Մատչելի հղումներ

«Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Լուկաշենկոյի որոշումը հակասահմանադրական է». Տիխանովսկայա


Ժողովրդավարական ընդդիմության առաջնորդը համոզված է, որ միջուկային զենքի տեղակայումը խախտում է ոչ միայն Բելառուսի միջազգային պարտավորությունները, այլև երկրի hիմնական օրենքը:

Մայիսի 25-ին Ռուսաստանը ևս մեկ քայլ կատարեց Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ուղղությամբ՝ երկու ամիս անց, երբ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հայտարարեց, թե Մոսկվան նման զենք կտեղակայի Բելառուսում։

Նույն օրը բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան դատապարտեց Մինսկի և Մոսկվայի միջև միջուկային զենքի շուրջ համաձայնագիրը։

Եվրամիությունը Տիխանովսկայային ճանաչում է Բելառուսի օրինական առաջնորդ՝ մերժելով գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «հաղթանակը» 2020 թվականի ընտրություններում։

Տիխանովսկայան թվիթերյան իր էջում հրապարակած տեսաուղերձով հայտնել է, որ Ռուսաստանի հետ միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագիրը խախտում է Բելառուսի սահմանադրությունն ու երկրի միջազգային պարտավորությունները.

«Բելառուսում ցանկացած տեսակի միջուկային զենքի տեղակայումը ոչ միայն միջազգային պարտավորությունների խախտում է, ինչպիսիք են՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը և 1994 թվականի Բուդապեշտի հուշագիրը։ Այն նաև միջուկային զենքից ազատ մեր կարգավիճակի խախտում է՝ Սահմանադրության համաձայն … »։

Ալեքսանդր Լուկաշենկոյի հակաիրավական և մանիպուլյատիվ որոշման վերլուծությանն է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի ակնհայտ խախտում է։ Բելառուսը նախկինում պարտավորվել է պահպանել միջուկային զենքից ազատ իր կարգավիճակը՝ ստորագրելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (ՄԶՉՊ)։ Բացի այդ, Բելառուսի 1994 թվականի Սահմանադրությամբ արգելվում է միջուկային զենք տեղակայել երկրում։

2022 թվականին Լուկաշենկոյի վարչակարգը չեղարկեց միջուկային զենքից զերծ կարգավիճակը՝ հանելով այդ դրույթը Բելառուսի մայր օրենքից։ Սակայն ո՛չ բելառուսական ընդդիմությունը, ո՛չ Արևմուտքը երկրի սահմանադրության այդ փոփոխությունը լեգիտիմ չեն ճանաչել։

Ըստ Մոսկվայի և Մինսկի միջև կնքված համաձայնագրի, ռուսական մարտավարական միջուկային զենքը պահվելու է Բելառուսի տարածքում։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը մեղադրել է «հավաքական Արևմուտքին» Ռուսաստանի և Բելառուսի դեմ «չհայտարարված պատերազմ վարելու» մեջ, ասել է, որ «Իսկանդեր-Մ» հրթիռները, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել, փոխանցվել են Բելառուսի զինված ուժերին։ Նա նաև հայտնել է, որ «Սու-25» որոշ գրոհիչներ վերասարքավորվել են, որպեսզի հնարավոր լինի կրել միջուկային զենք՝ հաղորդում է «Reuters»-ը։

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մեկնաբանությունը

Բելառուսը անկախություն ձեռք բերեց 1991 թվականի դեկտեմբերին՝ Բելովեժյան համաձայնագրերի ստորագրումից հետո, որոնք փաստացի լուծարեցին Խորհրդային Միությունը։

1993 թվականի փետրվարին Մինսկը միացավ ՄԶՉՊ-ն՝ համաձայնելով երբեք ձեռք չբերել միջուկային զենք։ Մինչև 1996 թվականի նոյեմբեր Բելառուսը Ռուսաստանին է փոխանցել իր տարածքում տեղակայված միջուկային ողջ սպառազինությունը։

Վաշինգտոնյան «Nuclear Threat Initiative» վերլուծական կենտրոնի տվյալներով, «այդ ժամանակից ի վեր Բելառուսում միջուկային զենք չի տեղակայվել»։

ՄԶՉՊ համաձայն, նման զենք չունեցող պետությունները համաձայնում են երբեք ձեռք չբերել այն։ Այնուամենայնիվ, պայմանագիրը լռում է այլ միջուկային տերության կողմից միջուկային զենքից ազատ երկրի տարածքում միջուկային զենք տեղակայելու մասին։

