Մատչելի հղումներ

Իսրայելն ու «Համասը» միմյանց են մեղադրում են հարձակման մեջ։ Բայդենի ու արաբական ղեկավարների՝ Հորդանանում նախատեսված հանդիպումը չեղարկվել է


Israel Palestinians Biden
Israel Palestinians Biden

Հարյուրավոր մարդիկ են զոհվել երեքշաբթի Գազայի «Ահլի Արաբ» հիվանդանոցում տեղ գտած պայթյունի հետևանքով: Պաղեստինի իշխանությունները մեղադրում են Իսրայելին՝ բուժհաստատությանը օդային հարված հասցնելու համար։ Թել Ավիվը արձագանքում է, թե պատասխանատուն «Իսլամական ջիհադ» կազմակերպությունն է, որի սխալ արձակած հրթիռն է խոցել հիվանդանոցը։

Հարձակումը, հիշեցնենք, Թել Ավիվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ժամանելուց ժամեր առաջ է տեղի ունեցել։

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահը ժամանել է Իսրայել՝ նպատակ ունենալով ի ցույց դնել ամերիկյան աջակցությունը հրեական պետությանը, ապահովել Գազայում արգելափակված ամերիկացիների անվտանգ տեղահանումը և հասնել իսրայելական պաշարման ներքո գտնվող պաղեստինցիների վիճակի թեթևացմանը:

«Կարևոր է, որ օգնությունը հնարավորինս շուտ հասնի Գազա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Իսրայելից Բայդենը պետք է մեկներ Հորդանանի մայրաքաղաք՝ Ամման, սակայն Գազայի հիվանդանոցին հասցված հարվածը, չեղարկեց այդ այցը։

Փաստորեն, ԱՄՆ նախագահը չի հանդիպելու տարածաշրջանային երկրների ղեկավարներին ՝ Հորդանանի թագավոր Աբդալլահին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին։ Վերջինս վերադարձել է Ռամալլա, ուր հազարավոր պաղեստինցիներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ հիվանդանոցի դեմ իրականացված հարձակման պատճառով։

«Մեր հորդանանցի եղբայրներն ասացին, որ այս պայմաններում չենք կարող [ԱՄՆ նախագահ Բայդենի հետ] գագաթնաժողով անցկացնել։ Չգիտենք՝ նախագահ Բայդենը մեկնելո՞ւ է Հորդանան, թե՞ ոչ։ Միակ բանը, որն իմաստ կունենար, եթե նրա ջանքերի արդյունքում հրադադար հաստատվեր, և նա ասեր՝ «գալիս եմ ստիպելու, որ հրադադար հաստատվի»,- նշել է ՄԱԿ-ում Պաղեստինի բանագնաց Ռիադ Մանսուրը։


Հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համասի» զինյալները հարձակում գործեցին հրեական պետության նկատմամբ, իսրայելական ռազմուժը հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Ըստ ՄԱԿ-ի, այդ ռմբահարումներից մեկի հետևանքով վեց մարդ է սպանվել՝ կազմակերպության հովանու ներքո գործող դպրոցներից մեկում, ուր ապաստանել էին մոտ 4 հազար պաղեստինցիներ:

Գազայի ավելի քան երկու միլիոն բնակչությունը շարունակում է մնալ շրջափակման մեջ։

«Սա լիակատար պաշարում է․ անջատված են հոսանք ու ջուրը, թույլ չեն տալիս սնունդ մատակարարել։ Այս ամենը չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Այս ամենի ֆոնին՝ Պենտագոնը ավիակիր հարվածային երկու խմբեր է տեղակայել տարածաշրջանում՝ Իսրայելին աջակցություն ցուցաբերելու և տարածաշրջանում այլ դերակատարներին զսպելու համար:

«Սա ահռելի ուժ է, և այն նախագահ Բայդենին արձագանքելու տարբեր հնարավարություններ է տալիս, եթե «Հեզբոլլահը» կամ Իրանին հավատարիմ այլ ուժեր որոշեն գրոհել [տարածաշրջանում գտնվող] ամերիկյան զորամիավորումները կամ Իսրայել պետությունը»,- ասել է Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Ջոնաթան Լորդը։

Թել Ավիվում Բայդենի ու Իսրայելի վարչապետ Նեթանյահուի բանակցությունների հիմնական կետերն են լինելու հարցերը, թե ինչ է ձեռնարկելու իսրայելական ռազմուժը՝ նվազեցնելու խաղաղ պաղեստինցների շրջանում զոհերի քանակը, կամ ինչպես կարելի է մարդասիրական միջանցք ապահովել Գազայում գտնվող պաղեստինցիների համար, և վերջապես՝ քննարկվելու է «Համասի» կողմից պատանդառված մարդկանց ազատ արձակման հարցը։

XS
SM
MD
LG