Մատչելի հղումներ

Հայաստանյան հեռուստաընկերությունները կառավարությունից պահանջում են դադարեցնել եթերազրկումները


Տեսախցիկով նկարահանում
Տեսախցիկով նկարահանում

Այս շաբաթ միացնելով հեռուստացույցը հայաստանցիներն անակնկալ կերպով սև էկրանի հանդիպեցին․ միանամագամից մի քանի հեռուստաընկերություններ եթերազրկվել էին։ Ճի՛շտ է, ընդամենը մեկ ժամով, բայց իշխանությունները, կարծես, մտադիր չեն հետ կանգնել նման գործելաոճից՝ հայտարարելով, որ թի-վիները պարտք են պետությանը։

Հայաստանյան շուրջ երկու տասնյակ հեռուստաընկերություններ քննադատել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և փաստացի նրա վերահսկողության ներքո գտնվող «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը՝ վեց հեռուստաընկերությունների հուլիսի 17-ին մեկ ժամով եթերազրկելու համար։

Հայաստանում հեռուստա և ռադիոընկերությունները հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսով, որը կառավարող «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» կամ ՀՀՌՑ-ն հայտարարեց, թե «Արմենիա թի-վի», «Ա-թիվի», «Շանթ», «Դար-21», «Ֆրի նյուզ» և «Ֆորտունա» հեռուստաընկերությունների նկատմամբ նման քայլի է գնացել, քանզի չեն վճարում արդեն տևական ժամանակ կուտակված պարտքը։

Մուլտիպլեքսից օգտվելու համար հեռուստա և ռադիոընկերությունները պարտավոր են վճարել ՀՀՌՑ-ին։

Հեռուստաընկերությունները տարակուսած են՝ այո՛, պարտք են, սակայն ՀՀՌՑ որոշեց կտրել նրանց եթերից, երբ «վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր հեռուստաընկերությունները զգալիորեն նվազեցրել են իրենց պարտքերը»։

Ինչո՞ւ են հայաստանյան հեռուստաընկերությունները եթերազրկվել
please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00

Հայտարարությանը միացել են մուլտիպլեքսով հեռարձակվող բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները․ «Ստեղծված իրավիճակում գրեթե անհնար է դառնում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ և ամբողջական լուսաբանումը։ Ակնհայտ է, որ նման խստացումների համար լավագույն ժամանակը չի ընտրված։ Ընտրությունների ընթացքում հեռուստաընկերությունները ձեռք են բերում հավելյալ եկամուտներ, որոնք ուղղվում են ՀՀՌՑ-ին ունեցած պարտքերի մարմանը։ Փաստորեն, արվում է ամեն ինչ՝ ի չիք դարձնելու այդ հնարավորությունը»։

Հիշեցնենք, մայրաքաղաքի ավագանու ընտրությունները սեպտեմբերի 17-ին են։

Հայտարարությունը ստորագրած «Բուն Թի Վիի» գործադիր տնօրեն Գեմաֆին Գասպարյանի խոսքով, նախարարությունն ու ՀՀՌՑ-ն անտրամաբանական են գործում։

«Այն թի-վիները, ովքեր որ կուտակել են ժամանակին շատ ավելի մեծ պարտքեր, հիմա մարում են էդ պարտքերը։ Այսինքն, էդ պրոցեսի մեջ են։ Այսինքն, էնպես չի, որ չեն մարում կամ ավելացնում են պարտքերը, և էս մեթոդով հնարավոր է հարցերը լուծել։ Էս մեթոդը բերելու է էդ թի-վիների մուտքերի կրճատմանը և ոչ թե ավելացմանը։ Հետևաբար, շատ ավելի դժվարությամբ են իրենք իրենց խնդիրները լուծելու»,- ասում է Գասպարյանը։

Որպես լուծում հեռուստաընկերություններն առաջարկում են մինչև տարվա վերջ դադարեցնել անջատումները և Ազգային ժողովի, Կառավարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ու բոլոր հեռուստաընկերությունների մասնակցությամբ մշակել հանրային մուլտիպլեքսի գործունեության արդյունավետ և տրամաբանական հայեցակարգ։

Փաստացի, հեռուստաընկերությունների կողմը բռնեց պետական մեկ այլ մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ ՀՌՀ-ն, կողմ արտահայտվելով խնդիրը կարգավորելու նրանց առաջարկին։ Հայտարարությամբ՝ Տիգրան Հակոբյանի գլխավորած կառույցը, ըստ էության, չի թաքցրել իր դժգոհության պատճատը․ «Նախորդ շաբաթ կարգավորող մարմինը [Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության] նախարարությանը ներկայացրել էր իր բացասական վերաբերմունքը ՀՀՌՑ–ի վերը նշված գործողությունների կապակցությամբ, սակայն անջատումների դեմ ուղղված Հանձնաժողովի փաստարկները, ցավոք, ուշադրության չեն արժանացել»։

Թե իշխանությունները, ավելի ստույգ՝ ՀՀՌՑ-ն ինչո՞ւ ի վերջո որոշեց բուն իմաստով օգտվել լծակից և եթերազրկել հեռուստաընկերություններին, «Ամերկայի Ձայնը» դիմեց կառույցին, սակայն ողջ օրվա ընթացքում չկարողացանք արձագանք ստանալ։ Փոխարենը՝ ՓԲԸ-ն էլ իր հայտարարությունն է տարածել․ «ՀՀՌՑ-ն հեռուստաընկերություններին լրացուցիչ ժամանակ է տրամադրել, կազմվել են պարտքերի մարման ժամանակացույցեր, որպեսզի տվյալ հեռուստաընկերությունները մատուցված ծառայությունների դիմաց պարտավորությունները պետության նկատմամբ կատարեն, սակայն վճարումները հիմնականում չեն իրականացվել»:

Որքա՞ն է կազմում պարտքը, ե՞րբ է այն ձևավորվել, ի վերջո՝ ՀՀՌՑ-ն շարունակելո՞ւ է եթերազրկումները, հստակ չէ, թեև խնդրին ծանոթ մեր անանուն զրուցակիցներն ասում են, որ խոսքը մի քանի տասնյակ միլիոն դրամի մասին է։

Հայտնի է, որ հանրապետական ծածկույթ ունցող հեռուստաընկերությունները ՀՀՌՑ-ին տարեկան վճարում են 72 միլիոն դրամ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ներկայացմամբ, կողմերն, անշուշտ, պետք է կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները, սակայն նման եթերազրկումն ուղղակի ոտնահարում է տեղեկություն ստանալու հանրության իրավունքը։

«Եթե դու էդպես մի շարք հեռուստաընկերությունների եթերը անջատում ես, ստացվում է, որ դու խախտում ես հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Եվ այս առումով, իհարկե, դա կարող էր, կրկնում եմ, լուրջ հետևանքներ ունենալ, եթե մյուս կողմից իրենք՝ հեռուստաընկերությունները չհասկանային, որ այո՛՝ իրենք պարտք են, և այ էդ պարտքը տարիների պատմություն ունի․․․ որևէ լուրջ առաջընթաց․․․ այն որ ինչ-որ մի մասը մարվում էր, դա, իհարկե, լուրջ առաջընթաց չէր, և լուրջ առաջընթաց այդ պարտքի մարման առումով չի արվել»,- նշում է Մելիքյանը։

Մելիքյանի համոզմամբ, ժամանակ է, որպեսզի Հայաստանում հանրային մուլտիպլեքսին մրցակից առաջանա, որպեսզի հեռուստա և ռադիոհեռարձակման ոլորտում առկա մենաշնորհն ավարտվի, ինչը կբերի գների իջեցմանը և որակի բարձրացմանը։

XS
SM
MD
LG