Մատչելի հղումներ

Հայաստանը խաղաղության և դաշնակիցների որոնման փուլում է


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան

Երևանը նոր գործընկերներ է փնտրում անվտանգության ապահովման ոլորտում, քանի որ այլևս ակնառու չեն հանրապետության տարածքում ռուսական ռազմակայաններ ունենալու առավելությունները՝ հեղինակավոր «The Wall Street Journal»-ին օրերս տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանը հիասթափված է այն մոտեցումներից, որոնք ունեն Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը Հայաստանին մտահոգող կենսական խնդիրների նկատմամբ:

Երևանը նոր գործընկերներ է փնտրում անվտանգության ապահովման ոլորտում, քանի որ այլևս ակնառու չեն հանրապետության տարածքում ռուսական ռազմակայաններ ունենալու առավելությունները՝ հեղինակավոր «The Wall Street Journal»-ին օրերս տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Ռուսաստանը չի կատարել դաշնակցի իր պարտավորությունները։

Փաշինյանը նաև քննադատել է ՀԱՊԿ-ին՝ անգործության համար՝ հավելելով, թե Երևանը պետք է բանակցի այդ կառույցի ու Մոսկվայի հետ իր հետագա հարաբերությունների շուրջ։

1995 թվականից Երևանում և Գյումրիում տեղակայված են ռուսական ռազմակայաններ, ուր զինծառայողների թիվն անցում է 3 հազարը։ Ռազմակայանի տեղակայման վերաբերյալ համաձայնագրի ժամկետը լրանում է 2044 թվականին։

Հայաստանը համարվում է Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Սակայն վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերություններում պարբերաբար ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ։ Կրեմլին հատկապես զայրացրել է Երևանի կողմից Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վավերացումը։ Հիշեցնենք, այդ դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարվել է ռազմական հանցագործ և նրա ձերբակալման մասին կարգադրություն է իջեցվել։

Վերլուծաբան Վադիմ Դուբնովի կարծիքով, ամերիկյան պարբերականի հետ զրույցում Փաշինյանը բավականին թափանցիկ է խոսում, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, չի օգնել Հայաստանին բարդ իրավիճակում, այսինքն՝ ռուսական ռազմակայանների առկայությունն անօգուտ է, սակայն Հայաստանի վարչապետը դեռ չի բարձրացրել երկրի տարածքից ռազմակայանների դուրսբերման և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։

«Նա պարզապես ասաց, որ Երևանում փորձում են հասկանալ, թե իրականում ինչպես է տեղի ունեցել ամեն ինչ։ Փաշինյանը հասկացրեց, որ Հայաստանը դժգոհ է, բայց մտադիր չէ արմատապես վերանայել ներկա վիճակը։ Խոսակցության հիմքում այն չէ, որ Հայաստանը

խզում է Մոսկվայի հետ բոլոր հարաբերությունները, այլ այն, որ Երևանը կցանկանա փոխել դրանք, ուղղել և համոզվել, որ անցյալի սխալները, որոնք, իհարկե, թույլ են տվել իր նախորդները, չկրկնվեն»,- «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում ասում է Դուբնովը։

Ըստ վերլուծաբանի, «Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և մնացած առասպելները տարածվում են Մոսկվայի օգնությամբ, սակայն դրանցից ոչ մեկն իրական չէ։ Ռուսաստանին անհրաժեշտ է վերահսկողություն Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։ Երևանը գիտակցում է՝ եթե կորցրեց վերահսկողությունը [այդ տարածքի նկատմամբ], կկորցնի նաև իր վերջին ռազմավարական ակտիվը և տարածաշրջանային շատ կարևոր նախագծին լրջորեն մասնակցելու հնարավորությունը։ Պետք է հասկանալ, որ այս հարցում Հայաստանն իրենը պնդելու է մինչև վերջ, և այդ մասին է այն հաստատակամությունը, որն այդքան նյարդայնացնում է Մոսկվային»։

