Մատչելի հղումներ

Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել սոցցանցերում Կրեմլի քարոզչության վերաբերյալ. «ծածկույթն ու ազդեցությունն աճել են»


Ռուսաստան - Բողոքի ակցիա ինտերնետ գրաքննության դեմ, 12 մարտի 2013թ

Եվրահանձնաժողովի՝ օրերս հրապարակած զեկույցն անդրադարձել է, թե համաշխարհային խոշոր սոցցանցերը որքանով են համապատասխանում «Թվային ծառայությունների մասին» եվրոպական նոր օրենքի (DSA) պահանջներին՝ ռուսական ապատեղեկատվական արշավների դեմ պայքարի առումով։

Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից ի վեր՝ Ռուսաստանի պետական և Կրեմլին հարող հեռուստաալիքներն ու պարբերականները հայտնվեցին արգելքների ներքո ու ստիպված էին հեռանալ եվրոպական երկրների մեծ մասի տեղեկատվական դաշտերից։ Նման իրավիճակում Մոսկվան իր ապատեղեկատվական արշավների ծանրության կենտրոնը տեղափոխեց սոցիալական ցանցեր։

Ռուսական պետական քարոզչությունից պաշտպանվելու համար՝ Եվրոպան մշակեց նոր քաղաքականություն և օրենքներ, որոնցից մեկը Եվրախորհրդարանի կողմից վերջերս ընդունված «Թվային ծառայությունների մասին օրենքն» է (Digital Services Act - DSA)` «իրավական գործիք՝ ժողովրդավարության և եվրոպական երկրների քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ Ռուսաստանի հովանավորությունը վայելող հարձակումները ճնշելու համար»։

Այնուհետև, Եվրահանձնաժողովը հրապարակեց մի զեկույց, ուր եզրակացվում է, որ «Կրեմլի շարունակվող ապատեղեկատվական արշավը սոցիալական ցանցերում՝ Ռուսաստանի ռազմական օրակարգի անբաժանելի մասն է», ինչը «Մոսկվային թույլ է տալիս տեղեկատվական պատերազմ վարել Ուկրաինայի սահմաններից դուրս»։

Ուսումնասիրությունն արձանագրում է, որ համաշխարհային սոցիալական ցանցերի մեծ մասի մատչելիությունն ու չկարգավորված բնույթը «Կրեմլին հնարավորություն է տվել՝ Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական պատերազմի միայն առաջին տարում իրականացնել լայնածավալ ապատեղեկատվական արշավ՝ ուղղված Եվրամիության և նրա դաշնակիցների դեմ՝ հասանելի դառնալով առնվազն 165 միլիոն մարդու համար և ապահովելով 16 միլիարդ դիտում»։

Զեկույցը պարունակում է կոնկրետ տվյալներ, որոնք հաստատում են, որ «Կրեմլի աջակցոսւթյունը վայելող օգտահաշիվների ծածկույթը և ազդեցությունը է՛լ ավելի է ընդլայնվել 2023 թվականի առաջին կիսամյակում»։

Մասնավորապես, դա տեղի է ունեցել ««Twitter»-ի («X») անվտանգության չափանիշների չեղարկման հետևանքով»։

Բացի այդ, «կրեմլամետ օգտահաշիվները շարունակում են հասանելի լինել հսկայական լսարանի համար «Meta»-ի հարթակներում»։

Ի հավելումն, ««Telegram»-ում Կրեմլի աջակցությունը վայելող օգտահաշիվների լսարանն ընդլայնվել է ավելի քան երեք անգամ, «TikTok»-ում՝ ավելի քան երկու անգամ, իսկ «YouTube»-ում՝ գրեթե 90%-ով»։

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ֆիլիպ Սեյբը (Philip Seib, Professor Emeritus of Journalism and Public Diplomacy, USC)՝ «Տեղեկատվությունը պատերազմի ժամանակ. լրագրություն, ապատեղեկատվություն և ժամանակակից ռազմական հակամարտություն» («Information at War: Journalism, Disinformation, and Modern Warfare») գրքի հեղինակը, գտնում է, որ «իրոք, ժամանակն է, երբ առցանց հարթակները, ինչպիսին «Twitter»-ն է, պետք է սահմանափակումներ մտցնեն ապատեղեկատվության տարածման դեմ», հատկապես այն օգտահաշիվների նկատմամբ, որոնք կապված են զինված ագրեսիա իրականացնող երկրի հետ։

Սակայն, նրա կարծիքով, «աշխարհում բազմաթիվ են տարածաշրջանային միջին և փոքր սոցցանցերը», որոնց վերահսկելը «շատ ավելի դժվար է»։

Եվրահանձնաժողովի եզրակացությունները մտահոգիչ են

Հետազոտության առարկա է հանդիսացել «Facebook»-ի, «Instagram»-ի, «Twitter»-ի, «YouTube»-ի, «TikTok»-ի և «Telegram»-ի ավելի քան 2 200 օգտահաշիվների հրապարակած բովանդակությունը։

Ստորև՝ ուսումնասիրության հիմնական արդյունքներն են։

Կրեմլի աջակցությունը վայելող օգտահաշիվները շարունակում են տարածել ապատեղեկատվություն պատերազմի մասին և հատուկ բովանդակություն՝ ներկայացնելու ուկրաինացիներին որպես անմարդկային կերպարների, կամ նրանց նկատմամբ սերմանելու ատելություն։ Ուկրաինացիների հասցեին վիրավորական գրառումների հետազոտությունը պարզել է, որ հարթակները հազվադեպ են դրանք ուշադրության արժանացնում։ Օրինակ՝ «խոխոլ» բառը հանդիպել է կրեմլամետ օգտահաշիվների 3 100 գրառումներում, և դրանք տակավին հեռացված չեն հարթակներից։ «Twitter»-ում ազատորեն տարածվում է ուկրաինացիներին վարկաբեկող, նրանց որպես անմարդկային կերպարներ ներկայացնող բովանդակություն։ 2022 թվականի մարտից ի վեր անգլալեզու թվիթերյան 210 հազար գրառումներ պարունակում են «ուկրանացիստներ» եզրույթը։

Ըստ զեկույցի, ռուսական ապատեղեկատվական արշավի նպատակը բռնության լեգիտիմացումն է ու քարոզը, ինչպես նաև թուլացնել Եվրամիության պետական ինստիտուտները։ Կրեմլյան քարոզչությունը լի է ատելությամբ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, կանանց, ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ կրեմլամետ օգտահաշիվների բովանդակությունն ինքնին անօրինական չէ, այն ատելություն ու բռնություն է քարոզում սոցհարթակների թիրախային լսարաններում՝ ստեղծելով հանրային ապակայունացման վտանգ։

Նման ապատեղեկատվական արշավների թիրախը Եվրամիության քաղաքացիներն են, որպեսզի նրանց համար բարդ լինի ազատ խոսք լսելը և ստուգված տեղեկատվություն ստանալը։ Ռուսաստանի պետական քարոզչամեքենայի անթաքույց նպատակն է «տեղեկատվական պատերազմ վարել ողջ արևմտյան աշխարհի դեմ», ինչպես նաև «նվաճել» և «դաստիարակել» լսարանը՝ «կրիտիկական պահերին» այդ լսարանին հասանելիություն ունենալու համար։

Կրեմլի քարոզչության առցանց սփռման ծավալները նշանակալի են։ Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր կրեմլամետ ցանցերի ծածկույթը ավելի քան կրկնապատկվել է։ Ընդհանուր առմամբ, Կրեմլի աջակցությունը վայելող օգտահաշիվները, որոնք պարբերաբար ապատեղեկատվություն կամ քարոզչություն են տարածում, առցանց հարթակներում ունեն առնվազն 220 միլիոնանոց լսարան։ Չնայած կառավարությունների և հարթակների կողմից կիրառվող տարբեր սահմանափակող միջոցներին, այդ օգտահաշիվների լսարանն աճել է 31%-ով՝ նախապատերազմյան ժամանակաշրջանի համեմատ։

Ըստ զեկույցի, ապատեղեկատվության տարածումը սահմանափակելու համար՝ առցանց հարթակները, փաստորեն, հաշվի չեն առել սոցհարթակներում Կրեմլի կողմից կիրառվող ողջ գործիքակազմը։ Սոցհարթակները շատ քիչ փոփոխություններ են իրականացրել՝ ռուսաստանյան ապատեղեկատվության դեմ պայքարելու համար՝ հազվադեպ ստուգելով բովանդակությունը և հեռացնելով ակնհայտ հակաօրինական բովանդակության 50%-ը, հատկապես՝ կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների լեզուներով տարբերակներում։ Հարթակները նաև անտեսել են Կրեմլի՝ միջհարթակային համակարգված արշավները։

Զեկույցի հեղինակների կարծիքով, նման իրավիճակը հարցեր է առաջացնում, թե որքանով է Եվրամիությունն ունակ դիմակայել Ռուսաստանի տեղեկատվական արշավները, և ի՞նչ ազդեցություն կունենան այդ արշավները 2024 թվականի հունիսին կայանալիք եվրոպական ընտրությունների վրա։

Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող Նատալի Ֆոգելը (Nathalie Vogel, Research Fellow, Institute of World Politics), որը երկար տարիներ աշխատել է Եվրոպայում՝ տեղեկատվական անվտանգության բնագավառում, նշում է, թե «ագրեսիվ առցանց ակտիվիզմը քաղաքական ազդեցություն տարածելու գործողությունների արդյունք է»։ Նրա խոսքով, Եվրամիությունը պետք է զգուշությամբ և ուշադրությամբ վերաբերվի զեկույցի եզրակացություններին։

«Կրեմլի տեղեկատվական պատերազմը կա՛մ նպաստում է հանրային շարժումների ստեղծմանը, կա՛մ ակտիվացնում է գոյություն ունեցող շարժումները՝ ներթափանցելով դրանց մեջ։ Այն, ինչ մենք այժմ նկատում ենք համացանցում Ուկրաինայի վերաբերյալ, պացիֆիստական հին ցանցերի վերստին ակտիվացման, ծայրահեղ ձախ և ծայրահեղ աջ քաղաքական շրջանակներ ներթափանցելու արդյունք է։ Ընդ որում, Կրեմլը շահագործում է, այսպես կոչված, «հոգնածությունը Ուկրաինայում պատերազմից» և տնտեսական խնդիրները։ Անշուշտ, այս ամենը հատկապես վտանգավոր է քաղաքական ակտիվության շրջանում»,- ընդգծում է նա։

Կրեմլի նոր՝ «լավ մոռացված հին» մեթոդները

Ըստ Եվրահանձնաժողովի զեկույցի, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս, Կրեմլի ապատեղեկատվության ռազմավարությունը հետապնդում է երկու մարտավարական նպատակ՝ թաքցնել պատերազմի մասին ճշմարտությունը և կանխամտածված ստեր տարածել՝ Ուկրաինան «նացիզմից» ազատագրելու, այսպես կոչված, «հատուկ գործողության» մասին։

Ռուսաստանի սահմաններից դուրս Կրեմլի ապատեղեկատվության ռազմավարությունն ունի նույն նպատակները, սակայն ավելի նուրբ մոտեցմամբ։

Իհարկե, Կրեմլը չկարողացավ գրաքննության ենթարկել այլ երկրների ազատ մամուլն ու արգելափակել «Facebook»-ը՝ ճշմարտությունը թաքցնելու համար։

Փոխարենը, Մոսկվան ու նրան սպասարկող անձինք փորձում են «գրավել» լսարանը մանրակրկիտ մշակված քարոզչական բովանդակության միջոցով, և օգտատերերին ուղղորդել չկարգավորվող առցանց տարածքներ, ուր հնարավոր է հարձակումներ գործել ժողովրդավարական նորմերի վրա, իսկ ատելությունն ու սուտը կարող են անպատիժ կերպով տարածվել։

Նատալի Ֆոգելը հիշեցնում է՝ այս ամենը «Կրեմլի հին մեթոդներն են, բայց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ»։

«Ռուսական քարոզչական մեթոդները չափազանց արդյունավետ են, քանի որ դրանք փորձարկվել, ճշգրտվել և ձևավորվել են ավելի քան հարյուր տարվա ընթացքում։ Ռուսական տեղեկատվական պատերազմը հիմնված է մեր՝ ժողովրդավարական հասարակությունները երկարատև դիտարկելու, որոշումներ կայացնող շրջանակներ մանրակրկիտ ներթափանցելու և բաց հասարակությունների խոցելիությունը հստակորեն հասկանալու վրա»։

Անշուշտ, Կրեմլը փորձել է շահագործել օտարերկրյա հաղորդակցական համակարգերը և խոսքի ազատությունը «Google»-ի և «Facebook»-ի ի հայտ գալուց շատ ավելի վաղ։

1950-ականներից ԽՍՀՄ անվտանգության մարմիններում՝ ՊԱԿ-ում գործում էր հատուկ բաժին, որը զբաղվում էր արտասահմանում ապատեղեկատվության, այդ թվում՝ հակահրեական և ռասիստական պատումների տարածմամբ, որոնք կոչված էին խորացնելու տվյալ երկրում առկա սոցիալ-քաղաքական տարաձայնությունները։

Այսպես կոչված, տեղեկատվական պատերազմի դոկտրինը սկիզբ է առել խորհրդային ժամանակներից և հիմնված է «ռեֆլեքսիվ վերահսկողության» վրա։

Գաղափարն այն է, որ «հակառակորդները մտահոգվեն ինչ-որ խնդրով՝ չնկատելով աղբյուրի ներկայացրած պատումի մանիպուլյատիվ բնույթը, և որ Կրեմլի նպատակները մնան անհասկանալի»։

Այսօր նպատակը հասարակության ուշադրությունը շեղելն է՝ Ուկրաինայից դեպի արևմտյան երկրների ներքին խնդիրներ։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կրեմլը իր առցանց տեղեկատվական պատերազմում։

Ապատեղեկատվության «հովհարային» տարածում

«Կրեմլամետ օգտահաշիվների, ներառյալ՝ կեղծ օգտահաշիվների ծածկույթը, 2023 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում աճել է, ընդ որում՝ առցանց հարթակներում դրանց միջին ներգրավվածությունն ավելացել է 22 տոկոսով»,- ասված է զեկույցում։

«Այս աճը մեծապես պայմանավորված էր «Twitter»-ի («X») գործողություններով, որտեղ ներգրավվածությունն ավելացել է 36%-ով, այն բանից հետո, երբ գործադիր տնօրեն Իլոն Մասկը որոշեց չեղարկել սահմանափակող միջոցները՝ պնդելով, թե «բոլոր նորություններն ինչ-որ չափով քարոզչություն են»։

Միևնույն ժամանակ, Կրեմլը կարողացավ ավելի կարգավորվող հարթակներում օգտագործել բովանդակության մոդեռացիայի տարբեր մակարդակներ՝ լսարանին ուղղորդելով սակավ կարգավորվող միջավայր և «անպատիժ կերպով համակարգել տեղեկատվական գործողություններն տարածաշրջանային նշանակության տարբեր հարթակներում»։

«Կեղծ օգտահաշիվներից բացի, Կրեմլի քարոզչամեքենան հաջողությամբ ստեղծել է քաղաքական ակտիվիստների ցանց, որոնք աշխատում են բոլոր սոցիալական հարթակներում։ Նրանք ստեղծում են առցանց ակտիվիզմի աջակիցների ամուր բազա։ Կրեմլը խաղարկում է ժողովրդագրական խաղաքարտը։ Օրինակ, գլոբալ հարավի երկրներում (Լատինական Ամերիկա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Հնդկաստան, Չինաստան) մարդկանց սրտերն ու մտքերը նվաճելու կրեմլյան արշավը բավականին հաջող էր։ Պատճառն այն է, որ մենք խրված ենք մեր եվրակենտրոն մոտեցումների մեջ և ուշադրությունից բաց ենք թողել այդ զարգացումը»,- ասում է Նատալի Ֆոգելը։

«Ձախողման եզրին» հայտնված սադրանք

Սովորաբար, «կրեմլամետ օգտահաշիվները հրապարակում են այնպիսի բովանդակություն, որն ունի սադրիչ բնույթ, բայց չի անցնում օրինականության շեմը»։

Օրինակ, 2022 թվականի ապրիլին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Telegram»-ում Ռուսաստանի թշնամիներին անվանեց «սրիկաներ և տականքներ»՝ հավելելով, թե կանի «ամեն ինչ, որպեսզի նրանք անհետանան»։

Թեև շատերի կարծիքով, Մեդվեդևի սպառնալիքը ուղղված էր ուկրաինացի ժողովրդին, բայց «Ռուսաստանի թշնամիներ» եզրույթը զուրկ է հստակությունից։ Արդյունքում, Եվրամիության անդամ պետությունների մեծ մասում գրառումը չի որակվել որպես անօրինական բովանդակություն ունեցող։

«Բողոքող տրոլներ»

Կրեմլը նաև ակտիվացրել է Ուկրաինայի լրատվական գործակալությունների դեմ «բողոքողների» խումբը։ 2022 թվականի վերջին «Ուկրաինսկայա պրավդան»՝ Ուկրաինայի խոշորագույն անկախ լրատվամիջոցը հարցում անցկացրեց ուկրաինական լրատվամիջոցների շրջանում, որոնք ներկա են «Facebook»-ում։

Տեղական 57 անկախ լրատվամիջոցների 37%-ը հայտնել է սեփական ծածկույթի զգալի կրճատման մասին։ Նրանց ֆեյսբուքյան էջերին տրվել է «կարմիր» կամ «նարնջագույն» կարգավիճակ՝ բովանդակության վերաբերյալ «Meta»-ի քաղաքականության ենթադրյալ խախտումների համար։

Ի հավելումն, այդ լրատվամիջոցները զրկվել են դրամայնացման՝ «Meta»-ի գործիքներից օգտվելու հնարավորությունից։

Ուկրաինական լրատվամիջոցները, սակայն, Կրեմլի արշավների միակ թիրախը չեն։

«Բուլղարիայում ուկրաինամետ տեսակետներ արտահայտող ազդեցիկ հասարակական գործիչների ֆեյսբուքյան օգտահաշիվները նույնպես ենթարկվել են անբացատրելի արգելափակման, հավանաբար՝ 2022 թվականին այդ օգտահաշիվների վերաբերյալ զանգվածային բողոք-հաղորդագրությունների պատճառով»,- ասված է զեկույցում։

Անձանց և խմբերի հետապնդում

«Киберфронт Z» անվամբ կազմակերպությունը, որը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության զեկույցում նշված է որպես «տրոլների ռուսական գործարան», 2022 թվականի մարտին հիմնադրվելուց ի վեր՝ Ուկրաինայի դեմ իրականացվող ռուսաստանյան տեղեկատվական արշավների համակարգող խմբերից է։

Վճարվող և կամավոր աշխատանք տանող տրոլները խմբի կորիզն են։ Նրանք ձգտում են համախմբել «հայրենասեր» ռուսներին և ներգրավել նրանց տրոլինգի գործում։ Արշավների համակարգումը հիմնականում տեղի է ունենում «Telegram»-յան ալիքների ցանցի միջոցով՝ կոչ անով աջակիցներին տեղափոխվել «YouTube», «Instagram», և կիսվել քարոզչական մեմերով, «կողմ, կամ դեմ» քվեարկել որոշակի գրառումներին և «Telegram»-ում հետապնդել հակառակորդներին։

Ալիքներում պարբերաբար տեղադրվում է երկու կատեգորիաների բովանդակություն՝ տարածման ենթակա կրեմլամետ քարոզչություն («մեդիառումբեր») և հետապնդման ենթակա օբյեկտների («դավաճաններ») դեմ նյութեր։

Դոքսինգ

Ըստ հետազոտության, Կրեմլն օգտագործում է նաև, այսպես կոչված, դոքսինգ՝ հրապարակելով մարդկանց անձնական տվյալները և այդ կերպ փորձելով ճնշել հակառակ տեսակետները։

«Немезида» նախագիծը նմանատիպ արշավներից մեկի անվանումն է, որի նպատակն է հետևել ու բացահայտել ուկրաինացի «նացիստներին» և «նրանց աջակիցներին»։

Օրինակ, օգտագործելով ավելի քան 50 հազար բաժանորդ ունեցող «Telegram»-յան ալիք՝ կրեմլամետ ակտիվիստները հրապարակել են Ուկրաինայի համար մարտնչող հարյուրավոր անձանց լուսանկարներ և անձնական տվյալներ (ներառյալ՝ ծննդյան տարեթվերը, հասցեները, հեռախոսահամարները, անձնագրի համարները, սոցիալական ցանցերի հաշիվները և այլն)՝ հարվածի տակ դնելով նրանց անվտանգությունը։

Թեև դոքսինգը հաճախ կիրառվում է «Telegram»-ում և «ВКонтакте»-ում, այն «թիրախավորում է [նաև] խոշոր հարթակների մեծ մասի օգտահաշիվները»։

Վստահություն վայելող կայքերի կլոնավորում

Վստահություն վայելող լրատվամիջոցների «կլոնները» հաճախ օգտագործում են հայտնի մեդիաների համացանցային հասցեներին նմանվող հասցեներ, նրանց դիզայնին նմանվող դիզայն՝ օգտատերերին ապատեղեկատվություն հրամցնելու համար։

««DisinfoLab»-ի (Եվրահանձնաժողովին առընթեր կազմակերպություն՝ ծնթ. խմբ.) համաձայն, նման կլոնավորման են ենթարկվել առնվազն 17 լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Bild», «20 минут», «Ansa», «The Guardian» և «РБК Украина»։ Կլոն-կայքերը Ուկրաինան ներկայացնում էին որպես նացիստների կողմից կառավարվող պետություն և հերքում են Բուչայի կոտորածը»,- ասված է զեկույցում։

Տարածաշրջանային նշանակության կեղծ լուրերի ստեղծում

Բացահայտվել է ֆեյսբուքյան առնվազն 30 օգտահաշիվներից բաղկացած ցանց՝ 1,6 միլիոն բաժանորդից կազմված լսարանով։

Այդ օգտահաշիվները «քողարկված են տեղական լրատվամիջոցների ներքո՝ առաջ մղելով ռուսական պետական լրատվամիջոցների բովանդակությունը և թիրախավորելով Եվրոպայի ու Աֆրիկայի ֆրանսախոս լսարանը»։

«Telegram»-յան յոթ ալիքներից բաղկացած ցանցը՝ «НСДВ» (ռուսերեն հապավումը՝ «На самом деле в...») անվամբ, իբր «հեռարձակում է տեղական լուրեր ուկրաինական քաղաքներից», բայց, միաժամանակ, առաջ է տանում կրեմլյան քարոզչությունը ։

Պետական կառույցների օգտահաշիվների օգտագործում

2022 թվականի մարտից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի ավելի քան 40 դեսպանատներ, հյուպատոսություններ, պատվիրակություններ և առաքելություններ ստեղծել են «Telegram»-յան ալիքներ։ Բացի այդ՝ Ռուսաստանի կառավարության օգտահաշիվների առնվազն երեք քառորդը «իրենց բաժանորդներին ուղղորդել է «Telegram»», ինչը վկայում է համաձայնեցված որոշումների մասին՝ զերծ պահել ռուսաստանյան քարոզչական արշավները այլ հարթակների հնարավոր միջամտությունից։

Զեկույցն անդրադառնում է Ռուսաստանի պետական լրատվամիջոցների, «պետականամետ» լրագրողների և դիվանագիտական օգտահաշիվների կղմից արված 2 100 թվիթերյան գրառումներին, որոնց միջոցով օգտատերերին կոչ է արվել «Odysee» հարթակում հետևել «RT»-ին և «Sputnik»-ին։

Ինչպե՞ս պայքարել Կրեմլի քարոզչության դեմ

Համաձայն «Թվային ծառայությունների մասին օրենքի», Եվրամիությունում գործող բոլոր խոշոր սոցիմեդիաները «պետք է հետևեն «Թվային ծառայությունների մասին օրենքի» կանոններին», որոնք պահանջում են ագրեսիվ մոտեցում ցուցաբերել «բովանդակության վերահսկման, ներառյալ՝ ապատեղեկատվության և ատելության խոսքի նկատմամբ»։ Դրույթը պարտադիր է ամսական առնվազն 45 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող հարթակների համար։

Նատալի Ֆոգելի կարծիքով, անհրաժեշտ են ավելի արմատական գործողություններ։

«Հաջորդ քայլը դեպլատֆորմինգն է (բոյկոտելը կամ տվյալ հարթակից որևէ խմբի կամ անձի հեռացնելը՝ ծնթ. խմբ.)։ Այն, իհարկե, ինքնին չի կանխի ապատեղեկատվությունը, այլ սոսկ կարճ ժամանակով կսահմանափակի դրա տարածումը։ Եթե այդ՝ [ապատեղեկատվական] վեկտորները կապված են քաղաքական կուսակցությունների հետ, ապա մյուս քաղաքական կուսակցությունների դերը նման ապատեղեկատվության դեմ պայքարելն է։ Ընդ որում, պետք է կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց մասին բոլորը խոսում են։ Կառավարությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ արհեստական բանականության հաջորդ սերնդի մշակման համար, որը կօգնի համակարգված կերպով հայտնաբերել զանգվածային ապատեղեկատվությունը և պայքարել դրա դեմ»,- ասում է նա։

