Մատչելի հղումներ

Բայդենը զգուշացրել է Նեթանյահուին` «Համասի» դեմ պայքարում Իսրայելը կորցնում է միջազգային աջակցությունը 


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Հայտնի է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու իր գլխավորած վարչակազմը սերտորեն կապված են Իսրայելի հետ, և ամերիկա-իսրայելական այդ կապը ավանդական է՝ 1948 թվականից՝ հրեական պետության հիմնադրումից ի վեր: 

Նախագահ Բայդենի վարչակազմի աջակցությունը Իսրայելին՝ «Համասի» դեմ պայքարում, շարունակում է սուր քննադատության արժանանալ պաղեստինցի խաղաղ բնակիչների մահն անընդունելի համարող բազմաթիվ ամերիկացիների, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցների կողմից, որոնք հորդորում են ջանքեր գործադրել՝ հասնելու կրակի դադարեցմանը։ Այս ամենին զուգահեռ՝ Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել Իսրայելի վարչապետին փոխել մոտեցումը, այլապես կարող է վտանգի ենթարկել հրեական պետությանը ցուցաբերվող միջազգային աջակցությունը։

Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները հանդես է եկել միջնորդական առաքելությամբ՝ ձգտելով կարգավորել իսրայելցիների ու պաղեստինցիների տարաձայնությունները հողի, կրոնական վայրերի նկատմամբ վերահսկողության և ինքնիշխանության հարցերում:

1993 թվականը կարծես խոստումնալից էր, երբ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը ու Պաղեստինի ազատագրման կազմակերպության անունից բանակցող Մահմուդ Աբասը Սպիտակ տանը ստորագրեցին ինքնակառավարման մասին հռչակագիրը՝ «Օսլոյի համաձայնագիրը»:

Արարողությանը ներկա ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնական Լոուրենս Կորբի խոսքով, խաղաղությունը մոտ էր, բայց պաղեստինցիներն ի վերջո խախտեցին համաձայնագիրը:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Կորբը, ով այժմ «Center for American Progress»-ի ավագ աշխատակիցն է, ասում է, թե դեռ հավատում է երկու պետությունների ստեղծման միջոցով մերձավորարևելյան հակամարտության կարգավորմանը, սակայն պաղեստինյան նոր ղեկավարության ներքո:

«Այժմ պաղեստինցիները պետք է միասնաբար գործեն: Նրանց առաջնորդը՝ Մահմուդ Աբասը, չափազանց ծեր է, չի կարող արդյունավետ լինել: Նրանք պետք է այլ առաջնորդ ընտրեն։ Եվ եթե հնարավոր լինի այս սարսափելի իրավիճակից դուրս գալ՝ պաղեստինյան պետություն ունենալով, դա նշանակալի ձեռքբերում կլինի, և ավելի դյուրին կդարձնի տարածաշրջանում կայունության պահպանումը»,- ասում է Կորբը:

Ահարոն Դեյվիդ Միլերը տասնամյակներ է աշխատել ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական վարչակազմերում՝ հաճախ ամերիկյան պատվիրակության կազմում բանակցություններ վարելով Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման շուրջ: Նրա կարծիքով, այսօր՝ հատկապես նախագահ Ջո Բայդենի օրոք, ամերիկա-իսրայելական հարաբերությունները ավելի շատ նախկինի շարունակությունն են, քան փոփոխություններ են պարունակում:

«ԱՄՆ ժամանակակից նախագահների շարքում Ջո Բայդենը այն եզակի գործիչն է, որը իրեն համարում է իսրայելական պատմության մի մաս: Նրա հարաբերությունները Իսրայելի վարչապետների և այլ առաջնորդների հետ տասնամյակների պատմություն ունեն: Երբ այս ճգնաժամը սկսվեց, նա պնդեց, որ պետք է այցելի տարածաշրջան՝ պատերազմական գոտի»,- ասում է այսօր արդեն՝ «Carnegie Endowment for International Peace»-ի ներկայացուցիչ Միլերը:

Շատերն են հիշում Բայդենի գրկախառնվելը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ օրեր անց, երբ հոկտեմբերի 7-ին «Համասը» գրոհեց հրեական պետությունը, որի հետևանքով սպանվեցին մոտ 1 200 իսրայելցիներ, պատանդ տարվեցին ավելի քան 200 հոգի: Սպիտակ տան ղեկավարը բազմիցս է հայտարարել, թե Միացյալ Նահանգները միշտ կլինի Իսրայելի կողքին:

Սակայն նախորդ ավելի քան երկու ամիսներին Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում հանգեցրեցին, որ զոհվեն հազարավոր պաղեստինցիներ, վիրավորվեն ավելի քան 50 հազարը, իրենց տները լքեն առնվազն 2 միլիոն մարդ:

Ի վերջո՝ օրերս Բայդենը հանդես եկավ հայտարարությամբ, թե Իսրայելը կորցնում է այլ երկրների աջակցությունը՝ Գազայի հատվածը «անխտիր» ռմբակոծելու պատճառով, և որ Նեթանյահուն պետք է փոխի իր կոշտ դիրքորոշումը:

Մեծանում է նաև հանրային ճնշումը։ Նյու Յորքում և ԱՄՆ այլ քաղաքներում հազարավոր ամերիկացիներ դուրս են գալիս փողոց՝ բողոքելու պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանության դեմ: Ի հավելումն՝ Սպիտակ տան և պետքարտուղարության որոշ աշխատակիցներ նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Գազայի հատվածում տեղի ունցողի առնչությամբ՝ անգամ բողոքի նամակներ ստորագրելով և հրաժարականի դիմումներ ներկայացնելով։

«Պետքարտուղարության աշխատակիցներն ուշադիր են Իսրայելի նկատամամբ մեր տևական քաղաքականությանը՝ տասնամյակներ շարունակ, որի ընթացքում մենք անվերապահ աջակցել ենք հրեական պետությանը, նաև ռազմական օգնության միջոցով։ Ընկալում կա, որ չենք օգտագործել այն գործիքները, որ ունենք, որպեսզի ճնշում գործադրենք Իսրայելի նկատմամբ՝ ավելին անելու Պաղեստինի հարցը լուծելու համար»,- ասում է Էլիզաբեթ Շաքելֆորդը՝ «The Chicago Council on Global Affairs»-ից:

Ինչևէ։ Թեև իսրայելական բանակի գործողությունների դեմ ԱՄՆ-ում բողոքները շարունակվում են, սակայն նոյեմբերի կեսերին բազմաթիվ ամերիկացիներ հավաքվեցին Վաշինգտոնում՝ ի աջակցություն Իսրայելի:

XS
SM
MD
LG