Միաժամանակ Դուբնովը գտնում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայաններին ոչինչ չի սպառնում․ «Ընդհանուր առմամբ, պարզ է, որ աշխարհում ոչ ոք Երևանին անվտանգության երաշխիք չի տա։ Մոսկվան չի պատրաստվում կատարել այդ երաշխիքները և չի պատերազմի Ադրբեջանի հետ Հայաստանի համար, որպեսզի լուրջ խնդիրների մեջ չընկնի Թուրքիայի հետ։ Երևանը, իհարկե, կարող է փորձել այլ երկրներից ևս սպառազինության գնել, բայց այդ դժվար թե արմատապես փոխի երկրի ռազմավարական խոցելիությունը, որը պետք է լուծվի ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական ճանապարհով։ Ակնհայտ է, որ Փաշինյանը հենց դա է անելու»։

Այստեղ հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին Հայաստանի վարչապետը հույս հայտնեց, թե առաջիկա ամիսներին հնարավոր կլինի Ադրբեջանի հետ «խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր» ստորագրել։

Վերադառնանք, սակայն, «The Wall Street Journal»-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին։ Տարտուի համալսարանի Արևելագիտության կենտրոնի փորձագետ Բորիս Դոլգինի գնահատմամբ, այն շատ երկիմաստ է,, քանի որ Կրեմլի հասցեին հնչած քննադատությանը զուգահեռ՝ Հայաստանի վարչապետն, այնուամենայնիվ, ասում է, որ Երևանը չի դիտարկում ռուսական ռազմակայանները երկրի տարածքից դուրս հանելու հարցը։

«Վարչապետ Փաշինյանի ասածը գործողությունների ուղեցույց չէ, այլ զուտ փաստի արձանագրում, որը միանգամայն ակնհայտ է հայաստանյան հանրության մի զգալի մասի համար՝ ռուսական ռազմական ուժերը, նաև ՀԱՊԿ կառույցները, գործոն չեն իրենց երկրի անվտանգության ապահովման գործում»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է

Դոլգինը՝ հավելելով, թե «Փաշինյանը չի խոսում սահմանապահների մասին, և սա բարդ խնդիր է, որը հատուկ ջանքեր է պահանջում՝ պատրաստելու նման ուժեր՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար»։

Բորիս Դոլգինի խոսքով, Երևանը նախևառաջ ուշադրություն է հրավիրում իր հրատապ խնդիրների վրա. «Նրանք հրատապ անհրաժեշտություն են տեսնում ինտեգրվել անվտանգության կառույցներ, որոնք իսկապես կարող են երաշխավորել երկրի տարածքային ամբողջականությունը, ապահովել տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը և այլն։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը շատ զգույշ գիծ է վարում (գուցե՝ չափից դուրս զգույշ), որպեսզի երկիրը գործնականում սկսի տեղափոխվել Մոսկվայից դեպի Եվրատլանտյան անվտանգության կառույցներ։ Վարչապետը նախընտրում է նավակը շատ չճոճել»։

Փորձագետի խոսքով, պարզ է, որ Հայաստանը ծանր իրավիճակում է. «Զանգեզուրի և այլ միջանցքների շուրջ խոսակցությունների ֆոնին՝ բարդ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Երևանը մեծապես շահագրգռված է հաղորդակցությունների ապաշրջափակման մեջ, սակայն զգուշանում է [ճանապարհների վերաբցման հարցում] Բաքվի պահանջներից: Այս ամենին ֆոնին՝ ուշադրություն գրավեց Փաշինյանի չմասնակցելը ԱՊՀ գագաթնաժողովին ու եվրասիական կառույցների այլ միջոցառումներին։ Փոխարենը, նա ներկա էր Վրաստանում Մետաքսի ճանապարհին վերաբերող համաժողովին։ Սրանք շատ հստակ ազդանշաններ են երկրի դիրքավորման փոփոխության մասին»:

Այդքանով հանդերձ՝ Բորիս Դոլգինը ևս ընդգծում է՝ Հայաստանում ռուսական ռազմակայաններին դեռ ոչինչ չի սպառնում․ «Դրանց ուժով հեռացնելը դժվար կլինի։ Հայաստանն, անշուշտ, կփորձի գործը չհասցնել այնպիսի իրավիճակի, որ պահանջի ռուսական զորքերի դուրսբերում։ Սակայն եթե Մոսկվան, դժգոհ լինելով Երևանի քաղաքականությունից, իր նախաձեռնությամբ դուրս բերի այդ ռազմակայանները, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, իհարկե, չափազանց գոհ կլինի»։

XS
SM
MD
LG