Մատչելի հղումներ

Գազայում հրադադար հաստատելու հեռանկարն անորոշ է


Գազայի հատված
Գազայի հատված

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կրկին հետաձգվել է Գազայի հատվածին լրացուցիչ օժանդակություն նախատեսող նոր բանաձևի վերաբերյալ քվեարկությունը։ Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդգծել է՝ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև «Համասի» ոչնչացումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կրկին հետաձգվել է Գազայի հատվածին լրացուցիչ օժանդակություն նախատեսող նոր բանաձևի վերաբերյալ քվեարկությունը։

«Կարծում եմ, բոլոր շահագրգիռ կողմերը՝ ամենաբարձր մակարդակով ներգրավված են՝ հասնելու այնպիսի տեքստի ընդունմանը, որը ազդեցություն կունենա տեղում: Դիվանագիտությունը ժամանակ է պահանջում»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչը Լանա Նուսեյբեն:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգները վետո է կիրառել նախկինում առաջարկված երկու բանաձևերի վրա, որոնք կոչ էին անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել։ Վաշինգտոնում չեն թաքցնում՝ մտավախություն ունեն, որ հրադադարը թույլ կտա «Համասին» վերականգնել ուժերը։

ԱՄՆ-ն «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, որի զինյալները, ինչպես հայտնի է, այս հոկտեմբերի 7-ին գրոհեցին Իսրայելը՝ սպանելով 1 200 մարդու և պատանդ վերցնելով ավելի քան 240 հոգու։

«Լսում ենք, թե ինչպես են բազմաթիվ երկրներ կոչ անում դադարեցնել այս հակամարտությունը, ինչը մեր՝ բոլորիս ցանկությունն է։ Սակայն գրեթե չեն լսվում կոչեր, որոնք կպահանջեն «Համասից» դադարեցնել թաքնվելը խաղաղ բնակիչների հետևում, վայր դնել զենքերը և հանձնվել: Սա կարող է հենց վաղն էլ ավարտվել, եթե «Համասը» գնա այդ քայլին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ մարտերը չեն կարող դադարել, քանի դեռ Իսրայելը չի հասել իր նպատակներին:

«Համասի» վերացում, մեր պատանդների ազատ արձակում և Գազայից եկող վտանգի արմատախիլ անում: «Համասի» բոլոր ահաբեկիչները պետք է ոչնչացվեն՝ մինչև վերջին մարդը: Նրանք ունեն միայն երկու տարբերակ՝ հանձնվել կամ մեռնել»,- հայտարարել է Նեթանյահուն:

Նրա գլխավորած կառավարությունը, սակայն, ստիպված է գործ ունենալ նաև երկրի ներսում աճող ճնշման հետ՝ կապված տակավին «Համասի» ձեռքում գտնվող ավելի քան հարյուր պատանդների ազատ արձակման հարցի հետ։ Պատանդերի հարազատները պահանջում են գործարքի գնալ պաղեստինյան կողմի հետ՝ պատանդներին տուն վերադարձնելու նպատակով։

Հայտնի է նաև «Համասի» պահանջը՝ պատանդների ազատ արձակումը կարող է հետևել հրադադարի հաստատմանը, սակայն կրակի դադարեցման հեռանկարն այս պահին անորոշ է ներկայանում։

XS
SM
MD
LG