Մատչելի հղումներ

Փորձագետները վստահ են՝ Պրիգոժինի ապստամբությունն ի ցույց դրեց Պուտինի թուլությունը


Ուկրաինական կողմը պնդում է, որ իր զինված ուժերը նախորդ շաբաթվա ընթացքում ազատագրել են 37 քառակուսի կիլոմետր տարածք։ Ըստ վերլուծաբանների, Պրիգոժինի առաջնորդած ապստամբությունը ռուսական ղեկավարության դեմ իր բացասական ազդեցությունն է ունենալու ռուս զինվորների բարոյական վիճակի վրա:

Ռուսաստանը շարունակում է անօդաչուների միջոցով հարվածներ հասցնել Ուկրաինայի արևելյան շրջաններին, ներառյալ` Սումի քաղաքին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի հայտնել է, որ ուկրաինական զորքերը կատաղի մարտեր են մղում ռուսական ուժերի դեմ երկրի արևելքում գտնվող Բախմուտ քաղաքի մերձակայքում և ազատագրել են որոշ տարածքներ:

Շաբաթ օրը Լոնդոնում ելույթ ունենալով «Ditchley» հիմնադրամում` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, որ վարձկանների առաջնորդ Եվգենի Պրիգոժինի զինված ապստամբությունը մարտահրավեր էր ռուսական պետությանն ու նախագահ Վլադիմիր Պուտինին. «Զարմանալի է, որ Պրիգոժինն իր գործողություններից առաջ մեղադրել է Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը` Ուկրաինա ներխուժելու Կրեմլի կեղծ հիմնավորումների համար և [ապաշնորհ եղանակով] պատերազմ վարելու մեջ: Սա վառ ապացույց է, թե ինչպիսի քայքայիչ ազդեցություն ունի Պուտինի պատերազմը իր իսկ երկրի հասարակության և [իր գլխավորած] ռեժիմի համար։ Դեռ ականտես կլինենք Պրիգոժինի խոսքերի ու գործողությունների հետևանքներին»։

Պրիգոժինի ապստամբությունն ի ցույց է դրել Պուտինի թուլությունը, ըստ վերլուծաբանների
please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00

«Վագների» ապստամբությունից հետո առաջին անգամ հրապարակավ խոսել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգում. «Խոսքը հունիսի 23-25-ին Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձի մասին է: Այդ ծրագրերը ձախողվեցին առաջին հերթին այն պատճառով, որ զինված ուժերի անձնակազմը հավատարիմ մնաց իր երդմանը»:

Փորձագետները, սակայն, համակարծիք են ԿՀՎ տնօրենի հետ, թե Պրիգոժինի ապստամբությունը թուլացրել Պուտինին, և ժամանակի ընթացքում անխուսափելիորեն իր բացասական ազդեցությունը կունենա Ուկրաինայում կռվող ռուս զինվորների բարոյական վիճակի վրա:

«Ինչպես ինձ կզգայի, եթե լինեի այն [ռուս] զինվորներից մեկը, որը հետևում էր այս ֆիասկոյին, այս ապստամբությանը, իսկ այնուհետև` Պուտինի արձագանքին, երբ Պուտինը դավաճաններին խնդրում էր միանալ իրեն։ Հիշե՛ք` ինչ նա արեց. գնաց պետական հեռուստատեսություն և աղաչեց այդ տղաներին, այդ ավազակներին, այդ վարձկաններին, այդ դավաճաններին, այդ մարդկանց, ովքեր սպանեցին ռուս զինվորներին, միանալ իրենց: … Կարծում եմ, այս ամենն, իրոք, կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան [եղելությունը]»,- ասում է Մայքլ ՄըքՖոլը՝ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպանը:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում մեկ այլ վերլուծաբան կարծիք հայտնեց` թեև Պրիգոժինի ապստամբությունը մեկ գիշերվա ընթացքում չփոխեց պատերազմի ընթացքը, բայց կարող է ռումբ դառնալ Պուտինի համար:

«Պրիգոժինը ցույց տվեց, որ դա հնարավոր է։ Նա ցույց տվեց, որ դա կարելի է անել։ Նա ցույց տվեց, որ ռուսական պետության դիմադրությունը միջին կարգի այդ ապստամբությանը բավականին թույլ էր, և որ երկրում ու միջազգային մակարդակում Պուտինին ցուցաբերվող աջակցությունը թույլ է»,- ասում է Մայքլ Քիմաժը:

Այս ամենին զուգահեռ երկուշաբթի Հաագայում հիմնվել է Ուկրաինայում ագրեսիայի, ռազմական հանցագործությունների համար պատասխանատուների հետապնդման նոր կենտրոն, որը միայն ընդլայնելու է նույն քաղաքում գործող Միջազգային քրեական դատարանի հնարավորությունները, քանզի այն սահմանափակ լիազորություններ ունի` արձանագրելու ագրեսիայի հանցագործություններին:

XS
SM
MD
LG