Մատչելի հղումներ

«Համասի» հարձակումն Իսրայելի վրա. ո՞վ է ուղղորդում ահաբեկչությունը


2023 թվականի հոկտեմբերի 19-ին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական ռմբակոծությունների ժամանակ
2023 թվականի հոկտեմբերի 19-ին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական ռմբակոծությունների ժամանակ

Փորձագետներն անդրադարձել են Իսրայելի նկատմամբ «Համաս» խմբավորման զինյալների հարձկման հանգամանքներին, և քննարկել հակամարտության հնարավոր զարգացումն ու հետևանքները։

Հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան «Համասի» ու «Պաղեստինյան իսլամական ջիհադի» գրոհայինները՝ հուժկու հրթիռակոծության քողի ներքո Գազայից ներխուժեցին Իսրայել։ «Համասն», ինչպես հայտնի է, պաղեստինյան իսլամիստական ահաբեկչական շարժում է, որը 2007 թվականի հուլիսից կառավարում է Գազայի հատվածը։ «Պաղեստինյան իսլամական ջիհադը» հիմնադրվել է 1970-ականների վերջին՝ «Մահմեդական եղբայրներ» սուննիական շարժման կողմից և ռազմականացված իսլամիստական կազմակերպություն է, որն իր նպատակն է հռչակել ոչնչացնել Իսրայել պետությունը։

Ճեղքելով անվտանգության պատնեշը՝ զինյալների խմբերը ոտքով, ջիփերով, մոտոցիկլետներով և պարապլաններով ներխուժել են Իսրայել՝ գրեթե չհանդիպելով իսրայելի բանակի դիմադրությանը։

Ահաբեկիչների զոհերի թիվը հասավ հազարի, մոտ երկու հազար իսրայելիցիներ վիրավորվեցին։ Զինյալները գերեվարեցին տասնյակ զինծառայողների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց ու երեխաների, որոնք ներկայում Գազայում են։

Վաշինգտոնում գործող Հուդզոնի ինստիտուտը հատուկ քննարկմամբ անդրադարձել է տեղի ունեցածին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես ահաբեկիչները կարողացան անակնկալի բերել ժամանակակից բանակ և աշխարհի լավագույն հետախուզություններից մեկն ունեցող Իսրայելին։

Ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջան Քասապօղլույի կարծիքով, «այս անգամ «Համասի» հարձակման հիմքում նշմարվում են բարդ պլանավորման տարրեր»․ «Ամեն ինչ սկսվեց Գազայի հատվածը շրջապատող դիտաշտարակների և Իսրայելի տարածքը Գազային միացնող հսկիչ-անցակետերի ոչնչացումից։ Հետաքրքիր է, որ «Համասն» այդ ամենը ոչնչացրել է անօդաչուների միջոցով։ Իսրայելական բանակի՝ ցախալի կապի բոլոր կետերը անջատելուց հետո, նրանք ստացան տեղեկատվական առավելություն։ Այնուհետև, իրականացրեցին հզոր հրթիռակոծություն, որի ընթացքում զինյալները պարապլաններով վայրէջք կատարեցին իսրայելական տարածքի խորքում։ Այնպես որ, եթե դուք այդ պահին լինեիք իսրայելական ռազմական հետախուզության սպաներից մեկը, դժվար թե արագ և ճիշտ կողմնորոշվեիք՝ գործ ունեք հրթիռային հարվածի՞, անօդաչուների հարձակմա՞ն, թե՞ «Համասի» հատուկ նշանակության ջոկատների գրոհի հետ»։

Փորձագետը հավելեց, թե այդ ամենն արվեց «Համասի» զինյալների հարձակումը սքողելու համար, երբ մոտ հազար գրոհայիններ ներխուժեցին Իսրայել․ «Ըստ մեր հավաքագրած տվյալների՝ «Համասի» զինյալները արագորեն ներթափանցել են Իսրայելի խորքերն առնվազն վեց տեղերից։ Նրանցից ոմանց հաջողվել է վերահսկողություն հաստատել նոր գրաված տարածքներում՝ հարկադրելով ցախալին ու Իսրայելի անվտանգության ուժերին կռվել քաղաքային պատերազմի բարդ պայմաններում։ Մյուսներն Իսրայելի տարածքում առևանգում էին մարդկանց ու վերադառնում Գազա»։

Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Ջոնաթան Շաքթերը իր գնահատականը ներկայացրեց, թե ինչպես են գործել իսրայելցի զինվորականները․ «Ակնհայտ է, սա հետախուզության ձախողում է, թեև մեզանից ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ գիտեր, կամ չգիտեր Իսրայելը՝ հարձակման պահին։ Բայց բոլորի մոտ հարց է ծագում՝ ինչու՞ չգործեց վաղ նախազգուշացման համակարգը։ Իսրայելը վերջին մի քանի տարիների ընթացքում միլիարդավոր դոլարներ է ծախսել Գազային սահմանակից պաշտպանական համակարգն ամրապնդելու համար, և այն՝ գետնի տակ, գետնին և օդում, բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը։ Քաղաքներում, կիբուցներում և ռազմական օբյեկտներում կան անվտանգության համակարգեր։ Սակայն արդյունքը ցնցեց ողջ իսրայելական հանրությունը»։


Ո՞վ է պատրաստել Գազայից եկած զինյալներին

Ջան Քասապօղլուն ուշադրություն հրավիրեց՝ «Համասի» ձեռնարկած գործողության ռազմավարական և մարտավարական մակարդակներին՝ շեշտելով, որ «դրանք շատ նման են Իրանի ռազմական մեթոդներին»․ «Օրինակ, կիրառվել են ձեռքի հակատանկային նռնականետեր կրող քվադրոկոպտերներ, որոնց միջոցով խոցել են իսրայելական «Մերկավա» տանկը՝ գրեթե ուղիղ անկյան տակ՝ այն կետում, որտեղ տանկն առավել խոցելի է։ Նման փաստերը, ինչպես նաև գործողության ծրագրման և իրականացման փուլերը վեր են Մերձավոր Արևելքում գործող սովորական ռազմական խմբավորումների հնարավորություններից»։

Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն և ավագ գիտաշխատող Մայքլ Դորանը համաձայնեց գնահատականին․ «Առաջին հերթին՝ գրոհայինները կուրացրել են իսրայելցիների բանակը՝ ոչնչացնելով վաղ նախազգուշացման համակարգը։ Դրանից հետո, նրանք կիրառել են սահմանային ցանկապատը կոտրելու տարբեր եղանակներ։ Այնուհետև հարձակման են անցել պարապլաններով՝ հրթիռային հարվածների քողի ներքո, որին հաջորդել է նրանց հատուկ ջոկատայինների ներթափանցումը, և սկսել են առևանգել մարդկանց։ Այս ամենի հետևում կանգնած է ռազմավարական մտածողությամբ ու ռազմական փորձ ունեցող մեկը»։

Ջան Քասապօղլուն ևս համաձայնեց՝ ընդգծելով, որ «գրոհը ղեկավարող հրահանգիչները պետք է լինեին և՛ անօդաչուների կառավարման մասնագետներ, և կամիկաձե դրոնների, հրթիռների ու այլ միջոցների օպերատորներ»․ «Նա, ով կանգնած է դրա հետևում, պետք է ավանդական պատերազմի և, միաժամանակ, այսպես կոչված, պրոքսի-պատերազմների փորձ ունենա, ինչպես նաև ամուր կապեր՝ «Համասի» ու «Իսլամական ջիհադի» հետ»։

Մայքլ Դորանը գրեթե համոզված է՝ գործողության հետևում Իրանն է. «Ցավոք, Իրանն այստեղ արդեն մի քանի նշանակալի հաղթանակներ է ունեցել։ Նրանք գործնականում տապալել են Իսրայելի հետ Սաուդյան Արաբիայի մերձեցման գործընթացը կամ առնվազն կասեցրել այն։ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը նրանց համար հիրավի խնդրահարույց էր։ Նրանք փոխել են հավասարակշռությունը ներպաղեստինյան քաղաքականությունում՝ «Համասի» ու «Ֆաթհի» միջև։ Եթե իսրայելական հակազդեցությունը չափազանց հուժկու լինի, այն կուժեղացնի արաբական երկրների չարացածությունը»։

Դորանի տեսակետը պաշտպանեց Ջան Քասապօղլուն․ «Մարդիկ քննարկում են յուրաքանչյուր նման հարձակում. որտեղի՞ց է այն սկսվել՝ Գազայի՞ց, Եմենի՞ց, թե՞ Իրաքից։ Մերձավոր Արևելքում այս ողջ ահաբեկչության թիկունքին Իրանն է։ Լիբանանյան «Հեզբոլլահի» հետևում Իրանն է, «Իսլամական ջիհադի» թիկունքին դարձյալ Իրանն է, «Համասը» նույնպես ստանում է Իրանի աջակցությունը»։


Ի՞նչ տեսք է ունենալու Իսրայելի պատասխանը և ինչպե՞ս հաղթել «Համասին»

Ջոնաթան Շաքթերը հիշեցրեց Իսրայելի վարչապետի խոսքերը, թե «սա պատերազմ է, ոչ թե գործողություն»․ Այսինքն՝ սա ինչ-որ մի մարտի հերթական փուլը չէ։ Սա ճակատամարտ է»

Փորձագետը հավելեց, թե կան մի քանի տարբերակներ՝ զրկել «Համասին» և «Իսլամական ջիհադին» իրենց «հարձակողական հնարավորություններից», ամբողջությամբ ոչնչացնել այդ կազմակերպությունները և, երրորդ, իսրայելական ռազմուժը «վերադարձնել Գազայի հատված»։

Ըստ Ջոնաթան Շաքթերի, յուրաքանչյուր տարբերակի դեպքում կպահանջվի զորքեր մտցնել Գազա և «շատ ավելի նշանակալի քայլեր կատարել, քան նախկինում էր արվում»։

Ջան Քասապօղլուի խոսքով, Գազայում նման գործողությունների համար կպահանջվեն «[բանակի] տարբեր ստորաբաժանումներ»․ «Տարբեր ստորաբաժանումները հարմար են տարատեսակ ռազմական նպատակների համար՝ տարբեր մարտական խմբեր, տարբեր սպառազինություն, պատերազմի վարման տարբեր եղանակներ, մարտական գործողությունների տարբեր ծրագրեր»։

«Այս ամենը, իհարկե, բարդ է իրականացնել պատանդառված մարդկանց պատճառով»,- ընդգծեց Շաքթերը։

«Եթե Նեթանյահուի կառավարությունը փորձի «ճագարին դուրս դուրս բերել օձի երախից» և ձեռնամուխ լինի պատանդներին փրկելուն, «Համասի» և «Իսլամական ջիհադի» կարողությունները ոչնչացնելուն, ապա ստիպված կլինի իրականացնել մարտական բնույթի որոնողա-փրկարարական գործողություններ` լայնածավալ ցամաքային ներխուժմանը զուգահեռ՝ մի քանի բրիգադների մակարդակով, որոնք անհրաժեշտ են տարածքը պահելու համար: Սակայն ցանկացած նմանօրինակ գործողության քաղաքական հետևանքը մշուշոտ է։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այժմ շատ բարդ իրավիճակում է»,- ասաց Քասապօղլուն։


Ինչպե՞ս պետք է արձագանքի ԱՄՆ-ն

Ջոնաթան Շաքթերը ընդգծեց ԱՄՆ ու եվրոպական մի շարք երկրների կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ «սովորաբար նախկինում էլ էր այդպես», երբ խոսքը «Իսրայելի ինքնապաշտպանության» մասին էր, սակայն հետո միջազգային հանրությունը «կորցնում է ինքնատիրապետումը և սկսում ճնշում գործադրել Իսրայելի նկատմամբ, որպեսզի այն դադարեցնի գործողությունները»։

Մայքլ Դորանը պնդմամբ, ԱՄՆ-ն «պետք է պատասխանատվության ենթարկի Իրանին՝ կատարվածի համար»․ «ԱՄՆ-ի կողմից Իրանի դրամական միջոցների ապասառեցումը Թեհրանին դարձրել է «օրինական զրուցակից» միջազգային հարաբերություններում։ Իրանը պատրաստ է ավելի շատ հաղթանակների, եթե Միացյալ Նահանգները չվերագնահատի իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում։ Այժմ ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ այս իրադարձությունները Իրանի փորձն են՝ պաշտպանել սեփական միջուկային ծրագիրը Իսրայելի հարձակումներից։ Իրանը կձախողվի այն ժամանակ, երբ Իսրայելը կարողանա «Համասին» հեռացնել բանակցությունների սեղանից»։

Ջոնաթան Շաքթերը նույն մտքին էր՝ կարծիք հայտնելով, որ «Իսրայելի ու ԱՄՆ ակնհայտ հաղթանակը և Իրանի ու նրա ենթակաների պարտությունը կարող է փոխել տարածաշրջանի բոլոր դերակատարների ծրագրերն ու վարքագիծը, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի», որն այդ ժամանակ, հավանաբար, «կշտապի մերձենալ Իսրայելին»։

Շաքթերը հավելեց՝ սակայն այսօր տակավին մտահոգիչ է Իսրայելի հյուսիսում «Հեզբոլլահի» լայնածավալ հարձակման հնարավորությունը՝ երկրի հարավում «Համասի» ու «Իսլամական ջիհադի» գործողությունների ֆոնին։

Մայքլ Դորանը կոչ արեց հեռանալ պարզունակ բանաձևից, թե գործ ունենք պաղեստինցիների և իսրայելցիների միջև առկա խնդրի հետ, և պետք է սկսել խաղաղ գործընթաց․ «Այս ամենը միայն շեղում է ուշադրությունն իրական խնդիրներից»։

XS
SM
MD
LG