Մատչելի հղումներ

Հայաստանյան արդեն երկրորդ ընկերությունն է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ցանկում


Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե երկիրը հավատարիմ է Կրեմլի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։ Տնտեսագետները նախազգուշացնում են՝ պատժամիջոցների ալիքի ընդլայնումը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել հայաստանյան տնտեսության համար։

Հայ-ռուսական առևտրի անգամներով ընարձակվելու ֆոնին՝ հայաստանյան արդեն երկրորդ ընկերությունն է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ներքո։ Մինչ պաշտոնական Երևանը խոստանում է ուշադրության կենտրոնում պահել հարցը՝ տնտեսագետները զգուշացնում են՝ Հայաստանի ուղղությամբ արևմտյան պատժամիջոցների ընդարձակումը լրջագույն խնդիրներ կստեղծի երկրի տնտեսության համար։

Պաշտոնական Երևանը, կարելի է ասել, զուսպ արձագանքեց հայաստանյան հերթական ընկերության նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառմանը՝ վարչապետի մակարդակով հայտարարելով, թե Հայաստանն աշխատում է, որպեսզի չխախտի պատժամիջոցները, բայց մյուս կողմից «գործընկերային լինենք և՛ Ռուսաստանի նկատմամբ, և՛ սանկցիաներ կիրառած մեր գործընկերների նկատամամբ»։

Թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԱՄՆ Առևտրի նախարարության՝ մայիսի երկրորդ կեսին տարածած հաղորդագրությունից օրեր անց, ըստ որի շուրջ յոթ տասնյակ ռուսաստանյան, մեկ ղրղզական և մեկ հայաստանյան ընկերություններ ընդգրկվել են պատժամիջոցների նոր ցանկում։

«Հայաստանը Ռուսաստանի հետ ունի տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ: Բայց Հայաստանի Հանրապետությունը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ, և հետևաբար՝ մենք կգործենք Ռուսաստանի հետ հարաբերություններում ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո»,- ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանն արձագանքում է ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայաստանյան հերթական ընկերության ընդգրկմանը
please wait

No media source currently available

0:00 0:05:46 0:00

Թեև վարչապետը խուսափեց նշել, թե որն է պատճառը, որ հայաստանյան արդեն երկրորդ ընկերությունն է հայտնվում ամերիկյան պատժամիջոցների ներքո՝ արգելված ապրանքներ Ռուսաստան վերաարտահանելու կասկածանքով, սակայն խոստովանեց, որ կան ընկերություններ, որոնք «ռադարի վրա են հայտնվել և նրանց գործունեությունը կուսումնասիրվի»։

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ծովինար Սողոմոնյանը «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում պնդեց՝ Հայաստանը՝ որպես պետություն որևէ ներգրավածություն չունի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմում և հետևում է արևմտյան պատժամիջոցներին։

«Պարբերաբար հետևում ենք սանկցիաների փաթեթներին։ Լավարկում ենք մեր հսկողության մեխանիզմները։ Ես չեմ բացահայտի, թե մենք ինչ ձևով ենք դա իրականացնում, որպեսզի հնարավորություն չտալ նաև տեղեկանալ, կանխատեսել՝ շրջանցման ուղիներ փնտրելու տեսանկյունից, սակայն սանկցիաները մեր ուշադրության տակ են ևս։ Մենք նաև ամերիկյան և եվրոպական գործընկերներին հայտնել ենք, որ բաց ենք, թափանցիկ ենք և համագործակցային ենք այս մասով»,- ասում է ՊԵԿ փոխնախագահ Ծովինար Սողոմոնյանը:

Մինչ հայաստանյան իշխանությունները կրկնում են, որ երկիրը չի խախտում Կրեմլի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները՝ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են՝ մի կողմից ԱՄՆ ու ԵՄ հետ, իսկ մյուս կողմից Ռուսաստանի ուղղությամբ հայաստանյան առևտուրը շարունակում է աճել տպավորիչ թվերով։

Այս տարվա առաջին երեք ամիսներին հայ-ամերիկյան առևտուրն աճել է 2.7 անգամ, Եվրամիության հետ առևտուրը՝ 64.6%-ով, դե իսկ Ռուսաստանի հետ՝ 2.3 անգամ։

Նույն ժամանակահատվածում մանրածախ առևտուրը երկրում աճել է ընդամենը 1.5%-ով։ Այսինքն, նոր՝ մեծածավալ ներկրումների մեծ մասը Հայաստանից դուրս է գալիս։

Այս ամենի ֆոնին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը օրերս հայտնել է «Politico» պարբերականին, որ Ռուսասատանը կարողացել է վերականագնել իր զինված ուժերին անհրաժեշտ արևմտյան միկրոչիպերի և էլեկտրական սարքավորումների ներկրման նախապատերազմյան ծավալները։

Վերադառնանք Հայաստան․ ամերիկյան պատժամիջոցների ներքո հայտնված հայաստանյան երկրորդ ընկերությունը՝ «Մեդիսար» ՍՊԸ-ն հիմնադրվել է ավելի քան քսան տարի առաջ՝ 2001թ․, և իր ներկայացմամբ զբաղված է հայաստանյան ընկերություններին արտերկրից քիմիական նյութեր մատակարարելով։

Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, անցած տարի ընկերությունը երկրի 732-րդ խոշոր հարկատուն էր՝ վճարելով 372.4 միլիոն դրամ կամ մոտ 955 հազար դոլար հարկ։

Ըստ Պետռեգիստրի, «Մեդիսարն» ամբողջովին պատկանում է Հայաստանի քաղաքացի Մանվել Գաբրիելյանին, ով 2010թ․-ին հիմնադրված մեկ այլ՝ «Խիմմաստեր» ՍՊԸ հարյուր տոկոսանոց սեփականտերն է։

«Մեդիսարից» չցանկացան պատասխանել «Ամերիկայի Ձայնի» հարցերին։

Անցած տարվա սեպտեմբերին ամերիկյան պատժամիջոցների ցանկում էր հայտնվել հայաստանյան «Տակո» ՍՊԸ-ն, որը զբաղվում է էլեկտրոնային և հեռահաղորդակցության սարքավորումների ու մասերի մեծածախ առևտրով։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մտահոգիչ է որակում հայաստանյան ընկերությունների ընդգրկվելը ամերիկյան պատժամիջոցների ցանկում` միաժամանակ հավելելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ու գործնականում դժվար է վերահսկել երկիր ներկրված ապրանքների հետագա ուղեգիծը, որոնք դյուրությամբ կարող են հայտնվել ռուսական կամ բելառուսական շուկայում։

«Այո, այդ առումով Հայաստանը բավականին ռիսկային վիճակում է գտնվում և արևմտյան երկրները պարբերաբար ազդակներ էին ուղարկում Հայաստան, որ ձեր միջոցով շրջանցում են սանկցիաները։ Հայաստանի կառավարությունը դա անտեսում էր՝ նշելով, որ այդպիսի բան չկա։ Բայց իրողությունը լրիվ այլ է, և արդեն այս երկու ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները պետք է Հայաստանի իշխանություններին սթափեցնի, որ կարող է այս պատժամիջոցների շրջանակը ըդնլայնվել»,- ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Պարսյանի խոսքով, եթե հայաստանյան իշխանություններն անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, ապա պատժամիջոցների ալիքը կարող է թափ հավաքել՝ հարվածելով երկրի տնտեսությանը։

XS
SM
MD
LG