Մատչելի հղումներ

Միջազգային փորձագետները մտահոգված են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հավանականությամբ


Միջազգային փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացն ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի ուժի հնարավոր կիրառումը։ Այս ամենի ֆոնին՝ տարածաշրջան է ժամանել ամերիկացի բարձրատիճան դիվանագետը։

Բաքու է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին «X» սոցհարթակում տեղեկացրած Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ մանրամասնել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու հեռանկարը։

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ, կողմերն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, մտքեր փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցությունները շարունակելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին:

Հայտնի է, որ Բաքվից հետո Ջոշուա Հեքը կայցելի Թուրքիա, Հայաստան և Վրաստան։

Վերլուծաբան Ջոնաթան Կացի կարծիքով, Վաշինգտոնը մեծապես հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանով՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայունության ու խաղաղության՝ կանխելով ռազմական նոր գործողությունները․ «Տակավին առկա են որոշ մարտահրավերներ։ Կան մտահոգություններ՝ կապված Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի «բացման» շուրջ։ Սրանք բավականին անհանգստացնող հեռանկարներ են` լուծումներ պարտադրելու, նոր հակամարտություններ և ռազմական գործողություններ հրահրելու առումով»:

Կացն ուրվագծում է տարածաշրջանում Արևմուտքի առաջնահերթությունները՝ աջակցություն Լեռնային Ղարաբաղից հեռացած հայությանը և կայունության հաստատում․ «Կարծում եմ, լայն քաղաքական կայունություն դեպքում, տարածաշրջանի բոլոր երկրները հնարավորություն կունենան սերտորեն հարաբերվել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Հայաստանն այն երկիրն է, որը ձգտում է խորացնել իր կապերը, սակայն նաև ստիպված է լուծել այլ հարաբերություններում առկա հարցեր, որոնք կապված են, օրինակ, Ռուսաստանի հետ»:

Վերլուծաբան Ջերեմի Շապիրոն, սակայն, թերահավատ է, որ Հարավային Կովկասը կարևոր է Վաշինգտոնի համար․ «Միացյալ Նահանգները մեծ հետաքրքրություն չունի տարածշրջանի՝ [Հարավային Կովկասի] նկատմամբ: Իրականում, նույնիսկ Եվրոպան չունի մեծ հետաքրքրություն և չի ցանկանում մեծ ռեսուրսներ վատնել այդ տարածաշրջանում: Չեմ կարծում, թե սա նորություն է։ Այս առումով իրավիճակը չի փոխվել։ Այդ տարածաշրջանը միշտ եղել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև պայքարի դաշտ»:

Շապիրոն չի թաքցնում իր մտահոգությունը՝ կապված Հայաստանի հարավային հատվածով տարանցիկ ճանապարհ բացելու ադրբեջանական զինուժի հնարավոր փորձի հետ․ «Կան տարբեր պնդումներ, որոնք ադրբեջանցիները ներկայացնում են Հայաստանի հարավային հատվածների նկատմամբ և պահանջում տարանցիկ երթուղի կամ միջանցք՝ կախված նրանից, թե որ բառապաշարն եք նախընտրում: Ենթադրում եմ, առաջիկա մի քանի ամիսներին նրանք կօգտագործեն ռազմական ուժ՝ այն [միջանցքը] բացելու համար»:

Ռազմական առումով, ըստ վերլուծաբանի, Հայաստանն այսօր անկարող է դիմադրել Ադրբեջանին։ Ուստի, ապավինում է միջնորդավորված բանակցություններին՝ փոխզիջում գտնելու նպատակով` մի կողմից եվրոպացիների ու ամերիկացիների միջնորդությամբ, մյուս կողմից՝ ռուսների: Շապիրոյի խոսքով, ռազմական ներխուժման պարագայում՝ հայկական կողմը ձգտելու է հասնել միջազգային հանրության կողմից դատապարտմանը, Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին ու հավելյալ սպառազինության ստացմանը, սակայն դժվար թե միջազգային հանրության կողմից ավելի ուժգին արձագանք լինի, քան եղավ Լեռնային Ղարաբաղի դեպքերի ժամանակ․ «Դժվար է հավատալ, որ [ի պատասխան ադրբեջանցիների ներխուժմանը]՝ ամերիկացիներն ավելի լուրջ միջոցներ կձեռնարկեն։ Նրանք պետք է ինչ-որ կերպ արձագանքեն, սակայն, կարծում եմ, արձագանքը կլինի հիմնականում խոսքերով»:

Հեղինակավոր «Stratfor» վերլուծական կենտրոնը ևս օրերս անդրադարձել է Հայաստան՝ ադրբեջանական բանակի հնարավոր ներխուժման թեմային՝ նշելով, թե իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն անորոշ, քանզի Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես չեն հանդիպում, իսկ Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը:

Ըստ կենտրոնի, ներկայացվածի վառ վկայությունն է, որ Ալիևը հրաժարվել է մասնակցել այս հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ հանդիպմանը, իսկ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողով, ուր ներկա էին Ալիևն ու Պուտինը:

«Տարաձայնությունը Երևանի և Բաքվի միջև, հավանաբար, կշարունակվի, քանի դեռ կողմերը չեն հասել համապարփակ խաղաղության համաձայնագրին։ Ադրբեջանը, հավանաբար, կփորձի համախմբել տարածաշրջանի հիմնական շահագրգիռ կողմերին՝ Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին՝ խաղաղ կարգավորման իր տեսլականն առաջ մղելու և Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Մինչդեռ, Հայաստանը, հավանաբար, կփորձի ստանալ ԱՄՆ ու եվրոպական երկրների աջակցությունը: Սա կպահպանի լարվածությունը, հատկապես, եթե Փաշինյանի և Ալիևի, կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումներ չկայանան»:

«Stratfor»-ը շեշտում է, թե մեծանում է մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում դիմել ուժի կիրառմանը, քանի որ խաղաղության կամ սահմանազատման վերաբերյալ լուրջ բանակցություններ չկան։

Նյութի պատրաստմանը աջակցել է «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությունը

XS
SM
MD
LG