Մատչելի հղումներ

Ուկրաինական պատերազմը և COVID-19-ը ծանր պարեենային ճգնաժամ են ստեղծել աշխարհում. փորձագիտական կարծիք


Մոսկվայի կողմից հարևան երկիր ներխուժելուց մոտ մեկ տարի անց Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետևանքները դեռևս զգացվում են աշխարհի շատ վայրերում սննդամթերքի գների վրա

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց մեկ տարի անց, հետցնցումները դեռևս արձագանքում են ամբողջ աշխարհում՝ ապրանքային շուկաներից մինչև տեղական շուկաներ:

Հիմնական ապրանքատեսակների, վառելիքի և պարարտանյութի բարձր գները նպաստում են պարենի գլոբալ սղությանը, որն արդեն զգալի էր COVID-19 համաճարակի պատճառով:

Ավելի քան 140 միլիոն մարդ 2022 թվականին ապավինում էր Պարենի համաշխարհային ծրագրի օգնությանը, ինչը նոր բարձր ցուցանիշ է: Դա գերազանցում է ՊՀԾ-ի ռեկորդը, որը սահմանվել էր 2021 թվականին:

«Երբ Պարենի համաշխարհային ծրագիրը ռեկորդներ է սահմանում, դա լավ բան չէ աշխարհի համար, ասում է Պարենի համաշխարհային ծրագրի տնտեսագետ Արիֆ Հուսեյնը:

Պատերազմը և COVID-19-ը ծանր ճգնաժամ են ստեղծել աշխարհում, օրինակ, պարենի արտադրության ոլորտում: Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրվող ցորենը, եգիպտացորենը և արևածաղկի ձեթը մինչ պատերազմը մատակարարվում էր համաշխարհային շուկաների զգալի մասին:

Դա առաջին գործոնն է. աշխարհի առաջնային շատ ապրանքներ ներմուծվում են ընդամենը մի քանի վայրերից:

«10-ից քիչ երկրներ կազմում են այդ ապրանքների արտահանման 80-90 տոկոսը: Եվ մինչև 5 տոկոսը տնoրինում է այդ ապրանքների պաշարների 80-90 տոկոսը: Այսպիսով, երբ որևէ բան պատահում է դրանցից որևէ մեկին, դա ցավալիորեն անդրադառնում է ամբողջ աշխարհում»,- ասում է Հուսեյնը:

Պատերազմից առաջ արտահանող երկրներից մի քանիսի մոտ եղանակային վատ պայմաններն էին թողել իր ազդեցոությունը: Դրանք արդյունք էին կլիմայի փոփոխության: Եղանակային վատ պայմանները ազդում են բերքառատության վրա, որը հանգեցնում է թանկացումների։

Այս խնդիրներն արդեն մոտ էին ռեկորդային սահմանակետի, երբ 2022 թվականի փետրվարի 24-ին բռնկվեց պատերազմը:

«Սննդամթերքի գների վերջին աճին, որը մենք տեսանք անցյալ տարվա փետրվարին, նախորդել էր մեկ տարի առաջվա գների աճը: Այսպիսով, դա նախորդ աճի հակառեկորդի գերազանցում էր»,- պնդում է Ռոբ Վոսը Միջազգային սննդի քաղաքականության հետազոտական ինստիտուտից:

Էներգակիրների շուկաները նույնպես մեծ ալիք բարձրացրեցին: Գները արդեն աճում էին, քանի որ աշխարհը վերականգնվում էր COVID-ից հետո, երբ պատերազմը ցնցեց նավթի և գազի շուկաները, քանի որ Ռուսաստանը խոշոր արտադրող է:

Այն երկու ճանապարհով բարձրացնում է սննդամթերքի գները: Նախ՝ ավելի շատ էներգիա է պահանջվում սննդամթերք պատրաստելու և տեղափոխելու համար։ Երկրորդ, բնական գազը առանցքային է պարարտանյութ պատրաստման համար: Գործընթացը մեծ էներգիա է խլում, և այն նաև օգտագործում է բնական գազը որպես հիմնական բաղադրիչ:

Պարարտանյութի գները նույնպես բարձրացան, քանի որ Ռուսաստանը և Բելառուսն առաջատար մատակարարներն էին, և երկուսն էլ պատժամիջոցների տակ են:

«Պարարտանյութերի շարժունակության սահմանափակումները և բնական գազի գնի ավելացումը զգալիորեն բարձրացրել են պարարտանյութերի գները, որոնք առավելագույնը չորս անգամ բարձրացել են նախորդ տարվա համեմատ»,- պնդում է Մաքսիմո Տորերոն Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից։

Պատերազմի հետևանքները տարածվում են Ուկրաինայից մինչև Ասիա: Մաքսիմո Տորերոն պնդում է, որ գլխավոր մտահոգություններից է նաև բրնձի խնդիրը, որի թանկացումը պատերազմի անուղղակի հետևանք է: Բրինձ աճեցնելը մեծ քանակությամբ պարարտանյութ է պահանջում: Թանկացման արդյուքում ֆերմերներն այն ավելիքիչ են աճեցնում։

Սակայն հետևանքներն այսքանով չեն ավարտվում։ Աշխարհի ամենախոցելի հատվածներից է այս առումով Աֆրիկան: Արևադարձային Աֆրիկայի շատ կառավարություններ սուբսիդավորում էին ֆերմերների պարարտանյութի ծախսերը, սակայն ըստ Միջազգային սննդի քաղաքականության հետազոտական ինստիտուտից Ռոբ Վոսի, այսօր կառավարություններն այլևս չեն կարող իրենց թույլ տալ շարունակել սուբսիդավորումը:

Արդյունքում, աղքատ երկրներում ֆերմերներն ավելի քիչ գյուղատնտեսական մթերք կաճեցնեն: Պարարտանյութի բարձրարժեքն այս երկրներում կասկադային ճգնաժամի մի մասն է:

Շատերը սուբսիդավորում են նաև սննդի և վառելիքի ծախսերը, և այդ ծախսերը կլանում են նրանց բյուջեն: Այս կառավարություններն արդեն մեծ պարտքեր են կուտակել՝ COVID-ի դեմ պայքարելու արդյուքում, ուստի աշխարհի ցածր եկամուտ ունեցող երկրների կեսից ավելին այսօր գտնվում են դեֆոլտի եզրին են կամ դեֆոլտի են ենթարկվել:

Նրանց արժույթների արժեքը նվազել է, ինչը վատթարացնում է իրավիճակը, քանի որ այն ամենը, ինչ նրանք ներմուծում են, արժե ավելի թանկ:

«Եթե դու աղքատ երկիր ես, եթե մեծ պարտքեր ունես, եթե պատահաբար ներմուծում ես սննդամթերք, վառելիք ու պարարտանյութ, դու մեծ դժվարությունների առջև ես կանգնած»,- ասում է Արիֆ Հուսեյնը։

Դրա հետևանքներն անդրադառնում են տեղական շուկաների գների վրա, ինչը դժվարացնում է սննդամթերքի հասանելիությունը:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքներն անդրադառնում են ռազմական գոտուց հեռու գտնվող երկրների վրա:

«Մեր հաշվարկներով միայն ուկրաինական պատերազմի պատճառով աշխարհում մշտապես թերսնվող մարդկանց թիվն ավելացել է 10,7 միլիոնով»,- հայտնում է Մաքսիմո Տորերոն:

Ըստ Պարենի համաշխարհային ծրագրի՝ 79 երկրներում 349 միլիոն մարդ պայքարում է բավարար սնունդ ստանալու համար, իսկ ավելի քան 900 հազարը մոտ է սովին:

Գները մի փոքր նվազել են անցյալ տարվա ռեկորդային բարձր ցուցանիշներից, սակայն դա քիչ է մխիթարում։

«Այո, համաշխարհային մակարդակով գներն իջնում են, բայց դա չի նշանակում, որ կյանքը բարելավվում է, և ամեն ինչ հիանալի է այն երկրներում, որտեղ մենք աշխատում ենք»,- ասում է Հուսեյնը:

Ճգնաժամը ստեղծած գործոնները դեռևս առկա են: Մի քանի երկրներ մատակարարում են սննդամթերքի հիմնական մասը: Կլիմայական աղետները շարունակում են սպառնալիք լինել, իսկ էներգիայի գները դեռևս բարձր են: Դրա հետ մեկտեղ պատերազմը Ուկրաինայում շարունակվում է։

XS
SM
MD
LG