Մատչելի հղումներ

Անազատության վայրերից մինչև սպանդ. ինչպես է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը լրացնում մարտական կորուստները


Մարդիկ անցնում են բանակի հավաքագրման գովազդային վահանակի կողքով, որի վրա գրված է «Զինվորական ծառայություն զինված ուժերում պայմանագրով», Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, 24 մարտի, 2023 թ.
Մարդիկ անցնում են բանակի հավաքագրման գովազդային վահանակի կողքով, որի վրա գրված է «Զինվորական ծառայություն զինված ուժերում պայմանագրով», Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, 24 մարտի, 2023 թ.

«Վագներ» խմբավորման փոխարեն այլևս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է զբաղված գաղութներից մարդկանց հավաքագրմամբ՝ առաջնագծի համար։

Ղրղզստանում երկու ամսով կալանավորվել է տեղի բնակիչներից մեկը՝ վարձկանության կասկածանքով։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայության, անձը մեղադրվում է «Վագներ» խմբավորման շարքերում Ուկրաինայում պատերազմելու համար։

Ղրղզստանի քաղաքացին ուղիղ պատերազմի դաշտ է տեղափոխվել ռուսաստանյան բանտից, ուր 2021 թվականից էր՝ դատապարտված լինելով տասը տարվա ազատազրկման։ Այս հուլիսի վերջին լրացել էր նրա պայմանագրի ժամկետը «Վագների» հետ, տղամարդը վերադարձել էր հայրենիք, ուր կալանավորել է տեղի Ազգային անվտանգության պետական կոմիտեի կողմից։

Լրատվամիջոցներում բազմաթիվ են հրապարակումները, որ Ռուսաստանում վարձկաններին, այդ թվում՝ կալանավայրերից հավաքագրվածներին, ոչ միայն որևէ վտանգ չի սպառնում, այլևս նրանց պարգևատրվում են պետական պարգևներով, ներվում են նրանց բոլոր մեղքերը, անգամ՝ առանձնակի դաժանությամբ արված սպանությունները:

2023 թվականի փետրվարից Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է սկսել զբաղվել դատապարտյալների հավաքագրմամբ՝ այդ գործը վերցնելով «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինից, ով, իր իսկ խոստովանությամբ, տասը հազար նախկին բանտարկյալների «պառկեցրել է» հենց Բախմուտի տակ։ Իրականում, զոհերի քանակը անհամեմատ մեծ է։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը եռանդով լծվեց բանտարկյալների հավաքագրմանը, քանզի իրավիճակը ռազմաճակատում բարդ էր, ռուսական բանակը հսկայական կորուստներ էր կրում։ Լրատվամիջոցները հրապարակել են ավելի քան 30 հազար ռուսաստանցի զինծառայողների անուն-ազգանուներ, որոնք զոհվել են ուկրաինական ճակատներում, սակայն ռուսական կողմի իրական կորուստները հասկանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել։

Բանտարկյալներին հավքագրելու համար՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներգրավեց Դաշնային քրեակատարողական ծառայությանը, և գործընթացն առաջ շարժվեց արագացված տեմպով։ Թե ինչպես են մարդկանց «հորդորում» մեկնել ռազմաճակատ, կռահել հարկավոր չէ, դրանք հայտնի են լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումներից։ Ռուսաստանյան անազատության վայրերից հանցագործներով լի գնացքները շարժվեցին Ուկրաինա։ Ռուսական բանակի այսօրվա դեմքն է՝ մարդասպաններ, ավազակներ, թմրավաճառներ։

Ողջ մնացածներին պաշտպանության նախարարությունը խոստանում է «լիարժեք ներում»՝ դատվածության չեղարկմամբ։ Թե ում անունից է արվում, անշուշտ, հայտնի է՝ բոլոր հրամանագրերը ստորագրում է Ռուսաստանի նախագահ Պուտինը։

«Ежедневный журнал»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ռիկլինի խոսքով, սպասելի սցենար էր, որ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նման կերպ ձգտելու է լրացնել մարտական կորուստները, և պատճառն այն է, որ Կրեմլը խուսափում է պաշտոնապես հայտարարել նոր զորահավաքի մասին՝ հաշվի առնելով նախորդի տխուր փորձը։

«Անհրաժեշտ է համալրել զինված ուժերը, հակառակ դեպքում չեք կարողանա պահել ուկրաինական ճակատը։ Ինչ էլ ասեն՝ «թնդանոթի միս» է հարկավոր։ Իհարկե, Ռուսաստանի պաշտպանության նախարարության այդ նախաձեռնությունն ավելի օրինական չէ, քան Պրիգոժինի արածն էր։ Շոյգուի գլխավորած գերատեսչությունը պարզապես կրկնօրինակում է, գուցե՝ ավելի վատ է անում այդ գործը: Այն, որ բանտարկյալները պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության, ոչ թե «Վագների» հետ, ընթացակարգն ավելի օրինական չի դարձնում»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Ռիկլինը։

«Ежедневный журнал»-ի գլխավոր խմբագիրը շարունակում է․ «Տեսնենք, թե ինչ կստացվի սրանից և որքանով այն կօգնի Պուտինի բանակին՝ հետ մղել ուկրաինական հարձակումը։ Վստահ չեմ, որ այդ քայլն ի վիճակի է փրկել ռեժիմին պարտությունից: Պրիգոժինը, անկասկած, հանցագործ և հրեշավոր մարդ է, բայց նա որոշակի խարիզմա ունի։ Հիմա դա էլ չկա։ Հանցագործները պարզապես կսկսեն ցրվել իրենց զենքերով, և ոչ մի մարտական կուռ կառույց նրանցից չի ձևավորվի: Կարծում եմ, այս նախաձեռնությունը ձախողման է դատապարտված»:

Ըստ Ալեքսանդր Ռիկլինի, քանի որ Դաշնային քրեակատարողական ծառայությունը ներգրավված է հավաքագրման գործում, կարելի է ենթադրել, որ բանտերի ղեկավարության ձեռքերը ազատ են արձակված և նրանք կարող են ճնշում են գործադրել մարդկանց նկատմամբ որքան ցանկանան՝ եթե չես ուզում միանալ բանակին, կնստես վանդակում, զբոսանքներ չեն լինի, նամակներ չես ստանա, ժամադրություններից կզրկվես։

«Նրանք ունեն ճնշման շատ տարբերակներ: Այս առումով իրավիճակը նույնիսկ ավելի անօրինական է, քան Պրիգոժինի օրոք էր։ Պատճառը՝ իշխանությունների հուսահատությունն է, կորուստները լրացնելու անկարողությունը։ Եվ այդ ամենից ոչ մի լավ բան չի ստացվի»,- ասում է Ռիկլինը:

Լրագրողի համոզմամբ, Դաշնային քրեակատարողական ծառայության հավաքագրածների ճակատագիրը իշխանություններին չի հետաքրքրում․ «Ակնհայտ է, որ նրանք հրաման ունեն՝ որոշակի թվով բանտարկյալներ մատակարարել բանակին։ Իրենց կեղտոտ գործն անելով՝ ձեռքերը լվանում են։ Եվ այս ամենը Կրեմլի՝ Պուտինի օրհնությամբ։ Արդյո՞ք բանտարկյալները կզոհվեն հենց առաջին մարտի ժամանակ, կունենա՞ն զենք-զինամթերք, սնունդ, պաշտոնյաներից որևիցե մեկին հետաքրքիր չէ։ Նրանք պատասխանատու են գլխաքանակ ապահովելու և սպանդի ուղարկելու համար»։

Ըստ լրատվամիջոցների, նախկին բանտարկյալները հաճախ իրենց կամքին հակառակ դառնում են «կամավորներ», այսպես կոչված, Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, և նրանց հետ պայմանագրերը կարճաժամկետից փոխվում են երկարաժամկետի՝ կնքված մի քանի տարով: «CNN»-ի հետ զրույցում «Шторм» ջոկատի շարքերում կռված բանտարկյալը պատմել է, որ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում վիրավորներից շատերին չեն վիրահատում, «բեկորները ցցված էին ոտքերից», և չապաքինված վերքերով մարդկանց նորից ուղարկում են առաջնագիծ։

Ռուսաստանն այլևս բռնել է տոտալիտար, ֆաշիստական պետություն դառնալու ուղին, որը փլուզվող պետության ճանապարհ է, ուր գերիշխում է ուժը, և չկա օրենք՝ կարծում է իրավապաշտպան Լև Պոնոմարևը․ «Նման պետությունն ընդունում է օրենքներ, որոնք նույնիսկ հակասում են երկրի Սահմանադրությանը՝ էլ չեմ խոսում ժողովրդավարության, հումանիզմի և այլնի մասին։ Այստեղից էլ գալիս է պուտինյան բանակի համար հանցագործներ հավաքագրելը։ Պրիգոժինի ապստամբությունը հստակ ցույց տվեց, որ պետություն գրեթե գոյություն չունի։ Ազատազրկման վայրերում մարդկանց ապօրինի հավաքագրումը բանակի կարիքների համար՝ այդ է փաստում»։

Իրավապաշտպանը ընդգծում է՝ հավաքագրումն իրականացվում է բռնի մեթոդներով. «Նախկինում մարդը կարող էր գոնե հրաժարվել, հիմա չի կարող։ Մարդկանց ստիպում են հանցագործություն կատարել և գնալ մահվան: Մարդիկ դառնում են «թնդանոթի միս»։ Դաշնային քրեակատարողական ծառայությունը գաղութների տերն է, ուր դատապարտյալների ձեռքերը ոլորելու բազմաթիվ եղանակներ կան։ Բոլորին կուղարկեն ռազմաճակատ, և այնքան, որքան անհրաժեշտ է։ Իսկ եթե բանտարկյալը հրաժարվի, ոչ միայն ձեռքերը, այլև գլուխը կոլորվեն։ Բռնությունները, այդ թվում՝ խոշտանգումները, արդեն չափազանց տարածված են Ռուսաստանի քրեակատարողական համակարգում»։

Լև Պոնոմարևի գնահատմամբ, տեղի ունեցածը կարող է լուրջ դժգոհություններ առաջ բերել հանրության շրջանում, հատկապես նրանց, ում հարազատներին նման կերպ ուղարկել են հրեշավոր պատերազմի։ Արդյունքը կլինի այն, որ ռուսաստանյան հասարակության մեջ աստիճանաբար կաճի իշխանություններին ցուցաբերվող դիմադրությունը։

XS
SM
MD
LG