Մատչելի հղումներ

«Ադրբեջանը գրավել է հայկական տարածքը սահմանի երկայնքով` սպառնալով Հայաստանի ժողովրդավար իշխանությանը». Freedom House


Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2023 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցի` Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից միակն է, որը ժողովրդավարական արժեքների չափանիշներով «մասամբ ազատ» երկրների ցանկում է: Ըստ զեկույցի, Հայաստանն այդ կառույցում միակ երկիրն է նաև, որն անհրաժեշտության դեպքում չի ստացել ու ստանում ՀԱՊԿ-ի աջակցությունն ու պաշտպանությունը, ինչպես օրինակ եղավ Ղազախստանի ճգնաժամի դեպքում: Հայաստանը, ըստ նույն այդ զեկույցի, այսպես կոչված «ուշադրության կենտրոնում գտնվող» երկրների շարքում էլ է: Այդ ցանկում ևս 10 երկիր կա: Աշխարհագրական առումով ամենամոտը Թուրքիան է, հեռավորը` Բրազիլիան: Զեկույցը հիմնավորում է` այս երկրներն արձանագրել են կարևոր զարգացումներ 2022 թվականին, որոնք ազդել են նրանց ժողովրդավարական հետագծի վրա և արժանի են հատուկ քննության 2023 թվականին: Օրինակ Հայաստանի հարևան Թուրքիան առանձնանում է ոչ այնքան լավ իմաստով. զեկույցը պնդում է` Թուրքիայի իշխանությունը շահարկել է ընտրական օրենքները և խիստ պատիժներ է սահմանել «ապատեղեկատվության» համար, որով նրանք կարողացել են ընդդիմության առաջն առնել նախատեսվածից շուտ՝ 2023 թվականի համընդհանուր ընտրություններից առաջ: Հայաստանը զեկույցում առանձնանում է հարևան մեկ այլ երկրի պատճառով ևս.
«Ադրբեջանական ուժերը շարունակել են գրոհները և օկուպացրել հայկական տարածքը սահմանի երկայնքով, սպառնալով Հայաստանի ժողովրդավար իշխանությանը, մեծացնելով լայնածավալ պատերազմի ռիսկերը»,- նշված է զեկույցում:

Ադրբեջանը ոչ միայն «ոչ ազատ» համարվող 57 երկրների ցանկում է, այլև` այդ երկրներից հատուկ առանձնացված այն 16-ի, որոնք ունեն ամենավատ ընդհանուր միավորները քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների համար։ Այդ ցանկում են նաև Սիրիան, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Տաջիկստանը, Աֆղանստանը, Բելառուսը, Չինաստանը:

Ընդհանրապես Կովկասի երկրները և Կենտրոնական Ասիան հաճախ դիտվում են որպես Մոսկվայի աշխարհաքաղաքական խաղերին հետևող երկրներ, բայց Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը հրաժարվել են ճանաչել Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի բռնակցումը և չեն խախտել ռուսական բանկերի դեմ սահմանված պատժամիջոցները։ Տարածաշրջանում պաշտոնական Կրեմլի՝ամենակայուն դաշնակիցը շարունակում է մնալ Բելառուսը: Բելառուսի նախագահը Ռուսաստանի աջակցության կարիքն ունի իր իշխանությունը պահպանելու հարցում:

Համաշխարհային ազատության ցուցանիշը հետընթաց է ապրում 17-րդ տարին անընդմեջ: Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2023 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցի, այս հետընթացը պատերազմների, հեղաշրջումների ոչ լիբերալ գործող ղեկավարների կողմից դեմոկրատ կառույցների վրա հարձակումների պատճառով է: Զեկույցի ամենաթարմ օրինակներից է ռուսական լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա, որը փորձում է տապալել այդ երկրի դժվարությամբ ձեռք բերված ժողովրդավարական առաջընթացը: Մոսկվայի ագրեսիան հանգեցրեց Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման, վայրագությունների և մարտահրավեր դարձավ ամբողջ աշխարհի համար: Ըստ զեկույցի, Ռուսաստանը «ոչ ազատ» երկրների ցանկում է ժողովրդավար արժեքների, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի տարբեր խախտումների, խոսքի, մամուլի ազատության սահմանափակումների համար:

«100-ից 54 միավոր` Հայաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկում է». Freedom House
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00

Բուրկինա Ֆասոն այս տարվա զեկույցում արձանագրել է ազատության ամենադաժան անկումը, ընդհանուր առմամբ կորցնելով 23 միավոր 100 բալանոց սանդղակից և ստացել «մասամբ ազատ»-ից «ոչ ազատ» կարգավիճակ: Առաջընթաց է ապրել Կոլումբիան: Կոլումբիայի կարգավիճակը բարելավվել է «մասամբ» ազատից մինչև «ազատ»: Հետընթաց է ապրել Պերուն` ազատից դառնալով «մասամբ ազատ»:

Միացյալ Նահանգներն ազատ երկրների ցանկում է: Ըստ զեկույցի, ԱՄՆ-ում 2022 թվականի միջանկյալ ընտրություններն անցան առանց որևէ բռնության, որից ԱՄՆ-ն չկարողացավ խուսափել 2021 թվականին: Զեկույցը հիշատակում է հունվարյան հարձակումը Կապիտոլիումի դեմ: Վերջին միջանկյալ ընտրությունները ԱՄՆ-ում ձևավորեցին պառակտված Կոնգրես, որի արդյունքում Հանրապետական կուսակցությունը հաղթեց Ներկայացուցիչների պալատում, Դեմոկրատական կուսակցությունը պահպանեց վերահսկողությունը Սենատում։ Քաղաքական ճակատում այս համեմատական կայունությունը փոխհատուցվեց
ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ, որը չեղյալ համարեց աբորտի սահմանադրական իրավունքը։

Զեկույցը պնդում է՝ այն երկրների մեծ մասը, որոնք այժմ գնահատվում են որպես «ոչ ազատ», վերջին 50 տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ եղել են նաև մասամբ ազատների խմբի մեջ, բայց 12 երկիր երբեք չի լքել «ոչ ազատ» կատեգորիան: Այդ շարքում են Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը: Ըստ նույն զեկույցի՝ նահանջում է նաև մամուլի ազատության ինդեքսը, անկախ լրագրության ազատությունը կտրուկ նվազել է: Անցած տարի լրատվամիջոցները ճնշումների են ենթարկվել առնվազն 157 երկրներում: Վերջին մեկ տարվա ամենաթարմ օրինակները կարելի է վերցնել պաշտոնական Մոսկվայից: Ազատ խոսքի կողմնակիցներին ու լրատվամիջոցներին օտարերկրյա գործակալներ, ծայրահեղականներ կամ «անցանկալի» համարելուց, ճնշումներից մինչև տեղական, միջազգային մի շարք լրատվամիջոցների արգելափակումների բազմաթիվ դեպքերի պատճառով:

XS
SM
MD
LG