Մատչելի հղումներ

Հայտնի են դարձել նոր մանրամասներ Ջեֆրի Էփշտեյնի դեմ հարուցված մեղադրանքների վերաբերյալ


Ջեֆրի Էփշտեյն
Ջեֆրի Էփշտեյն

Չորեքշաբթի երեկոյան հրապարակվել է նախկինում գաղտնի դատական փաստաթղթերի նոր խմբաքանակ՝ կապված Ջեֆրի Էփշտեյնի հետ, ով 2019 թվականին ինքնասպան էր եղել երբ շարունակվում էր սեքսուալ թրաֆիքինգի մեղադրանքով իր դեմ հարուցված դատավարությանը:

Սոցիալական ցանցերը վերջին շաբաթների ընթացքում լի էին ենթադրություններով, որ փաստաթղթերը պարունակում են հարուստ և հզոր մարդկանց ցանկ, որոնք Էփշտեյնի «հաճախորդներն» են եղել»:

Սակայն նման ցուցակ չկար։ Դատարանի որոշմամբ հրապարակված առաջին 40 փաստաթղթերը հիմնականում բաղկացած էին արդեն հրապարակային նյութերից, որոնք բացահայտվել են շուրջ երկու տասնամյակ թերթերի պատմությունների, հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի, հարցազրույցների, իրավական գործերի և Էփշտեյնի սկանդալի մասին գրքերի միջոցով:

Այնուամենայնիվ, գրառումները, ներառյալ Էփշտեյնի որոշ զոհերի հետ հարցազրույցների սղագրությունները և ոստիկանության հին զեկույցները, պարունակում էին հիշեցումներ, որ Էփշտեյնն իրեն շրջապատել է հայտնի և հզոր գործիչներով:

Փաստաթղթերը հիշեցնում են Էփշտեյնի ջերմ հարաբերությունների մասին Բիլ Քլինթոնի հետ, ով չի մեղադրվում որևէ օրինազանցության մեջ: Հիշատակվում է նաև Բրիտանիայի արքայազն Էնդրյուն, ով նախկինում մեղադրվել էր 17-ամյա ամերիկկացի աղջկա դեմ սեռական բռնություն գործադրելու մեջ: Էնդրյուն արտադատավարական համաձայնության էր եկել և ամերիկուհուն փոխհատուցում վճարել:

Էփշտեյնին մեղադրող Յոհաննա Սյոբերգը նոր հրապարակված հայտարարության մեջ ցուցմունք է տվել, ասելով որ Էփշտեյնի Փալմ Բիչում գտնվող տանը մեկ անգամ հանդիպել է Մայքլ Ջեքսոնի հետ, սակայն նրա հետ կապված ոչ մի տհաճ միջադեպ չի հիշատակել:

Հրապարակված փաստաթղթերը կապված են 2015 թվականին Էփշտեյնի պատճառով տուժվածներից մեկի՝ Վիրջինիա Ջիուֆրի կողմից ներկայացված հայցի հետ:

Նա այն տասնյակ կանանցից մեկն է, ովքեր դատի են տվել Էփշտեյնին՝ Ֆլորիդայում, Նյու Յորքում, Վիրջինյան կղզիներում և Նյու Մեքսիկոյում գտնվող իր տներում իրենց բռնության ենթարկելու համար: Այս հայցը Էփշտեյնի նախկին ընկերուհու՝ Գիսլայն Մաքսվելի դեմ էր, ով 20 տարվա ազատազրկման է դատապարտվել, քանի որ օգնել է զոհերին ընտրելու և բռնության ենթարկելու գործում:

XS
SM
MD
LG