Մատչելի հղումներ

Ռուսաստանի բանկը երկարաձգել է կանխիկացման վերաբերյալ սահմանափակումները


Փորձագետները քննարկում են կարգավորողի որոշման պատճառները

Ռուսաստանի բանկը վեց ամսով երկարաձգել է կանխիկ արտարժույթի դուրսբերման հետ կապված բոլոր սահմանափակումները, որոնք ուժի մեջ էին մինչև այս տարվա մարտի 9-ը։

Ըստ այդմ, պահպանվել են քաղաքացիներին և իրավաբանական անձանց «կանխիկ» արտարժույթի տրամադրման սահմանաչափերը։

Սահմանափակումները կգործեն մինչև այս տարվա սեպտեմբերի 9-ը, թե ինչ կլինի հետո, դեռևս հայտնի չէ։ Կենտրոնական բանկն իր որոշում է հիմնավորում է արեւմտյան պատժամիջոցներով, որոնց պատճառով ռուսական ֆինանսական կառույցները չեն կարող ձեռք բերել արեւմտյան երկրների արժույթը։

Գործող կանոնակարգի համաձայն՝ վաճառքի ենթակա են միայն 2022 թվականի ապրիլի 9-ից հետո ստացված ԱՄՆ դոլարն ու եվրոն։ Այլ արտարժույթների, այդ թվում՝ չինական յուանի վաճառքի համար խոչընդոտներ չկան։

Կենտրոնական բանկի որոշումը միանգամայն սպասելի է, մանավանդ, որ դրա մասին հայտարարել էր Էլվիրա Նաբիուլինան, «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Անդրեյ Նեչաևը։ Նրա կարծիքով՝ սահմանափակումների երկարաձգումը նշանակում է, որ Կենտրոնական բանկը անհանգստացած է ռուբլու փոխարժեքով՝ վախենալով ազգային արժույթի հնարավոր անկման պատճառով գնաճից։

Չինական յուանը վերջին շրջանում մոսկովյան բորսայում ամենավաճառվող արժույթն է
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Ըստ նրա՝ այժմ թշնամական երկրների փոխարժեքներով ավանդները նվազել են, բայց, այնուամենայնիվ, այն մնում է բավականին բարձր: «Եթե մեր քաղաքացիները սկսեն զանգվածաբար հանել ավանդները, ապա կարող են խնդիրներ առաջանալ, որովհետեւ ԿԲ-ի արժութային պահուստները, ինչպես գիտեք, սառեցված են պատժամիջոցների շրջանակներում»։

Բնականաբար, սա հարկադրված միջոց է, որը ձեռնարկվել է արևմտյան պատժամիջոցների ազդեցության տակ, նշել է Ալեքսեյ Նեչաևը. «Կրկնում եմ, երկրի պահուստների մոտավորապես 45%-ը, ներառյալ, այսպես կոչված, Ազգային բարեկեցության հիմնադրամը, որը կառավարվում էր Կենտրոնական բանկի կողմից, գտնվում է սառեցված վիճակում: Կենտրոնական բանկը դրանց հասանելիություն չունի, հետևաբար արտարժութային ինչ-որ ինտերվենցիաների, արտարժութային վարկերի տրամադրման նրա հնարավորությունները չափազանց սահմանափակ են։ Ուստի կարգավորիչը դժվար թե կարողանա ազդել ռուբլու փոխարժեքի վրա՝ կապված դոլարի, եվրոյի և բրիտանական ֆունտի հետ։ Խոսքը յուանի մասին չէ, որն, ի դեպ, վերջերս դարձել է մոսկովյան բորսայում ամենավաճառվող արժույթը:

Միաժամանակ, էկոնոմիկայի նախկին նախարարը հակված է կարծելու, որ սահմանափակումների հետագա երկարաձգման հավանականությունը բավականին մեծ է նույնիսկ սեպտեմբերի 9-ից հետո։

«Որովհետև պատժամիջոցների վերացման հեռանկարները, մեղմ ասած, քիչ են՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողությունները Ուկրաինայում շարունակվում են, և պարզ չէ, թե երբ և ինչպես կավարտվեն։ Ուստի, ամենայն հավանականությամբ, այս միջոցը, ներառյալ Ռուսաստանից օտարերկրացիների կողմից նրանց ակտիվների, արժեթղթերի կամ արժույթի արտահանման սահմանափակումը, կշարունակվի։ Կարծես թե այս պատմությունը դեռ երկար կտևի»,- ամփոփել է Ալեքսեյ Նեչաևը։

Իր հերթին, Տնտեսական վերլուծության անկախ կենտրոնների ասոցիացիայի նախագահ Օլեգ Բուկլեմիշևը կարծում է, որ Կենտրոնական բանկի որոշումը պայմանավորված չէ օբյեկտիվ հանգամանքներով։ Նրա խոսքով, կարգավորող մարմնի համար ավելի հեշտ է երկարացնել սահմանափակումները, քան չեղարկել դրանք։

«Որքան կարող եմ ասել, հիմա կանխիկի պակաս չկա»,- ասում է «Ամերիկայի ձայն»-ի զրուցակիցը։ -Բայց ԿԲ-ն, ակնհայտորեն, իր համար դժվարություններ չի տեսնում այս միջոցառման երկարաձգման հետ կապված, հենց դրա համար էլ երկարաձգում է երևի ուղղակի հավելյալ ապահովագրության համար»։

Բացի այդ, Տնտեսական վերլուծության անկախ կենտրոնների ասոցիացիայի նախագահը կարծում է, որ ԿԲ-ն ի վիճակի չէ լրջորեն ազդել ռուբլու փոխարժեքի վրա։ «Բոլոր դոլարներն ու եվրոները վաղուց մարդկանց գրպաններում են կամ բարձերի տակ»,- նկատեց նա։ «Բայց, հավանաբար, դեռևս կան զգալի արտարժութային ավանդներ, որոնց սեփականատերերը կցանկանային հանել դրանք, բայց բանկերին դա չի հետաքրքրում… Այս բոլոր գործոնները միասին վերցրած ստիպեցին ԿԲ-ին թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա»։

Միևնույն ժամանակ, տնտեսագետը դժվարացավ կանխատեսել, թե սեպտեմբերի 9-ին ինչպես կվարվի կարգավորիչը։ Եթե որոշ չնախատեսված հանգամանքներ չլինեն, ապա ԿԲ-ը կարող է ևս մեկ անգամ երկարաձգել իր որոշումը, նշում է նա։

Հոդվածը պատրաստվել է Վիկտոր Վլադիմիրովի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG