Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և եվրոպական տերությունները կոչ են անում Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում


Լեռնային Ղարաբաղ, 19 սեպտեմնբերի, 2023թ.
Լեռնային Ղարաբաղ, 19 սեպտեմնբերի, 2023թ.

ԱՄՆ, ԵՄ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և այլ երկրներ հորդորում են Ադրբեջանին դադարեցնել կրակն ու վերսկսել երկխոսությունը: Ըստ վերլուծաբանների՝ Մոսկվան ապացուցել է, որ որպես խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում վստահելի գործընկեր չէ, ու ռուս խաղաղապահները ոչինչ չեն անում իրավիճակի կայունացման համար

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել այդ գործողությունները անհապաղ, սեպտեմբերի 19-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պետքարտուղարության տարածած հատարարության միջոցով: Պետքարտուղարն ընդգծել է՝ այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։ Նա հիշեցնում է՝ «ինչպես նախկինում հստակեցրել էինք Ադրբեջանին, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին»: Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև:

Ավելի վաղ Ռոյթերս գործակալությունը տեղեկացրեց, հենվելով ամերիկացի պաշտոնյաներից ստացված տեղեկության, որ պետքարտուղար Բլինքենը շուտով կներգրավվի դիվանագիտական քննարկումներում: Հիշեցնենք, որ Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի հերթական նստաշրջանը, որին մասնակցելու համար Նյու Յորք են ժամանել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Մոսկվան ապացուցել է, որ որպես խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում վստահելի գործընկեր չէ. տեսակետ
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել նաև ԵՄ-ն, ինչպես նաև առանձին եվրոպական տերություններ, ներառյալ Ֆրանսիան ու Գերմանիան: Եվրամիությունը նույնպես դատապարտել է ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ նշելով. «Անհրաժեշտ է վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը»:

Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը։ «Որևէ պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնալիքի տակ են առնում հազարավոր քաղաքացիական անձանց կյանքը, ովքեր արդեն իսկ տուժել են ամիսներ տևած անօրինական շրջափակման հետևանքով և հակասում է բանակցային կարգավորման հասնելու միջազգային հանրության ջանքերին»,-ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Ֆրանսիան պահանջել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, որն, ըստ նախնական տվյալների, կկայանա սեպտեմբերի 21։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը X հարթակում թողած իր գրառման մեջ շեշտում է՝ Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի [ռազմական] հարձակումները և վերադառնա դիվանագիտական դաշտ՝ խաղաղ լուծում գտնելու համար»։

Իր հերթին, Մոսկվան կոչ է արել խաղաղություն հաստատել տարածաշրջանում և բանակցություններ է վարում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Ռուսաստանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետ, երեքշաբթի օրը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով՝ «Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության մասին»:

Իրավիճակին անդրադարձել են նաև փորձագիտական շրջանակները: Carnegie Europe կենտրոնի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը Associated Press-ին ասել է, որ ռազմական գործողությունը կարող է լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագրի մի մասը, որը պետք է ստիպի էթնիկ հայերին լքել տարածքը և հեռանալ Հայաստան: Իր X հարթակում թողած գրառման մեջ դե Վաալը նշել է. «Սարսափելի օր արևմտյան դիվանագիտության, խաղաղարարների, առաջին հերթին, իհարկե, Ղարաբաղի ժողովրդի համար։ Հիմնական դիտարկումը՝ մտավախութուն ունեմ, որ այն կարող է շատ ավելի վատթարանալ»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին՝ վերլուծաբանը գրում է. «Շուրջ 2000 ռուս խաղաղապահներ են այնտեղ տեղակլայված, բայց մինչ այժմ նրանք ոչինչ չեն անում։ Միևնույն ժամանակ ռուս պաշտոնյաներն ու մեկնաբանները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա արևմտամետ շրջադարձը», գրել է դե Վաալը՝ հավելելով, որ Հայաստանում շատերը հավատացած են, որ Մոսկվան թույլ է տալիս, որ դա տեղի ունենա՝ Հայաստանում վարչակազմի փոփոխություն իրականացնելու համար»:

Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համնախագահ Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ ռուսական կողմն ապացուցել է, որ տարածաշրջանում որպես խաղաղապահ վստահելի գործընկեր չէ: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Մոսկվան ամբողջապես կլանված է այլ հարցով, իսկ նրա անգործությունը Լեռնային Ղարաբաղում որպես խաղաղապահ նորություն չէ կողմերի համար:

«Նրանց խաղաղապահները քիչ բան են արել խաղաղությունը պահպանելու համար: Իրականում, տարածաշրջանում խաղաղապահների կարիք կա, և նրանք պետք է կատարեն իրենց աշխատանքը, որպեսզի համաձայնագրի դրույթները իրականացվեն և խաղաղությունը պահպանվի»,- ասել է Ուորլիքը:

Մինսկի խմբի նախկին համանախագահի խոսքերով՝ Միացյալ Նահանգները պետք է առաջատար դեր ստանձնեն Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հարցում: Նա բացառեց խնդրի ռազմական կարգավորումը՝ ընդգծելով՝ «մնացած հարցերը կարող են իրենց լուծումը գտնել խաղաղ ճանապարհով»։ Ըստ նրա՝ ԱՄՆ ջանքեր է գործադրչում ոչ միայն հանրային դաշտում, այլ նաև կուլիսների հետևում՝ ձգտելով կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG