Մատչելի հղումներ

Ի՞նչ է սպասվում Գազային ռազմական գործողություններից հետո


Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև շարունակվող հակամարտության ֆոնին
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև շարունակվող հակամարտության ֆոնին

Գազայում հրադադար հաստատելու նորանոր կոչերի ֆոնին՝ Իսրայելում քննարկում են, թե ինչ է հաջորդելու մարտերին: Գազային սահմանակից իսրայելական համայնքների բնակիչներն ասում են, որ ցանկանում են տուն վերադառնալ, բայց իրենց համար կարևոր է անվտանգությունը:

Հոկտեմբերի 7-ից Քֆար Ազա կիբուցը ու Գազային սահմանակից իսրայելական մյուս համայնքների մեծ մասը դարձել են ուրվական-քաղաքներ, երբ «Համասի» զինյալները գրոհեցին հրեական պետությունը՝ սպանելով մոտ 1 400 իսրայելցիների, պատանդ վերցնելով շուրջ 240 հոգու:

Իսրայելը տարհանել է իր գրեթե 200 հազար քաղաքացիների, որոնք բնակվում էին Գազային սահմանակից բնակավայրերում։ Այսօր այդ մարդիկ հյուրանոցներում են, ու ժամանակավոր կացարաններում: Նրանցից շատերն ցանկություն են հայտնել տուն վերադառնալ, բայց միայն այն պարագայում, եթե վստահ լինեն, որ «հոկտեմբերի 7-ը», չի կրկնվի։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույի խոսքով, իսրայելցիների անվտանգության ապահովման միակ միջոցը «Համասի» ոչնչացումն է, այնուհետև՝ Գազայում իսրայելական անվտանգության ուժերի կողմից վերահսկողության հաստատումը։

ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի պատասխանատվությունը ստանձնի Պաղեստինի ինքնավարությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

«Գազայի հատվածը ենթարկվելու է ապառազմականացման, ու այն կդադարի սպառնալիք ներկայացնել Իսրայել պետությանը։ Եվ որպեսզի նման վտանգ չառաջանա, որքան անհրաժեշտ է, Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի վերահսկողություն պահպանել Գազայի հատվածի նկատմամբ՝ կանխելու ահաբեկչությունը»,- ասել է Նեթանյահուն:

Մյուս կողմից, Գազայում զոհերի աճող թվի ֆոնին՝ Իսրայելը հայտնվել է ամերիկյան ուժգնացող ճնշման ներքո՝ քայլեր ձեռնարկել բարելավելու պաղեստինյան այդ շրջանի խաղաղ բնակչության վիճակը։

«Բազմաթիվ պաղեստինցիներ են սպանվել, շատերն են տուժել վերջին շաբաթների ընթացքում։ Ցանկանում ենք անել հնարավորը, որպեսզի կանխենք [խաղաղ բնակչությանը] հասցվող վնասը, և հնարավորինս մեծ ծավալի մարդասիրական օգնություն տեղ հասցնենք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Թեև Իսրայելի ղեկավարությունը դեմ չէ Գազայի հատվածին մարդասիրական օգնության տրամադրմանը, սակայն պնդում է՝ հրադադար չի կարող հաստատվել, քանի դեռ 240 պատանդներ գտնվում են «Համասի» ձեռքում: Նման դիրքորոշումը նաև պատանդների հարազատների, նրանց բազմահազար աջակիցների պահանջն է։ Իսրայելական դիտորդների կարծիքով, պատանդների առկայության պայմաններում հրադադար հատատելը սխալ քայլ կլինի։

«Նման պարագայում կրակի դադարեցումը պարզապես կնշանակի, որ «Համասը» հաղթանակ է տարել, խուսափել է զանգվածային սպանությունների համար պատասխան տալուց, և Իսրայելը պարտվել է: Մենք չենք կարողանա ապահովել մեր տարածքի անվտանգությունը։ Մեր զսպող ուժը կկորցնի իր նշանակությունը: Մեր թշնամիները այլևս կմտածեն, որ յուրաքանչյուր անգամ, երբ մեզ հարվածեն, և մենք հակահարված տանք, միջազգային հանրությունը հրադարարով կկապի մեր ձեռքերը»,- ասում է ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Մայքլ Օրենը:

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Սակայն մարտերն ի վերջո կավարտվեն, և ինչ-որ մեկը պետք է ղեկավարի Գազայի հատվածը՝ 2․3 միլիոն բնակչությամբ:

Վաշինգտոնում չեն բացառում, որ նման պատասխանատվություն կստանձնի Հորդանան գետի արևմտյան ափում իշխող Պաղեստինի ինքնավարությունը: Սակայն դիտորդների փոխանցմամբ, պաղստինյան այդ իշխանությունը տեղացիների կողմից ընկալվում է որպես թույլ ու կոռումպացված։

«Ժամանակ կպահանջվի, մինչև տեղում ի հայտ գա ուժեղ իշխանություն: Իսրայելի դիրքորոշումն է, թե չի ցանկանում կառավարել Գազայի հատվածը և մնալ Գազայի հատվածում: Միջազգային հանրությունը, Միացյալ Նահանգները պնդում են, թե դեմ են, որպեսզի [Իսրայելը] վերստին օկուպացնի Գազայի հատվածը, ինչը նշանակում է, որ այն պետք է կառավարվի պաղեստինցիների կողմից։ Սակայն ժամանակ է հարկավոր, մինչև կարողանանք Գազայի [նոր] իշխանության ձևավորման համար հիմքեր ստեղծել»,- ասում է Մերձավոր Արևելքի անվտանգության գծով վերլուծաբան Ավի Մելամեդը:

Այս ամենի ֆոնին՝ Գազայում ծանր մարտերը շարունակվում են, զոհերի թիվն աճում է:

XS
SM
MD
LG