Պայմանագրի այս «սողանցքը» օգտագործել են այն ստորագրած մի քանի երկրներ՝ Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները և Թուրքիան։ 2005 թվականի դրությամբ այդ երկրներում առկա էին ամերիկյան B61 մարտավարական միջուկային 180 ռումբեր՝ ՆԱՏՕ-ի միջուկային սպառազինության փոխանակման ծրագրի շրջանակներում։

Չմիավորման շարժման անդամները, ինչպես նաև Եվրոպայի որոշ հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչներ պնդում էին, որ ամերիկյան միջուկային զենքի տեղակայումը ՄԶՉՊ-ն ստորագրած երկրներում խախտում է փաստաթղթի առաջին և երկրորդ հոդվածները, որոնցով արգելվում է «միջուկային զենք չունեցող ՄԶՉՊ մասնակից պետություններին ստանալ միջուկային զենքի «փոխանցումը» այն փոխանցող ցանկացած անձից»։

Մոսկվան և Մինսկը պնդում են, որ Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայումը չի խախտում ՄԶՉՊ-ն, քանի որ Կրեմլը բոլորին վստահեցնում է, որ «պահպանելու է դրա նկատմամբ վերահսկողությունը»։

Ռուսաստանը բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին ՄԶՉՊ-ն խախտելու մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2015 թվականի ապրիլի 22-ին հայտարարել էր. «Ամերիկացիները խախտում են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, քանի որ Եվրոպայի հինգ երկրներում նրանք տեղակայել են մարտավարական միջուկային զենք»։

Մայիսի 28-ին Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը միջուկային զենք կտրամադրի ցանկացած երկրի, որը կմիանա 1999 թվականին Ռուսաստանի և Բելառուսի ստեղծած «միութենական պետությանը»՝ նշելով Ղազախստանը որպես հաջորդ հնարավոր գործընկեր։

Սակայն Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաջորդ օրը մերժեց Լուկաշենկոյի առաջարկը. «[Մեզ] հարկավոր չէ [միջուկային զենք], քանի որ միացել ենք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և Միջուկային փորձարկումների արգելման պայմանագրին»։

1994 թվականի Բուդապեշտի հուշագրի մեկնաբանությունը

1994 թվականի դեկտեմբերի 5-ին Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը ստորագրեցին երեք նույնական քաղաքական համաձայնագրեր, ըստ որոնց՝ երեք միջուկային տերությունները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը Կիևին, Մինսկին ու Ալմա Աթային (այդ ժամանակ Ղազախստանի մայրաքաղաքն էր) անվտանգության երաշխիքներ էին տալիս՝ ՄԶՉՊ-ին միանալու և միջուկային զենքից հրաժարվելու դիմաց։

Բելառուսին տրված անվտանգության երաշխիքների հիմնական պայմանը նրա պարտավորությունն էր «իր տարածքից դուրս բերել միջուկային բոլոր զենքերը»։ Ռուսական միջուկային զենքի՝ հայտարարված տեղակայումը Բելառուսում բացահայտորեն խախտում է այդ պարտավորությունը, նույնիսկ եթե այդ զենքը գտնվի Ռուսաստանի վերահսկողության ներքո։

Մայիսի 26-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև մարտավարական միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագիրը հակասում է Բուդապեշտի հուշագրին.

«Որոշումը հակասում է այն պարտավորություններին, որոնք Ռուսաստանը ստանձնել է Բուդապեշտի հուշագրով, համաձայն որի՝ Բելառուսն իր տարածքից դուրս է բերել միջուկային բոլոր զենքերը»։

Բելառուսի սահմանադրությունը միջուկային զենքից զերծ կարգավիճակի մասին

Որպես ինքնիշխան անկախ պետություն՝ Բելառուսն իր առաջին սահմանադրությունն ընդունել է 1994 թվականին։ «Բելառուսի Հանրապետությունը նպատակ ունի իր տարածքը դարձնել միջուկային զենքից ազատ գոտի, իսկ պետությունը՝ չեզոք»,- ասված էր երկրի հիմնական օրենքում։

2022 թվականի փետրվարի 27-ին Լուկաշենկոյի վարչակարգը շինծու հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարեց սահմանադրության մեջ, որն արդեն իսկ մի քանի անգամ փոխվել էր, հանելով միջուկային զենքից ազատ կարգավիճակի մասին կետը։

Եվրամիությունը հայտարարել է, որ այդ հանրաքվեն, որի անցկացման դեմ ընդդիմությանը արգելվել էր քարոզչություն իրականացնել, անցել է «մարդու իրավունքների համատարած խախտումների և Բելառուսի հասարակության բոլոր շերտերի նկատմամբ դաժան բռնաճնշումների ներքո»։

ԱՄՆ-ն նույնպես չի ճանաչել հանրաքվեի արդյունքները՝ համարելով այն շինծու։

XS
SM
MD
LG