Մատչելի հղումներ

Աճել են երեխաներին ապօրինաբար աշխատանքի ընդունելու դեպքերը. ԱՄՆ Աշխատանքի նախարարություն


ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը ահազանգում է՝ օրենսդրության խախտմամբ երեխանեերին աշխատանքի ընդունելու դեպքերն աճում են 2015 թվականից ի վեր: Թեև նման դեպքերի թիվը ավելի փոքր է, քան երկու տասնամյակ առաջ էր, սակայն փորձագետներն ասում են՝ մտահոգիչը թվերի աճն է։

Այս ամսվա սկզբին ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը տուգանեց «McDonald's»-ին` Կենտուկիի, Ինդիանայի,, Մերիլենդի և Օհայոյի ռեստորաններում ապօրինաբար 300 երեխաների աշխատանքի ընդունելու համար։ Փոքրիկները կատարում էին անչափահասների համար չափազանց վտանգավոր պարտականություններ:

Օրինակ, Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում 10 տարեկան երկու երեխաներ երբեմն աշխատում էին մինչև առավոտյան ժամը 2-ը: Նրանցից մեկն անգամ աշխատում էր տապակիչ սարքի հետ՝ առանց վարձատրության՝ հաղորդել է Աշխատանքի նախարարությունը:

«Reuters»-ի հետաքննությունն անցած տարի պարզել էր, որ մի խումբ երեխաներ՝ ոմանք դեռ 12 տարեկան, Ալաբամայում աշխատել են «Hyundai» և «Kia» ավտոարտադրողներին մասեր մատակարարող չորս ընկերություններում:

«The New York Times»-ի մի քանի հետաքննությունների համաձայն, մանկական ապօրինի աշխատանք է կիրառվել «Ford», «General Motors», «J. Crew», «Walmart», «Target» և «Whole Foods» ընկերությունների մատակարարման շղթաներում:

2022 ֆինանսական տարում ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը գրանցել է 688 դեպք, երբ երեխաներն աշխատել են իրենց համար վտանգավոր պայմաններում․ ամենաբարձր ցուցանիշը 2011 թվականից ի վեր:

«Ես խոսում եմ այնպիսի բաների մասին, ինչպիսիք են մսի փաթեթավորման գործարաններում աշխատելը, խրամատներ փորելը, սղոցներով կամ պայթուցիկ նյութերի հետ աշխատելը… ։ Աշխատանքի նախարարությունը մսամթերքի փաթեթավորման գործարաններում հայտնաբերել է, որ նրանք 2019 թվականից սկսած աշխատանքի էին ընդունում երեխաների»,- նշում է Ջորջթաունի համալսարանի աշխատակիցների անվտանգության գծով փորձագետ Դեբի Բերկովիցը:

Փորձագետներն ասում են, որ երեխաներին ապօրինաբար աշխատանքի ընդունելու դեպքերի աճը պայմանավորված է նաև ներգաղթով: ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունն արձանագրել է, որ միայն վերջին երկու տարում մոտ 250 հազար միգրանտ երեխաներ առանց մեծահասակների ժամանել են Միացյալ Նահանգներ:

«Երեխաներին աշխատանք է անհրաժեշտ՝ գումար վաստակելու, որը նրանք պետք է ուղարկեն Կենտրոնական Ամերիկա և Մեքսիկա: Նրանք նաև պետք է վճարեն ԱՄՆ հասնելու համար: Պետք է ասեմ, որ ընկերություններն, իրոք, ձախողել են աշխատավայրերում երեխաների անվտանգությունն ապահովելը»,- ասել է Երեխաների աշխատանքի կոալիցիայից Ռիդ Մակին:

Ըստ Ֆերմենրների ասոցիացիայի, 12-ից 17 տարեկան մոտ 400-500 հազար երեխա է աշխատում Միացյալ Նահանգների գյուղատնտեսության ոլորտում: Որոշ նահանգներ թույլ են տալիս 10 տարեկանից բարձր երեխաներին աշխատել ֆերմաներում: Ի հավելումն, ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը հիշեցնում է, որ գյուղատնտեսության ոլորտում չեն գործում նվազագույն աշխատավարձին և արտաժամյա աշխատանքին վերաբերող դաշնային որոշ օրենքներ:

««Արդար աշխատանքային ստանդարտների մասին» օրենքում կան բացառություններ, որոնք թույլ են տալիս երեխաներին, ովքեր ընդամենը 12 տարեկան են, անսահմանափակ ժամանակ աշխատել դաշտերում, քանի դեռ այն չի խանգարում դպրոց հաճախելուն»,- նշում է Մակին:

Մակին և Բերկովիցն հավելում են, որ շատ երեխաներ, ովքեր թողնում են նման աշխատանքը՝ աշխատանքային վատ պայմանների վերաբերյալ լրագրողական հետաքննությունների պատճառով, երբեմն կրկին փորձում են նման աշխատանք գտնել, քանի որ նրանց գումար է անհրաժեշտ:

«Երբ մտածում ենք խոցելի երեխաների մասին, պետք է հարցնենք, թե ինչու են նրանք հարկադրաբար աշխատում՝ իրենց և իրենց ընտանիքները պահելու համար, և ինչ կարող ենք անել՝ վերացնելու աղքատությունը ծնող պատճառները, որոնք մանուկներին ստիպում են աշխատել վտանգավոր պայմաններում»,- նշում է Արկանզասի համալսարանի իրավաբանական դպրոցից Էննի Սմիթը:

Աղքատության մեջ գտնվող երեխաների ազգային կենտրոնի տվյալներով, ԱՄՆ-ում ավելի քան 11 միլիոն երեխա ներկայում ապրում է աղքատության դաշնային շեմից ներքև:

XS
SM
MD
LG