Մատչելի հղումներ

ՀՀ-ՌԴ հարաբերություններն այսօր. ժամանակավոր տարաձայնություններ, թե՞ աշխարհաքաղաքական համակարգային փոփոխություն


Եվրախորհրդարանն իր ընդունած բանաձևում ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին խրախուսում է Երևանին դիվերսիֆիկացնել իր պաշտպանական կարողությունները: Վերլուծաբանները քննարկում են Մոսկվայի հետ ՀՀ-ի այսօրվա անվտանգային հարաբերությունները

Եվրախորհրդարանի այսօր ընդունած «Զեկույց ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին» փաստաթուղթը կոչ է անում Հայաստանին իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ավելի լավ պաշտպանության համար դիտարկել տարածաշրջանային և եվրաատլանտյան գործընկերների հետ գործընկերության խորացում և անվտանգային հնարավոր դաշինքների դիվերսիֆիկացման հնարավորություն՝ հաշվի առնելով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ձախողումը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: ԵՄ-ն իր բանաձևում հիշեցնում է՝ «ՀԱՊԿ-ի պայմանագրի կետերն այդպես էլ չգործարկվեցին ոչ 2020 թվականի պատերազմի ժամանակ և ոչ էլ 2022 թվականի սեպտեմբերին՝ չնայած հայկական կողմի՝ աջակցության խնդրանքով դիմումներին»:

Ըստ Եվրախորհրդարանի ընդունած փաստաթղթի՝ «փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու Ռուսաստանի ենթադրյալ պատրաստակամությունը գոյություն չունի»՝ հաշվի առնելով Մոսկվայի լռությունը Բաքվի շարունակական հարձակումների ժամանակ, ներառյալ ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմումների պայմաններում: Այն ընդգծում է՝ Հայաստանում հանրությունը սկսել է բարաձրաձայնել ՀԱՊԿ-ին անդամակցելու նպատակահարմարության մասին, իսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները «չեն ցանկանում կամ ի վիճակի չեն կանխել Ադրբեջանի հետագա հարձակումները»: Ռուսական խաղաղապահների ներկայության գործոնը գնալով նվազում է, հատկապես «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմի բռնկումից հետո», ասված է փաստաթղթում:

Ռուսաստանը դարձել է անվստահելի գործընկեր Հայաստանի համար, իսկ ՀԱՊԿ-ը՝ անիմաստ. վերլուծաբանի տեսակետ
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00


Բրիտանական «The Guardian»-ը «Ռուսաստանը կորցրել է իր փափուկ ուժը». ինչպես է պատերազմն Ուկրաինայում ապակայունացնում վաղեմի խորհրդային դաշնակիցներին» վերնագրով հոդվածը մեջ է բերում ամերիկահայ վերլուծաբան, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերը, ով գտնում է, որ Մոսկվան «կորցրել է դիվանագիտական նախաձեռնությունը Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցերում»: Ռուսաստանի ուշադրությունը ոչ միայն շեղված է, այլ այն պարզապես կլանված է Ուկրաինա ձախողված ներխուժմամբ, ասում է Կիրակոսյանը:

Վերլուծաբանի խոսքով, Հայաստանը, սակայն, շարունակում է մեծապես կախված մնալ Ռուսաստանից անվտանգության, էներգետիկայի և առևտրի ոլորտներում: Ռուսական ազդեցությանն ուղիղ հակադրումը հավասարազոր է «ինքնասպանության», նկատում է Կիրակոսյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի անկանխատեսելի են դարձել, իսկ Հայաստանի համար Ռուսաստանը վերածվել է շատ ավելի լուրջ մարտահրավերի։

Կիրակոսյանի պնդմամբ՝ «Խնդիրն այն է, որ Ռուսաստանը դարձել է անվստահելի, այսպես կոչված, գործընկեր, իսկ Ռուսաստանի գլխավորությամբ Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունը՝ անիմաստ»:

Իր հերթին Council on Foreign Relations հաստատության ավագ վերլուծաբան Չարլզ Քուփչինն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նկատում է՝ Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ ժամանակ, ռեսուրսներ, քաղաքական կապիտալ տրամադրել Ուկրաինայից բացի այլ խնդիրներով զբաղվելու համար՝ հաշվի առնելով Պուտինի ձախողումները ուկրաիանական ճակատում: Ողջ ներուժը ուղղվում է դեպի Ուկրաինա, և դա նվազեցնում է Ռուսաստանի ընդհանուր ազդեցությունն այլ տարածաշրջաններում, ասում է վերլուծաբանը։

«Հայաստանը Ռուսաստանին դիտարկում էր որպես իր անվտանգության երաշխավոր և աջակից, որը կպաշտպանի իր շահերը, սակայն այսօր Հայաստանը որոշ չափով իրեն անտեսված է զգում Ռուսաստանի կողմից, ուստի, կարծում եմ, Երևանը սկսել է ավելի թերահավատորեն մոտենալ իր անվտանգության երաշխավոր հանդիսանալու Ռուսաստանի կարողությանը»,- պնդում է Քուփչինը:

Կանադական Քարլթոն համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով ինստիտուտի պրոֆեսոր Ջեֆֆ Սահադեոն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ևս համակարրծիք է. Ռուսաստանը վերջին տարիներին կորցրել է վստահությունն ու իր դիրքերը Հարավային Կովկասում, ուր նախկինում հանդիսանում էր հիմնական խաղացող.

«Փաստ է, որ Մոսկվան անարձագանք թողեց Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի շրջանակում օգնության դիմումը՝ չնայած նրան, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր բարեկամն է և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ է անդամակցել հենց Մոսկվայի օգնության ակնկալիքով, որն էլ այդպես էլ չստացավ»,- ասում է նա:

Սահադեոն ևս կարծում է, որ ուկրաինական խնդիրն ամբողջապես կլանում է Ռուսաստանի ուշադրությունը, որը հնարավորություն է ընձեռում ԵՄ-ն ու Արևմուտքին ընդարձակելու իր աքզդեցությունը Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ Մոսկվան չունի կարողություն հակադրվելու արևմտյան տերությունների նախագծերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացում:

Չարլզ Քուփչինի կարծիքով էլ, Հայաստանի ու Ռուսասատնի միջև տարաձայնությունները կրում են ավելի շատ համակարգված, քան ժամանակավոր աշխարհաքաղաքական բնույթ:

«Կարծում եմ՝ մենք ականատես ենք ԱՄՆ և ԵՄ ավելի մեծ ներգրավվածությանը Երևանի հետ, որի օրինակներից է Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության տեղակայումը: Սրանք, կարծում եմ, քայլեր են, որոնք կարող են ազդարարել Հայաստանի արտաքին քաղաքականության ուրվագծի փոփոխության մասին, որը ներառում է դեպի տրանսատլանտյան համայնք կողմնորոշման մեծացում, ավելի սերտ ինտեգրացում Արևմուտքի հետ և ավելի շատ հեռացում Ռուսաստանից»,- պնդում է նա:

Չարլզ Քուփչինը վստահ է՝ ուկրաինական պատերազմն անդառնալի վնաս է հասցրել Ռուսաստանի ազդեցությանն ինչպես գլոբալ, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում, և դեռևս հարց է, թե արդյոք Մոսկվան կկարողանա ապագայում վերադարձնել իր կորսված դիրքերն այստեղ:

XS
SM
MD
LG