Մատչելի հղումներ

Պատերազմն Ուկրաինայում. ԱՄՆ-ը նոր ռազմավարություն է փնտրում


Ուկրաինացի զինվորականներ
Ուկրաինացի զինվորականներ

Փորձագետները քննարկում են ուկրաինական պատերազմի առնչությամբ ամերիկյան նոր ռազմավարության հնարավորությունը։

Չնայած այն հանգամանքին, որ մերձավորարևելյան հակամարտությունը դուրս է մղել ուկրաինական թեման արևմտյան պարբերականների առաջին էջերից, սակայն ակնհայտ է, որ այս տարի ևս այն կմնա ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնում:

Հույսերը, որ ուկրաինական հաջող հակահարձակումը, կոշտ պատժամիջոցներն ու դիվանագիտական ճնշումը, ի վերջո, կստիպեն Պուտինին փոխել իր հաշվարկները, կարծես, տեղի են տվել ավելի իրատեսական գնահատականների, որ հակամարտությունը կարող է տևել տարիներ:

Կարնեգի հիմնադրամի փորձագետներն անդրադարձել են այս թեմային` փորձելով ուրվագծել ամերիկյան մոտեցումը ուկրաինական պատերազմում։

Ի՞նչ իրավիճակ է ռազմադաշտում

Կարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ գիտաշխատող Դարա Մասիկոտը ճակատում իրավիճակն ամենևին էլ «փակուղային» չի համարում. «Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը [անցած տարվա] ուշ աշնանից, այն բանից հետո, երբ ուկրաինական հակահարձակումը հասել էր իր գագաթնակետին։ Երկու կողմն էլ բախվում են նույն խնդիրներին՝ փորձելով առաջ շարժվել. մշտական հսկողություն ներքո են անօդաչուների կողմից, հրթիռակոծվում են: Միևնույն ժամանակ, դժվարությունների են բախվում հարձակման համար անհրաժեշտ ուժերի կուտակման հարցում։ Պաշտպանությունում նրանք հավասարաչափ արդյունավետ են»:

Փորձագետի կարծիքով, «Կրեմլը պատրաստ է երկար ժամանակ մեծ կորուստներ կրել, սակայն Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ նման ճանապարհ»։

Մասիկոտը հավելում է, ուշագրավ է, որ «ուկրաինացիներն առաջինն են փորձում ինչ-որ նորարարություն, իսկ ռուսները կրկնում են այն և փորձում մեծ մասշտաբով անել»․«[Օրինակ] անօդաչուների պարագայում: Նույնը տեսնում ենք զինամթերքի դեպքում, կամ զրահապատ մեքենաների օգտագործմամբ հետևակային արագ հարձակումների ժամանակ, որին հաջորդում է նահանջը ելման դիրքեր: Ռուսական ուժերը փոխառում են ուկրաինական մարտավարությունը՝ ռազմի դաշտում, կրճատելով, սակայն, նույն մեթոդների կիրառման ժամկետը»։

Այդուհանդերձ, փորձագետը «քաոսային» որակեց ռուսական ուժերի գործողությունները․ «Մի կողմից նկատելի են նրանց առավելությունները՝ հրետանու կրակի հզորությունը, ռումբերի [քանակը], հրթիռային հարձակումները, բայց մյուս կողմից դեռ չեն կարողանում այդ ամենը վերածել առաջընթացի, որը նրանք՝ [ռուսները] ցանկանում են: Արդյունքում, Կիևի գործերն այնքան էլ վատ չեն, բայց կան հարցեր, որոնց վերաբերյալ որոշումները պետք է հրատապ կայացվեն՝ ռազմական հետագա օգնության տրամադրման առումով»:

Կարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ գիտաշխատող Էրիկ Սիարամելան նույն կարծիքին է՝ հավելելով, թե «հիմնական հարցն է՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է ապավինել արևմտյան դաշնակիցների հավաքական տնտեսական ներուժին», որը շատ ավելին է Ռուսաստանի տնտեսական կարողությունից և որն, անշուշտ, կփոխի պատերազմի ներկայիս «կայուն» վիճակը։

Դարա Մասիկոտը համոզված է, որ ներկայիս իրավիճակը ծագել է այն պատճառով, որ «Արևմուտքը լիովին չի գործադրել իր տեխնոլոգիական ներուժը, մինչդեռ Ռուսաստանը ի մի է բերել իր ռազմական արդյունաբերությունը»:

Ուկրաինային արևմտյան օգնության ձգձգման պատճառների թվում վերլուծաբանը նշեց «լոգիստիկայի հետ կապված դժվարությունները», որոնք հակամարտությունը լավ չպատկերացնելու հետևանք են, ինչպես նաև բազմաթիվ այլ «խնդիրներ»։

Արդյունքում, ըստ Մասիկոտի, «Ուկրաինային խոստացված սպառազնիության բազմաթիվ տեսակներ դեռ չեն տրամադրվել», ինչը լրջորեն ազդել է հակահարձակման արդյունավետության վրա։

Էրիկ Սիարամելան ավելացրեց. «Հետ նայելով՝ կարող ենք ասել, որ Պուտինն անընդհատ բլեֆ էր անում, բայց այն ժամանակ ոչ ոք հաստատապես չգիտեր, թե ինչ է տեղի ունենալու։ Պուտինը նաև սպառնաց, թե «նրանք, ովքեր կմիջամտեն, կբախվեն այնպիսի հետևանքների, ինչպիսին նախկինում չեն տեսել»: Մենք չէինք կարող պարզապես անտեսել նրա խոսքերն ու դիրքորոշումը: Անպատասխանատու կլիներ։ Ուստի, որոշակի զգուշություն ցուցաբերվեց: Բայց իրականում այն ժամանակ պետք է որոշումներ կայացվեին՝ մեր ռազմա-արդյունաբերական համալիրի [թողունակությունը] ընդլայնելու վերաբերյալ, և ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում։ Փոխարենը, հույս կար ինչ-որ հրաշքով խուսափել պատերազմից, կամ որ պատժամիջոցների արդյունքում ռուսական տնտեսությունը կփլուզվի, Ռուսաստանում ապստամբություն կծագի, իսկ բանակը կըմբոստանա Պուտինի դեմ»:

Էրիկ Սիարամելան վստահ է, Եվրոպայում փոխհամաձայնություն կա Կիևին հրատապ օգնության ցուցաբերելու հարցում․ «Այս մասին է վկայում Եվրամիության որոշումը հաղթահարել Հունգարիայի վետոն՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցում: Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինայում էր, հանդիպեց նախագահ Զելենսկուն և ստորագրեց անվտանգության ոլորտում համագործակցության տասնամյա համաձայնագիր, որը երկկողմանի պարտավորությունների որոշակի փաթեթ է, և որը Մեծ Բրիտանիան ստանձնում է Ուկրաինայի նկատմամբ: Սա ընդամենը մեկն է այն համաձայնագրերից, որոնք կընդունվեն Մեծ յոթնյակի ներքո։ Չի կարելի թույլ տալ Ռուսաստանին գերիշխել Ուկրաինայում, քանի որ դա կործանարար հետևանքներ կունենա ողջ եվրոպական անվտանգության համար, թեև Ուկրաինան այսօր ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ չէ: Սակայն Ուկրաինայի վրա կարող է ազդել այն, ինչ տեղի է ունենում ոչ թե եվրոպական մայրաքաղաքներում, այլ ինչ տեղի կունենա Վաշինգտոնում այս տարվա նոյեմբերին»։

Էրիկ Սիարամելան նշում է՝ «առանցքային է Կոնգրեսի կողմից ԱՄՆ նախագահի առաջարկված ֆինանսական փաթեթի ընդունումը»․ «Այս հարցի շուրջ դեռ փոխըմռնման պակաս կա, և սա կարող է աղետալի լինել»:

Երկրորդ քայլը, ըստ փորձագետի, անհրաժեշտ է կատարել ՆԱՏՕ-ի շրջանակում, ինչը նշանակում է «հասնել հիմնական նպատակին՝ Ուկրաինայի համար հիմնել ավելի կանխատեսելի և կայուն ֆինանսավորման մոդել»:

«Ուկրաինական [կողմը]՝ Պենտագոնի հետ հսկայական ջանքեր է գործադրում՝ պլանավորելու ուկրաինական ապագա ռազմուժը, որը կարող է պաշտպանել երկիրը և կանխել ռուսական հետագա հարձակումը: Անձամբ ես ցանկանում էի, որ այս խոսակցությունը մի փոքր ավելի արագ ընթանա՝ [ՆԱՏՕ-ի]՝ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո, սակայն այն դանդաղել է մեր ներքին քաղաքական հարցերի պատճառով»,- հավելեց Սիարամելան:

Փորձագետները գնայհատմամբ, Կրեմլում, կարծես, այն կարծիքին են, թե պատերազմում հաջողությունը վերջապես շրջվում է իրենց կողմը։ Ռուսական տնտեսությունը, կարծես, դիմանում է Արևմուտքի պատժամիջոցներին, իսկ ռուսական ռազմա-արդյունաբերական համալիրը թափ է հավաքում։ Պրիգոժինի ապստամբությունից հետո, իշխանության համար այլևս իրական վտանգ չկա՝ ո՛չ ռեժիմի ներսում, ո՛չ հասարակությունում, իսկ առջևում Ռուսաստանի նախագահական «ընտրություններն» են: Նրանք հասկանում են, որ անցած տարվա ուկրաինական հակահարձակումը [նաև] արևմտյան գործընկերների գործադրած զգալի ջանքերի արդյուքն էր՝ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստելու, սպառազինությամբ ապահովելու միջոցով։ Բայց հիմա, երբ ռուսները կարողացել են դիմանալ, հավանաբար, իրենց վստահ են զգում՝ հավատացած լինելով, որ կարող են «աստիճանաբար մաշել ուկրաինացիներին, և խաղադրույքներ են կատարում Վաշինգտոնում հնարավոր քաղաքական փոփոխությունների վրա»:

Այդուհանդերձ, Դարա Մասիկոտն ընդգեց, միևնույն ժամանակ, Կրեմլը հսկայական ջանքեր է գործադրում երկրում կայուն իրավիճակի պատկեր ստեղծելու համար՝ չնայած ռազմաճակատում ռուսական բանակի հսկայական կորուստներին․ «Եվ նրանք համառորեն կրկնում են կանխատեսումները, թե Արևմուտքը կթուլանա»:

«Ուկրաինան պետք է հնարավորինս շատ հակաօդային պաշտպանության միջոցներ ունենա: Կարծում եմ, ժամանակն է վերանայել Ռուսաստանի ներսում՝ ռազմական թիրախներին հեռահար հարվածներ հասցնելու քաղաքական սահմանափակումները, քանի որ պատերազմի դինամիկան պետք է փոխվի։ Պետք է բարձրացնենք Ուկրաինայի մարտունակությունը, որպեսզի 2025 թվականին նրանք կարողանան ավելի արդյունավետ հարձակվել ռուսական դիրքերի ուղղությամբ։ Բայց այս ամենը պահանջում է անհապաղ ֆինանսավորում»,- պնդում է Մասիկոտը:

Բանակցությունների հեռանկար կա՞

Էրիկ Սիարամելայի կարծիքով, Կրեմլը պատրաստ է բանակցել, սակայն այն, ինչ «նրանք կոչում են «բանակցություններ», տարբեր է նրանից, ինչ նկատի ունի ԱՄՆ-ն․ «Կրեմլը ցանկանում է թելադրել Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանները: Նրանք դա անվանում են «բանակցություններ»։ Ցանկանում են, որ սեղանին փաստաթուղթ լինի, բայց, ըստ էության, չեն ցանկանում հեռանալ իրենց դիրքորոշումից, որի նպատակը Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունն է»։

«Չեմ կարծում, որ կբախվենք «մեծ պատերազմի»։ Ինչու՞ բացառել որոշակի մարտավարական բանակցություններ՝ կոնկրետ հարցերի շուրջ: Շատ չենք խոսել Սև ծովի մասին, բայց 2023 թվականին, չնայած ռազմաճակատում փակուղի էր, Ուկրաինան խոցեց մի շարք կարևոր թիրախներ։ Ռուսներին դուրս մղեցին Սև ծովի արևմտյան հատվածից և վերաբացեցին արտահանման ճանապարհները Օդեսայից։ Հնարավո՞ր է այդ ամենի արդյուքնում ավելի մեծ բան ստանալ։ Կարծում եմ, այո, բայց կրկնեմ՝ դա իրագործելի է միայն այն դեպքում, եթե ուկրաինացիները կարողանան խոսել ուժի դիրքերից։ Կարո՞ղ է այդ ամենը հանգեցնել ինչ-որ մարտավարական զինադադարի: Վստահ չեմ։ Կարծում եմ, շատ բան կախված կլինի՝ արդյո՞ք երկու կողմերը կհասկանան, որ հոգնել են։ Բայց կողմերից ոչ մեկը դեռ չի զգում, որ սա «ճանապարհի վերջն է»,- նշում է Սիարամելան:

Դարա Մասիկոտոյի խոսքով, «Ուկրաինայի դիրքերը շատ ավելի կուժեղանային, եթե բոլորը տեսնեն, որ ամերիկյան և եվրոպական աջակցությունը վերականգնված է»․ «Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը ցանկանա բանակցել։ Այո, հնարավոր է։ Նրանք ուղարկում են... ազդանշաններ, որոնք տարբերվում են [Մոսկվայի] հանրային խոսույթից։ Ուկրաինային մեր աջակցությունը պետք է լինի նրանց գործողությունների ազատություն տալը, իսկ դա նշանակում է վստահեցնել, որ մենք աջակցում ենք նրանց՝ պատմությունն ինչ շրջադարձ էլ կատարի»:

Արդյո՞ք զսպումը ճիշտ ռազմավարություն է Ռուսաստանի դեմ

Էրիկ Սիարամելայի կարծիքով, գաղափարը, թե բանակցությունների արդյունքում Ուկրաինան կարող է վերածվել Արևմուտքի և Ռուսաստանի միջև բուֆերային գոտու, ի չիք է դարձել հենց Կրեմլի պատճառով․ «Ուստի, ակնհայտ է, որ Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է։ Բայց այստեղ կա մի էական խոչընդոտ. Ուկրաինան լայնածավալ պատերազմի մեջ է միջուկային գերտերության հետ, որը բռնազավթել է նրա տարածքի գրեթե 20%-ը։ Իսկ այդ պարագայում ռազմական դաշինքին Կիևի միանալը իր հետ մեծ ռիսկեր է բերելու։ Հետևաբար, ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսակցությունը, ամենայն հավանականությամբ, լուրջ զարգացում չի ապրի ալյանսի գալիք՝ վաշինգտոնյան գագաթնաժողովում։ Սակայն սա պատճառ չէ հետաձգել եվրոպական անվտանգության մասին խոսակցությունը։ Անվտանգության միջանկյալ համաձայնագիրը, որը կարող է լինել շատ էական, բազմակողմ և հիմնված, իրոք, բավականին ամուր պարտավորությունների վրա, կարող է Ուկրաինայի պարագայում աշխատել, մինչև մի օր կհասնենք մի իրավիճակի, երբ քաղաքական փոփոխություններ կլինեն հենց Ռուսաստանում, կամ այլ կարևոր կետերում»։

XS
SM
MD
LG