Մատչելի հղումներ

Վաշինգտոնը մտադիր է ստիպել Անկարային կատարել Կրեմլին վերաբերող սահմանափակումները. «The Wall Street Journal»


Ըստ պարբերականի, ԱՄՆ-ն ցանկանում է քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանին ցուցաբերվող օգնության պատճառով։

Միացյալ Նահանգները մտադիր է քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնելու պատճառով։ Հղում կատարելով անանուն աղբյուրներին՝ այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը։

Պարբերականի զրուցակցի ներկայացմամբ, Վաշինգտոնը մտադիր է ստիպել Անկարային կատարել Կրեմլի նկատմամբ հաստատված սահմանափակումները՝ միևնույն ժամանակ, սակայն, խուսափելով Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումից։

«The Wall Street Journal»-ը մանրամասնում է, թե այս հարցով Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները կապվել են թուրքական իշխանությունների հետ։

Ավելի վաղ՝ Անկարան հայտարարել էր, որ չի պատրաստվում խախտել Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի ագրեսիայի պատճառով։ Այդուհանդերձ, Թուրքիան չի միացել այն սահմանափակումներին, որոնք ընդունվել են Ռուսաստանի նկատմամբ:

Այս ամենի ֆոնին Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են ռուսական կողմին՝ միջազգային ջրերում միջադեպերի անթույլատրելիության մասին՝ հայտնում է «Reuters»-ը։

Հինգշաբթի «X» հարթակում (նախկին «Twitter») հրապարակված Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում կարդում ենք․ «Սև ծովի միջազգային ջրերում տեղի ունեցած միջադեպի պատճառով, որին ներգրավված է եղել բեռնատար նավ, պատշաճ նախազգուշացում է ուղարկվել ռուսական կողմին՝ խուսափել Սև ծովում լարվածությունը սրելուց»:

Կիրակի Ռուսաստանը հայտնել էր, որ իր պարեկային նավը մի քանի նախազգուշական կրակոց է արձակել Պալաուի դրոշով ընթացող «Sukru Okan» նավի ուղղությամբ՝ այն բանից հետո, երբ նավապետը չի արձագանքել բեռը ստուգելու համար կանգ առնելու հրահանգին: Այնուհետև, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես են ռուս զինվորականները ստուգում ուկրաինական նավահանգիստ մեկնող նավը։

Չորեքշաբթի «Reuters»-ը հանդես էր եկել հրապարակմամբ, որ Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավի վրա ռուսական ռազմուժի հարձակումը մոտեցնում են ռազմական գործողությունները ՆԱՏՕ-ի մեկ այլ պետության սահմանին և բարձրացնում խաղադրույքները Անկարայում, որի ձգտում է, որպեսզի Մոսկվան վերստին մաս կազմի «հացահատիկի գործարքին», իսկ իրադրությունը Սև ծովում լինի կառավարելի:

Անցած կիրակի ռուսաստանցի զինվորականները կանգնեցրեցին նավը, ուղղաթիռից իջան տախտակամած։ Միջադեպը տեղի ունեցավ Թուրքիայի հյուսիս-արևմտյան ափից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Ստամբուլից ոչ հեռու, թեև միջազգային ջրերում։ Մոսկվան տեղի ունեցածը անվանեց «զննում»՝ նախքան նավը կհասնի ուկրաինական նավահանագիստ։

«Սևծովյան հացահատիկի գործարքից» Մոսկվայի դուրս գալուց հետո՝ հուլիսի կեսերին, ռուս զինվորականները հայտարարեցին, որ կարող են ռազմական թիրախ համարել Սև ծովով Ուկրաինա մեկնող ցանկացած նավ: Թուրքիան, որն ի սկզբանե ստանձնել էր հացահատիկի գործարքի երաշխավորի դերը, Մոսկվային կոչ արեց պահպանել համաձայնագիրը։

Վերջին շաբաթներին շարունակաբար տեղեկություններ են հայտնվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին, սակայն առ այսօր այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

XS
SM
MD
LG