Մատչելի հղումներ

Ո՞վքեր և ինչու՞ են փախչում Ռուսաստանից. Կամ վերադարձ դեպի ստալինիզմ


Ռուսաստանում մարդկանց յուրաքանչյուր տասից մեկը ցանկանում է մշտական բնակության տեղափոխվել այլ երկրներ: Նման նպատակներ ունեն հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Այս մասին է ասված Լևադա կենտրոնի կողմից անցկացված հարցման եզրակացության մեջ: Ընդ որում, հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդն ունի ծանոթներ, ընկերներ կամ բարեկամներ, ովքեր արտերկրում են ապաստան գտել վերջին տարիների ընթացքում:

Արտագաղթի տրամադրություններին մեծապես խթանել է Ուկրաինական պատերազմը: Տարբեր գնահատականներով՝ անցյալ տարվա փետրվարից երկիրը լքել է 600 հազարից մինեչւ 1,5 միլիոն մարդ։

Լևադա կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ բնակչության մեծամասնության վերաբերմունքը մեկնած համաքաղաքացիների նկատմամբ հիմնականում չեզոք է։ Սակայն դա չի վերաբերում զորահավաքի կապակցությամբ երկիրը լքածներին, ինչպես նաև հանրությանը ծանոթ անձանց: Վերջիններիս կողմից Ռուսաստանից հեռանալու փաստի նկատմամբ բացասական մոտեցում ունի հարցվածների մոտ կեսը:

Սակայն մշակույթի ու արվեստի ներկայացուցիչների մի ամբողջ շերտ արդեն իսկ արտագաղթել է Ռուսաստանից։ Ահա նրանցից ընդամենը մի քանիսը` Ալլա Պուգաչովա և Մաքսիմ Գալկին, Չուլպան Խամատովա, Ռենատա Լիտվինովա, Ալեքսանդր Ֆիլիպենկո, Արթուր Սմոլյանինով, Դմիտրի Նազարով, Անատոլի Բելի, Նիկիտա Պրեսնյակով, Անդրեյ Մակարևիչ, Զեմֆիրա, Վերա Բրեժնևա, Լեոնիդ Ագուտին, Անժելիկա Վարում, Սեմյոն Սլեպակով:

Այս շարքերում են նաեւ ճանաչված լրագրողներ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ և ճանաչում ունեցող այլ անձինք:

Կրեմլի քաղաքականության հետ անհամաձայնության և Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով Ռուսաստանից հեռացան առնվազն յոթ գրոսմայստերներ՝ Ալեքսեյ Սարանին, ով վերջերս դարձավ Եվրոպայի չեմպիոն, Դմիտրի Անդրեյկինը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Ալեքսանդր Պրեդկեն, Կիրիլ Ալեքսեենկոն, Նիկիտա Վիտյուգովը և Ալեքսանդրա Կոստենյուկը:

Պուտինին այսօր անվանում են ծայրամասերի նախագահ: Պատճառը մեծ քաղաքներում նրա նկատմամբ հարգանքի ու վստահության արագ անկումն է:

Ռուսաստանից բարձրագույն կրթությամբ, հմուտ և ստեղծագործ մարդկանց զանգվածային արտագաղթը այսօր իսկապես գերիշխող միտում է դարձել, ասում է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը։ Նրա կարծիքով՝ սա եւս մեկ ապացույց է, որ «Պուտինը ծայրամասի նախագահն է»։

«Կարող եմ մեկ անգամ եւս հաստատել, որ խոշոր քաղաքները, որտեղ կենտրոնացած է երկրի մտավոր, գիտական, մշակութային ներուժը, Վլադիմիր Պուտինին միշտ էլ ավելի քիչ աջակցություն են ցուցաբերել’’, ասում է քաղաքագետը, ում խոսքերով, իշխանություններն արդեն սկսել են թաքցնել արտագաղթի մասին վիճակագրության տվյալները:

‘’Սա հիմնականում ուղեղների արտահոսք է: Հեռանում են գիտնականները, ՏՏ բնագավառի մասնագետները, ինչը շուտով թողնելու է իր բացասական մեծ ազդեցությունը Ռուսաստանի վրա’’, ասում է նա:

Դրան հակառակ, ռուսների արտահոսքը Ռուսաստանից դրական ազդեցություն է թողնում այն երկրների տնտեսությունների վրա, որտեղ նրանք հաստատվում են։ Այսպիսով, նրանց ներդրումների ու աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Ղազախստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 3%-ով: Այս ցուցանիշն է՛լ ավելի բարձր է Վրաստանում։

Հրապարակախոս և հասարակական գործիչ Գրիգորի Ամնուելի կարծիքով, եթե չլինեին որոշ զսպող գործոններ, ապա հեռանալու ալիքն ավելի մեծ կլիներ։ Խնդիրներից մեկն իհարկե արտասահմանյան մուտքի վիզաներ ստանալու հետ կապված խնդիրն է, մյուսը` ֆինանսականը: ‘’Ոչ բոլորն են կարող ֆինանսական առումով իրենց թույլ տալ գոնե կարճ ժամանակով տեղափոխվել արտերկիր։ Հակառակ դեպքում արտագաղթի գործընթացը շատ ավելի արագ կաճեր՛՛, ասում է նա։

Պատերազմից բացի, Ռուսաստանից հեռանալու համար առկա են այլ գործոններ եւս: ‘’Հեռացողները նրանք են, ովքեր գիտակցում են, որ ներկա վարչակարգի օրոք հետագա կյանքը ապարդյուն է ու ոչ խոստումնալից’’, ասում է հրապարակախոսը եւ ավելացնում, որ Ռուսաստանից հեռացած ռուսներն ամաչում են տվյալ երկրում ռուսական բանակի բարբարոսական գործողությունների, Ռուսաստանի իշխանավորների անվերջանալի ստերի համար:

Ռուսաստանից հեռանում են նաեւ նրանք, ովքեր մտածում են իրենց երեխաների ու թոռների մասին, հասկանալով, որ նրանք լավ ապագա չունեն Ռուսաստանում:

Շատերն իրենց ճամպրուկներն են դասավորում ուսումնական ծրագրերին իշխանությունների անխոհեմ միջամտության արդյունքում: Մյուս կողմից էլ ամեն առիթով մարդկանց ազատազրկելու գործընթացն է, երբ մարդը կարող է բանտում հայտնվել միայն քաղաքական անեկդոտ հրապարակելու մեղադրանքով:

Current Time-ի ուսումնասիրության համաձայն՝ 2022 թվականի սկզբից մինչև 2023 թվականի մարտը Պետդուման ընդունել է 709 օրինագիծ, որոնց ճնշող մեծամասնությունն ունի բացահայտ ռեպրեսիվ բնույթ:

Սա արդեն իսկ վերադարձ է դեպի ստալինյան մղձավանջ։

XS
SM
MD
LG