Արհեստական բանականության կիրառման գաղափարին համաձայն է Ֆիլիպ Սեյբը՝ հավելելով․ «Ապատեղեկատվության դեմ պայքարը պահանջում է ճշմարտացի և պաշտպանված տեղեկատվության հզոր հոսք՝ անկախ լրատվամիջոցների կողմից, որոնք պարտավոր են դիմակայել մանիպուլյացիաներին և կեղծ լուրերին։ Սակայն այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատի ողջ արևմտյան հասարակությունը»։

Կրեմլի քարոզչության առանցքային դերակատարները

Զեկույցի համաձայն, իրավիճակը «շարունակում է բարդ մնալ, քանի որ Մոսկվան շարունակում է կառավարել սոցիալական մեդիայի օգտահաշիվների ընդարձակ ցանցեր, որոնք սփռում են մոլորեցնող, ապամարդկայնացնող և բռնություն քարոզող բովանդակություն»։

Ըստ հետազոտության հեղինակների, ռուսաստանյան ապատեղեկատվության մեքենան «սերտորեն փոխկապակցված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության և դրա հետախուզական ստորաբաժանման՝ Գլխավոր վարչության հետ»։

Հետազոտողները ներկայացրել են Կրեմլի քարոզչական համակարգը։

Ռուսաստանի պետական լրատվամիջոցները սոցցանցերում ունեն 338 օգտահաշիվներ, որոնցից 168-ը Եվրամիության պատժամիջոցների ներքո են։

Պատժամիջոցների առաջին փաթեթն անդրադարձել է «Sputnik»-ին, «RT/Rrussia Today»-ին (ներառյալ՝ «RT English», «RT UK», «RT Germany», «RT France» և «RT Spanish»)։ Հտագայում ավելացավ յոթ ալիք՝ «Россия РТР», «РТР Планета», «Россия 24» / «Россия 1», «ТВ Центр», «НТВ», «РЕН ТВ» և «Первый канал»։

Սոցցանցերի ևս 518 օգտահաշիվներ պատկանում են ռուսաստանյան պաշտոնական կազմակերպություններին, այդ թվում՝ Ռուսաստանի արտգործնախարարությանը և դեսպանատներին։

Եվս 244 օգտահաշիվներ պատկանում են Ռուսաստանի պետական կառույցներում աշխատող անձանց, ռուսաստանցի քաղաքական գործիչներին և լրագրողներին, որոնք աշխատում են Կրեմլի աջակցությունը վայելող լրատվամիջոցներում։

Այդ օգտահաշիվներից շատերը «դուրս են մնացել գլոբալ հարթակների սահմանափակումներից»։

Օրինակ, «RT»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շարունակում է օգտագործել իր հաշիվը։

Լրատվամիջոցների ևս 330 օգտահաշիվներ «ակտիվորեն մասնակցում են կրեմլամետ հորինվածքների ստեղծմանը, կամ տարածմանը»։

Օրինակ, «DonbassItalia» իտալական լրատվամիջոցը, որը ներկայացված է մի քանի հարթակներում, ներառյալ՝ «YouTube»-ում (@DNRLNR), «Oddysee»-ում (@DNRLNR), «Telegram«»-ում (@donbassitalia) և «Twitter»-ում (@DonbassItalia)։

Այդ կայքի հիմնական նպատակն է տարածել «RT»-ի, «Sputnik»-ի, «Россия 24»-ի, «Первый канал»-ի և ռուսաստանյան այլ լրատվամիջոցների բովանդակությունը, ուղիղ հեռարձակումները՝ կրկնօրինակված կամ իտալերեն ենթագրերով։

Ըստ զեկույցի, չնայած «պատժամիջոցների ներքո հայտնված սուբյեկտների կողմից նման բովանդակության մշտական տարածմանը», այդ օգտահաշիվները «չեն արգելափակվել հարթակներից որևէ մեկում, և ազատ հասանելիություն ունեն Եվրամիությունում»։

Սոցցանցերի 807 օգտահաշիվներ պատկանում են այն անձանց, որոնք, իբր, պարզապես «կիսվում են» կրեմլամետ խոսույթներով (լրագրողներ, բլոգերներ)։

Հատկապես ակտիվ են սոցցանցերի այնպիսի օգտահաշիվներ, որոնց իրական պատկանելիությունը անհայտ է, օրինակ՝ «UKRLeak»-ը։

«UKRLeak»-ը կապված է ուկրաինացի գործարար Վասիլի Պրոխորովի հետ և ստեղծվել է 2019 թվականին՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով կրեմլամետ պատումներ տարածելու համար։

XS
SM
MD
LG