Մատչելի հղումներ

Մերձավորարևելյան խորացող ճգնաժամի ֆոնին՝ Իսրայելը ողջունում է Բայդենի աջակցությունը 


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահին հաջողվել է համոզել Իսրայելին թույլ տալ, որպեսզի պաղեստինցիների համար նախատեսված օգնությունը մուտք գործի Գազայի հատված՝ Եգիպտոսից։ Սակայն Թել Ավիվը հրաժարվել է այդ նպատակով տրամադրել իր տարածքը։ 

ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան այցի նպատակներից էր հասնել Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի թեթևացմանը։ Ջո Բայդենը չորեքշաբթի Իսրայելում էր, երբ տարածաշրջանը ցնցեց Գազայում՝ հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը, ինչի հետևանքով զոհվեց մոտ 500 մարդ:

Իսրայելը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը հրեական պետություն, որի նպատակն էր նաև ի ցույց դնել ԱՄՆ զորակցությունն Իսրայելի ժողովրդին և ղեկավարներին։ Հրեական պետության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներից զատ, ԱՄՆ նախագահը հանդիպել է նաև «Համասի» զինյալներից մազապուրծ եղած խսրայելցիների՝ քաղաքացիական անձանց։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահի՝ Իսրայել ժամանելուց ընդամենը ժամեր առաջ հրթիռը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող «Ալ-Ահլի» հիվանդանոցին, ինչի հետևանքով զոհվեցին հարյուրավոր պաղեստինցիներ: Տեղի ունեցածի համար «Համասը» մեղադրեց Իսրայելին։ Հորդանան գետի արևմտյան ափին հազարավոր պաղեստինցիներ դուրս եկան փողոցներ՝ բողոքի ակցիաների։ Տեղի անվտանգության ուժերը հարկադրված էին ուժ կիրառել՝ բողոքավորներին ցրելու համար։

Ի պատասխան «Համասի» մեղադրանքին՝ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հերքել է Թել Ավիվի առնչությունը Գազայում՝ հիվանդանոցում տեղի ունեցածի հետ, փոխարենը՝ բուժհաստատության հրթիռակոծման համար մեղադրելով պաղեստինյան զինյալներին։

«Գազայի «Ալ-Ահլի» հիվանդանոցում պայթյունը տեղի է ունեցել «Իսլամական ջիհադի» արձակած հրթիռի պատճառով, որը շեղվել է իր ուղղությունից»,- ասել է Հագարին:

Իսրայելին աջակցություն խոստանալուց զատ, նախագահ Բայդենը չթաքցրեց իր մտահոգությունը Գազայում մարդասիրական ճգնաժամի խորացման առնչությամբ։ Ինչպես հայտնի է, Թել Ավիվը կասեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի մատակարարումը Գազա, ուր «Համասի» ձեռքին են մոտ 200 պատանդառված իսրայելցիներ։

Այս ամենի ֆոնին՝ Գազային սահմանակից եգիպտական անցակետի մոտ միջազգային օգնությամբ լի բեռնատարների հերթ է գոյացել։ Սահմանը դեռ փակ է։

Սակայն հաղորդվում է, որ նախագահ Բայդենին հաջողվել է ստանալ Թել Ավիվի համաձայնությունը՝ մարդասիրական այդ օգնությունն Եգիպտոսից Գազա տեղ հասցնելու հարցում։ Այնուամենայնիվ, Բենիամին Նեթանյահուի աշխատակազմը

ընդգծել է, որ թույլ չի տա այդ նպատակով օգտագործել հրեական պետության տարածքը, քանի դեռ «Համասի» ձեռքին են իսրայելցի պատանդները։

«Այն, ինչ այժմ անհրաժեշտ է, Գազա անհապաղ մուտք ունենալն է: Ռաֆահի միջանցքը պետք է հնարավորինս շուտ բացվի։ Վառելիքի, ջրի, սննդի և, իհարկե, դեղերի ու բժշկական պարագաների խիստ կարիք կա։ Սահմանին առկա են կուտակված պաշարներ, և սպասում ենք մուտքի թույլտվության»,- ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևմտյան ափի և Գազայի գրասենյակի ներկայացուցիչ Ռիկ Պիպերկորնը։

Իսրայելը հորդորել է ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիների լքել Գազայի հյուսիսայի հատվածը և տեղափոխվել շրջանի հարավ՝ պատճառաբնելով, թե նման քայլը պայմանավորված է նրանց իսկ անվտանգությամբ։

Մոտ կես միլիոն մարդ արդեն իսկ հեռացել է իր տնից, որոնց թվում է Ֆիդա ալ-Արաջը՝ Գազայում բրտանական «Oxfam» բարեգործական կազմակերպության աշխատակիցը։

Նրա խոսքով, մարտական գործողությունների մեկնարակից ի վեր՝ արդեն երրորդ անգամն է տեղափոխվում՝ ամուսնու, հինգ երեխաների և սկեսրոջ հետ, և այժմ Ռաֆահում է՝ Եգիպտոսի սահմանին:

«Ավելի ապահով տեղ ենք փնտրում՝ երեխաների ու սկեսուրիս պատճառով։ Նա ի վիճակի չէ քայլել։ Փնտրում ենք անվտանգ մի վայր, թեև խիստ կասկածում եմ, ողջ Գազայում դեռ կա նման վայր»,- ասում է Ֆիդա ալ-Արաջը:

Պաղեստինի առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Գազայում գործող գրասենյակի համաձայն, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 3 հազար մարդ, այդ թվում՝ 1 500 կին ու երեխա: Գազայի հայտնի հիվանդանոցի նկատմամբ հարձակումից հետո, զոհերի ու վիրավորների թիվը զգալիորեն աճել է։

«Հորեղբորս տղան, նրա ընտանիքը ընկան ռմբակոծության տակ՝ իրենց տանը։ Մայրը, կինը և հինգ երեխաները պարզապես կտոր-կտոր էին եղել։ Երեխաներից ամենաավագը 13 տարեկան էր, ամենից փոքրը՝ 2։ Անգամ դիակները չգտանք՝ հողին հանձնելու համար»,- պատմում է Ֆիդա ալ-Արաջը ։

Ռազմական գործողությունների թեժացման և Գազա իսրայելական բանակի՝ սպասվող ներխուժման ֆոնին Ալ-Արաջն ավելի է մտահոգվում՝ ողջ մնալը գրեթե անլուծելի խնդիր է թվում

XS
SM
MD
LG