Մատչելի հղումներ

Հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է, ԼՂ տանող միջանցքները տակավին փակ են 


Լեռնային Ղարաբաղ
Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանյան մարդասիրական օգնության առաջին բեռնատարը այս շաբաթ ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Հայաստանյան իշխանությունների, ակտիվիստների, պարզ քաղաքացիներին խոսքով, ադրբեջանական զորքերը շարունակում են փակ պահել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը։ 

Ռուսական մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարն առաջինն էր, որ այս հունիսից ի վեր մուտք գործեց Լեռնային Ղարաբաղ, երբ Ադրբեջանն ամբողջովին արգելափակեց մուտքը դեպի Ստեփանակերտ։ Բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհն ամբողջությամբ բացելու ուղղությամբ։

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող և Լաչինի միջանցքով անցնող ճանապարհը տակավին փակ է։ Շուրջ 120 հազար քաղաքացիներ հայտնվել են աղետալի իրավիճակում, և պարենի պակասը շուտով կարող է բազմաթիվ կյանքեր արժենալ:

«Սնունդը քիչ է, քանի որ միայն տեղական արտադրանք ունենք։ Դեղորայք չունենք: Գազ չունենք։ Օր օրի վիճակը վատանում է»,- Ստեփանակերտից «Ամերիկայի ձայնի» հետ զրուցում ասում է քաղաքական, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը:

Հայերև ասում են, թե Ռուսաստանը չի կատարում 2020 թվականի զինադադարով ստանձնած պարտավորությունները՝ բաց պահել Լաչինի միջանցքը։

Պողոսը, ով շատերի նման չցանկացավ ներկայանալ, ապրում է Լեռնային Ղարաբաղին մոտ գտնվող Հայաստանի Տեղ գյուղում․ «Երբ նրանք՝ [ռուսները] առաջին անգամ եկան այստեղ, ամեն ինչ կարգին էր: Հիմա, կարծես, անցել են Ադրբեջանի կողմը»:

Թեև Ադրբեջանի պաշտոնյաները պնդում են, թե Լաչինի միջանցքը բաց է, տեղում գործող միջազգային կազմակերպությունները հավաստիացնում են՝ այդպես չէ, և ահազանգում են խորացող հումանիտար ճգնաժամի մասին:

Հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է, ԼՂ տանող միջանցքները տակավին փակ են
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշում է՝ իր գլխավորած առաքելության անդամները չեն կարող անցնել Ադրբեջան։

«Ի սկզբանե էլ պարզ էր, որ մեզ թույլատրված է պարեկություն իրականացնել միայն Ադրբեջանին սահմանակից հայաստանյան հատվածներում։ Հայկական կողմում սահմանափակումներ չկան»,- ասում է նա:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատոնին կարծիք հայտնեց, որ բոլոր կողմերը պետք է ելք գտնեն հումանիտար աղետից խուսափելու համար. «Մեր հիմնական կոչն է որոշում կայացնողներին՝ հասնել մարդասիրական կոնսենսուսի, որպեսզի Կարմիր Խաչը կարողանա շարունակել մարդասիրական օգնության ցուցաբերումը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով։ Սա պետք է համաձայնեցվի կողմերի միջև, և ապահովվի իրականացումը»։

Քանի դեռ ճանապարհը փակ է, Նոնա Ղազարյանի ընտանիքի նման բազմաթիվ ընտանիքներ շարունակում են բաժանված մնալ։ Նոնան Երևանում էր, երբ փակվեց Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը։ Նա ամիսներ շարունակ չի տեսել մորն ու եղբայրներին։ Ասում է, որ տառապում է, երբ մտածում է Լեռնային Ղարաբաղում բնակվող իր ընտանիքի մասին. «Արդեն երկու օր է՝ այնտեղ հաց չկա։ Այսօր յուրաքանչյուր մարդ ստացել է 200 գրամ հաց։ Երեխաներն ամեն ինչի կարիք ունեն»։

XS
SM
MD
LG