Մատչելի հղումներ

Ո՞րն էր Նեշվիլի տարրական դպրոցում տեղի ունեցած հանցագործության դրդապատճառը


Փորձագետներն ուսումնասիրում են տարրական դպրոցում տեղի ունեցած հերթական հրաձգության պատճառները.

Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում գտնվող Covenant քրիստոնեական մասնավոր դպրոցն ունի մոտ 200 աշակերտ՝ նախադպրոցականից մինչև վեցերորդ դասարան: Երկուշաբթի օրը տեղի ունեցած զանգվածային հրաձգության զոհ են դարձել երեք 9-ամյա ուսանողներ, ինչպես նաև երեք մեծահասակներ, այդ թվում՝ դպրոցի տնօրենը։ 911 ահազանգից մոտ 14 րոպե անց դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Նրանցից երկուսը պատասխան կրակ են բացել դպրոցի երկրորդ հարկում՝ սպանելով հարձակվողին։

«Մենք պարզել ենք, որ կրակողը Նեշվիլից 28-ամյա մի կին է, Օդրի Հեյլին անվանումով... Մենք կապնվեցինք նրա հոր հետ, ով ապրում էր այս տանը և լրացուցիչ տեղեկություններ ենք հավաքում։ Պարզվել է, որ նրա մոտ առկա էին դպրոցի գծված քարտեզները, որտեղ մանրամասն ներկայացված են անվտանգության տեսախցիկներն ու մուտքի կետերը»,- նշել է քաղաքի ոստիկանապետ Ջոն Դրեյքը:

Նեշվիլի տարրական դպրոցում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունն առաջին դեպքն է, երբ միայնակ կին հրաձիգը նման մեծության հանցագործություն է կատարել ուսումնական հաստատությունում։ Հարձակվողը զինված է եղել երկու հրացանով և ատրճանակով։

Ըստ NBC-ի, Օդրի Հեյլին 2005-2006 թվականներին հաճախել է Covenant High School-ի երրորդ և չորրորդ դասարանները: Հանցագործության դրդապատճառը դեռևս հայտնի չէ, սակայն հարձակվողը, ըստ տեղեկությունների, պատրաստվում էր ինքնասպան լինել:

Համաձայն « The violence project»-ի նախագծի՝ դպրոցում զանգվածային հրաձիգների 73%-ն ունեցել է մանկական տրավմայի պատմություն, իսկ 92%-ը ինքնասպան է եղել հարձակումներից անմիջապես հետո: CNN-ը հայտնում է, որ հանցագործությունից առաջ Օդրին գրել էր բասկետբոլի թիմի նախկին ընկերոջը, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել:

«Մենք պետք է այս դեպքերը սկսենք դիտարկել որպես վարակ։ Նրանցից շատերը ինքնասպան են լինում, սակայն հաճախ ինքնասպանության փաստը չի հիշատակվում, քանի որ, առաջին հերթին, խոսվում է կատարված ջարդերի մասին։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ զանգվածային հրաձիգների համար պարգևն այն է, որ նրանք հավերժ կհիշվեն, բայց մենք սովորաբար նրանց մասին չենք խոսում, այլ փոխարենը բարձրացնում ենք հոգեկան առողջության և տարբեր այլ տեսակի ծրագրերի անհրաժեշտության խնդիրները։ Կարծում եմ կրակողների ինքնության մասին մանրամասն լուսաբանումը նույնիսկ անհրաժեշտ էլ չէ», - նշել է Լոս Անջելեսի համալսարանի սոցիալական ապահովության ամբիոնի պրոֆեսոր Ռոն Ավի Աստորը:

ԱՄՆ-ում յուրաքանչյուր նման ողբերգությունից հետո նոր եռանդով բորբոքվում են զենքի վերահսկման և մասնավոր անձանց կողմից զենք ձեռք բերելու գործընթացը բարդացնելու վեճերը։ Սակայն, զենքի սեփականության կողմնակիցները վկայակոչում են ԱՄՆ սահմանադրության 2-րդ կետը:

ԴըՓոլ համալսարանի պատմության պրոֆեսոր Թոմ Մոկաիտիսը բացատրում է. «Զենքի սեփականության կողմնակիցներն չեն կարծում, որ պետք է սահմանափակումներ լինեն ատրճանակի տեսակի, կրակի արագության և այլնի վերաբերյալ: Այս կինը կարողացել է գնել AR-15 տիպի հրացաններ: Նա ուներ ինքնաձիգներ և ատրճանակ. դա մեծ ուժ է, և հարցն այն է, թե ինչու է այդ ամենը ձեռք բերելն այդքան հեշտ: Եվ էլ ինչքան նման ողբերգություններ կունենանք... Ես երաշխավորում եմ, որ նրանք կասեն, որ ավելի շատ հոգեբուժական օգնություն է պետք, զինված պահակներ ու ուսուցիչներ են անհրաժեշտ: Սակայն սրանից ոչ մեկը չի լուծի իրական խնդիրը»։

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի Ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG