Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Կիեւում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի օրը եւս մեկ անգամ քննադատեց Ռուսաստանին` մեկ տարի առաջ Ուկրաինայի դեմ ներխուժում իրականացնելու համար` այն համարելով միջազգային իրավունքի խախտում: Նա այս մասին ասաց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Կիեւ կատարած այցի ժամանակ:

‘’Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվեն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում’’, - ասաց Գուտերեշը Զելենսկիի հետ բանակցություններից առաջ։

‘’Մեր վերջնական նպատակը պարզ է՝ արդար խաղաղություն՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Գլխավոր ասամբլեայի վերջին բանաձևի վրա’’,- ասել է նա։

Այսօր, երբ շարունակվում են մարտերը և հորիզոնում չի երեւում խաղաղ բանակցությունների որեւէ նշան, Գուտերեշն ասում է, որ ՄԱԿ-ը փորձում է ‘’մեղմացնել հակամարտության ազդեցությունը, ինչը ոչ միայն հսկայական տառապանք է պատճառել Ուկրաինայի ժողովրդին, այլեւ առաջ է բերել խորը գլոբալ ճգնաժամ’’:

Նա կոչ է արել ռուսական համաձայնությամբ շարունակել ուկրաինական հացահատիկի առաքումները Սև ծովով։ Նա ասել է, որ անցյալ հուլիսից ուկրաինական նավահանգիստներից արտահանվել է 23 մլն տոննա հացահատիկ, որի մեծ մասն առաքվել է աղքատ երկրներ։ Սակայն, եթե նոր համաձայնագիր չկնքվի, ապա հնի ուժը կորում է մարտի 18-ից։

‘’Ուկրաինական, ինչպես նաև ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի արտահանումը կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության և պարենային գների համար’’, - ասել է Գուտերեշը:

Գուտերեշը նաև կոչ է արել «լիարժեք կերպով ապառազմականացնել» Եվրոպայի ամենամեծ` Զապորոժժիայի ատոմակայանի շրջակայքը, որտեղ ընթացող մարտերն առաջ են բերում միջուկային հնարավոր աղետի շուրջ մտավախություններ:

XS
SM
MD
LG