Մատչելի հղումներ

«Համասը» ոչնչացնելու Իսրայելի նպատակը «գրեթե անհնար է» իրագործել. ԱՄՆ պաշտոնաթող գեներալը


Ծուխ է բարձրանում իսրայելական ավիահարվածից հետո Ռաֆահում, հոկտեմբերի 30, 2023
Ծուխ է բարձրանում իսրայելական ավիահարվածից հետո Ռաֆահում, հոկտեմբերի 30, 2023

Իսրայելի ռազմուժը կիրակի ընդլայնել է իր գործողությունների շրջանակը Գազայի հատվածում։ Միացյալ Նահանգները կրկնել է խաղաղ բնակիչների անվտանգությունը երաշխավորելու իր կոչը։ Այս ամենի ֆոնին՝ ռազմական փորձագետը զգուշացնում է՝ Իսրայելը դժվար թե կարողանա կյանքի կոչել «Համասը» ոչնչացնելու իր նպատակը։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը կիրակի վերստին է ընդգծել, որ իրենց թիրախում «Համաս» խմբավորումն է, ոչ թե Գազայի խաղաղ բնակիչները: Սակայն լրատվամիջոցներում, համացանցում հայտնված տեսանյութերը՝ քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների մասին,
հակամարտության վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը և ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը շարունակում են իրենց վրա բևեռել միջազգային հանրության ուշադրությունը։

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը «ABC»-ի եթերում վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը հակամարտության առնչությամբ:

«Ինչ մենք տրամադրում ենք Իսրայելին, պատերազմի օրենքների շրջանակում է և համապատասխանում է անմեղ կյանքեր փրկելու պահանջներին: Դրանք այն պահանջներն են, որ մենք ամեն անգամ ներկայացնում ենք, երբ զենք ենք առաքում այլ երկրի»,- ասել է Սալիվանը:

Այս հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համասի» զինյալների գրոհի հետևանքով պատանդառվածների հարազատներն իրենց մտահոգությունն են հայտնել, թե իսրայելական ռազմուժի ցամաքային գործողությունը կարող է վտանգի ենթարկել առևանգվածների կյանքը:

ԱՄՆ-ը վերահաստատում է՝ Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը պատերազմի օրենքների շրջանակում է։
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00

Սալիվանն ընդգծել է՝ այդ մարդկանց ազատ արձկամանը միտված ջանքերը շարունակվում են։

«Պատրաստ ենք աջակցել հումանիտար դադարների հաստատմանը, որպեսզի պատանդները կարողանան անվտանգ դուրս բերվել: Կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ ամեն օր»,- նշել է նա:

Իր հերթին՝ «ABC»-ի հետ զրույցում ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Ռոբերտ Աբրամսը կարծիք է հայտնել՝ իսրայելական ուժերի համար «գրեթե անհնար է» ամբողջությամբ ոչնչացնել «Համասը»:

«Այդ շատ խիտ, քաղաքային պայմաններում «Համասի» պաշտպանությունը ճեղքելու համար կատաղի մարտեր են պահանջվելու, որի նմանը չենք տեսել նախորդ տարիներին։ Միևնույն ժամանակ, Իսրայելը պետք է փորձի ակամա թիրախ չդարձնել այն տարածքները, ուր պահվում են պատանդներ»,- ասել է Աբրամսը:

Գեներալն անդրադարձել է հարցերին, որոնք պետք է լուծվեն ռազմական գործողությունների ավարտից հետո:

««Համասը» ստեղծվել է պաղեստինյան պետության բացակայության պատճառով, [այն պատճառով], որ իսրայելա-պաղեստինայան հակամարտությանը այդպես էլ լուծում չտրվեց երկու պետություն ստեղծելու սկզբունքի հիման վրա, ինչի մասին շատերն են խոսել: Նման հանգուցալուծում է հարկավոր, երբ խոսք կգնա հաշտության մասին»,- հավելել է նա:

ՄԱԿ-ի՝ պաղեստինցի փախստականների գծով գործակալությունը կիրակի իր անհանգստությունն է հայտնել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի առնչությամբ, թե մարդիկ սկսել են գրոհել շրջանում գտնվող օգնության պահեստները, ինչը նշան է, որ կարգն ու կանոնը իրենց վախճանն են գտնում։

Այս ամենին ֆոնին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապ կրկնել է Գազայում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման իր կոչը։

Ինչպես հայտնի է, «Համասի» առևանգած մարդկացից շատերը երկքաղաքացի են։

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական խմբավորում։

XS
SM
MD
LG