Մատչելի հղումներ

ԱՄՆ հետախուզական տեղեկատվության արտահոսքը կարող է ստվերել G7-ի բանակցությունները


Դեռևս պարզ չէ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի վերջին արտահոսքը: Որոշ վերլուծաբաններ մտավախություն ունեն, որ դա կարող է ստվերել անվտանգության վերաբերյալ բանակցությունները, որոնք բարձրաստիճան դիվանագետները Ճապոնիայում անցկացնում են մի շարք համաշխարհային ճգնաժամերի վերաբերյալ

Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի աշխատակից Ջեք Թեյքսերան մնում է կալանքի տակ։ Նրան առնվազն երկու մեղադրանք է սպառնում գաղտնի պետական փաստաթղթերի արտահոսքի վերաբերյալ քրեական գործի շրջանակում:

Այն, ինչը հանգեցրել է երիտասարդ աշխատակցի կասկածելի գործողություններին, պետք է մանրակրկիտ հետաքննվի, ասել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը ABC-ի «This Week»-ի եթերում:

«Ես ապշած եմ, որ այդ աստիճանի աշխատակիցը կարող է այդքան մեծ արտոնություն ունենալ փաստաթղթերին մուտք ունենալու հարցում: Հարցն այն է, թե ինչպես է նա ստացել նման արտոնություն և ինչու է դա արել: Եվ սրա պատճառով որոշ մարդկանց պետք է ազատել աշխատանքից»,- պնդում է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:

Գրեհեմը նախազգուշացրել է Բայդենի վարչակազմի քննադատներին՝ չգովաբանել ենթադրյալ արտահոսքն իրականացնողին:

«Այսօր այլ վայրերում ծառայող զինվորականներ կան, որոնց ավելի մեծ վտանգ է սպառնում այս օդային ուժերի ռազմակայանի աշխատակցի գործողության պատճառով: Սա ոչ մի արդարացում չունի։ Կոնգրեսի ցանկացած անդամ շատ անպատասխանատու կվարվի, եթե պնդի, որ նորմալ է գաղտնի տեղեկատվության արտահոսքը: Դրանով Ամերիկան լուրջ վտանգի տակ է դրվում»,- ասում է սենատորը:

Մեծ Յոթնյակը՝ անվտանգության հարցերի կարևոր հարթակ. Ինչպես կազդի փաստաթղթերի արտահոսքը G7-ի հանդիպմանը
please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրը Վիետնամ կատարած կարճատև այցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը համագործակցել է իր դաշնակիցների հետ՝ արտահոսքից հետո:

«Մենք անվտանգության մեր գործընկերությանը հստակորեն ընդգծել ենք հետախուզուկամն տվյալների պահպանման վերաբերյալ մեր հանձնառությունը և հավատարմությունը: Այն, ինչ ես մինչ այժմ լսել եմ, երախտագիտություն է մեր ձեռնարկված քայլերի համար, և դա չի ազդել մեր համագործակցության վրա»,- պնդում է պետքարտուղարը:

Բլինքենն այժմ Ճապոնիայում է, ուր կհանդիպի «Մեծ Յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ:

Որոշ վերլուծաբաններ մտավախություն ունեն, որ ԱՄՆ հետախուզական տեղեկատվության արտահոսքը կարող է ստվերել բանակցությունները: Ակնկալվում է, որ նրանք կկենտրոնանան թեժ թեմաների վրա, ինչպիսիք են Ուկրաինայի պատերազմը և Չինաստանի ու Թայվանի միջև լարվածությունը:

«Կարծում եմ, այս անգամ G-7-ը կանգնած է փորձության առջև, թե արդյոք այն կարող է դուրս գալ տնտեսական ֆորում լինելու սահմաններից և դառնալ անվտանգության նոր խորհրդատվական մարմին»,- նշում է Ewha կանացի համալսարանի վերլուծաբան Փարկ Վոն Գոնը:

Եռօրյա բանակցությունները, որոնք սկսվել են աշխատանքային ընթրիքով, տեղի են ունենում հաջորդ ամիս Հիրոսիմայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովից առաջ:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Վերոնիկա Բալդերաս Իգլեսիասի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG