունակի աջակցել Իսրայելին, ապա իրավիճակը կսրվի...։ Մեզ չեն հետաքրքրում ԱՄՆ սպառնալիքները։ Գիտենք, թե ինչ ճանապարհ ենք ընտրել, և մեզ հասանելիք մրցանակը կլինի նահատակությունը»:

Հորդանանյան պետական «Petra» լրատվական գործակալությունը տարածել է երկրի իշխանությունների հայտարարությունը, որը «դատապարտել է Սիրիայի հետ սահմանին գտնվող հենակետի նկատմամբ ահաբեկչական հարձակումը, ինչի հետևանքով զոհվել են երեք ամերիկացի զինվորներ»։ Գործակալությունը հիշեցնում է․ «Ամերիկյան զորքերը համագործակցում են Հորդանանի հետ ահաբեկչության դեմ պայքարում և անվտանգության ապահովման գործում»։

Հորդանանի կառավարության խոսնակ Մուհանադ Մուբայդինը ցավակցություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հարձակման հետևանքով «Հորդանանի զինված ուժերում զոհեր չկան»:

Վաշինգտոնում գործող «Hudson Institute»-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փորձագետ Մայքլ Պրեգենթը կիրակի «Ամերիկայի ձայնին» փոխանցել է․ «Այժմ ունենք 3 ամերիկացիների մահվան և 25 վիրավորների դեպքը: Բայդենի վարչակազմը պետք է պատաասխան հարված հասցնի։ Այն պետք է հարվածի Իրանում գտնվող օբյեկտներին։ Սա միակ ճանապարհն է՝ ստիպելու Իրանին կանգ առնել։ Պենտագոնից որոշ տեղեկություններ եմ ստացել, որ սա Իրանի փորձն է՝ մեզ ներքաշել պատերազմի մեջ։ Ո՛չ, Թեհրանը չի ցանկանում պատերազմել Միացյալ Նահանգների դեմ, բայց Թեհրանը ցանկանում է օգտագործել իր ենթակա ուժերին՝ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքից դուրս մղելու համար։ Բայց այժմ նրանք հատել են կարմիր գիծը, և Միացյալ Նահանգները պետք է արձագանքի»:

Հորդանում ամերիկյան ռազմուժի դեմ գրոհը նախորդ շրջանում տարածաշրջանի այլ երկրներում ԱՄՆ ռազմական հենակետերի դեմ ընթացող հարձակումների շարքում է։ Թեև Միացյալ Նահանգները ներգրավված չէ մերձավորարևելյան հակամարտությանը, սակայն աջակցում է Իսրայելին և դեմ է հանդես եկել Գազայում անհապաղ զինադադար հաստատելու կոչերին:

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում վստահեցնում են, թե մոտ են Գազայում երկամսյա զինդադար հաստատելուն, ինչի դիմաց «Համասն» ազատելու է իր մոտ պահվող մոտ 100 պատանդների:

Անցած տարվա հոկտեմբերին Իսրայելի դեմ «Համասի» հարձակման հետևանքով սպանվել էր մոտ 1 200 հոգի։ «Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, իսրայելական ռազմուժի գործողությունների հետևանքով արդեն իսկ զոհվել է ավելի քան 26 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են:

Հայտարարության մեջ Բայդենը նշել է. «Այսօր Ամերիկան սգում է։ Անցած գիշեր Հորդանանի հյուսիս-արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ տեղակայված մեր ուժերի ուղղությամբ անօդաչուի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայողներ են սպանվել, շատերը վիրավորվել են»։

ԱՄՆ պաշտպանության նախարարության համաձայն, վիրավորներից մի քանիսը ստացել են գլխուղեղի վնասվածքներ:

XS
SM
MD
LG