Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահն այցելել է Կիև


ԱՄՆ նախագահը՝ Կիևում, 20 փետրվարի, 2023թ.
ԱՄՆ նախագահը՝ Կիևում, 20 փետրվարի, 2023թ.

ԱՄՆ նախագահը Կիևի Մարիինյան պալատում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այց է կատարել Կիև։ Երկուշաբթի օրը՝ փետրվարի 20-ին, Բայդենը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման տարելիցի նախօրեին:

Բայդենն ասել է, որ այցելել է Ուկրաինա՝ «մեր աջակցությունը ցույց տալու նրա անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է Ուկրաինային 500 մլն դոլարի լրացուցիչ օգնության մասին։

Նա նաև ուկրաինացիներին հավաստիացրել է ԱՄՆ-ի և դաշնակիցների աջակցության մասին. «Մեկ տարի անց Կիևը կանգուն է», - ասել է ԱՄՆ նախագահը: - Ուկրաինան կանգուն է: Ժողովրդավարությունը կանգուն է. ամերիկացիներն աջակցում են Ձեզ, ամբողջ աշխարհն է աջակցում Ձեզ»:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս պետությունների կոալիցիա է ստեղծել՝ Ուկրաինային աննախադեպ ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, և այդ օգնությունը կշարունակվի», - ասել է ԱՄՆ նախագահը:

Զելենսկին Կիևում ԱՄՆ նախագահ Բայդենին է ներկաայացնում իր անունով հուշատախտակը
please wait

No media source currently available

0:00 0:00:59 0:00

«Պուտինը կարծում էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը մասնատված է», - ասել է Բայդենը։ «Կարծում եմ, որ նա այժմ այդպես չի մտածում»:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում գրել է. «Ջոզեֆ Բայդեն, բարի գալուստ Կիև։ Ձեր ժամանումը աջակցության չափազանց կարևոր նշան է բոլոր ուկրաինացիների համար»:

Նախագահ Բայդենը ելույթ է ունեցել և հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ Մարիինյան պալատում, հայտնում է Asossiated Press-ը։ Այցի մասին առաջինը հայտարարել է BBC-ն։

Կիևի ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ (Վաշինգտոնի ժամանակով առավոտյան 07:00) Ջո Բայդենը լքել է Ուկրաինայի մայրաքաղաքը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցն անվանել է պատմական, ճիշտ ժամանակին և համարձակ:

Բայդենն այցելել է Կիև Արժանապատվության հեղափոխության ընթացքում Մայդանի ակտիվիստների գնդակահարման իններորդ տարելիցի օրը։ Ուկրաինայում փետրվարի 20-ին նշվում է Երկնային հարյուրյակի հերոսների օրը՝ ի հիշատակ 2014 թվականին մայդանի հարյուրից ավելի զոհված ակտիվիստների:

Այցելություն Լեհաստան

Միացյալ Նահանգների նախագահը նախատեսում էր այս շաբաթ այցելել տարածաշրջան, սակայն ըստ պաշտոնական ժամանակացույցի՝ նրա թռիչքը Լեհաստան նախատեսված էր միայն երկուշաբթի երեկոյան։ Կիև այցի մասին չի հաղորդվել նախօրոք։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնը Մոսկվային ծանուցել է նախագահ Բայդենի՝ Կիև այցից ժամեր առաջ:

Բայդենի այցը Լեհաստան նախատեսված էր փետրվարի 20-22-ը, հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան-Պիերը։ Նախագահը նախատեսում է հանդիպել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցությունը և հավաքական ջանքերը՝ ռուսական ագրեսիան զսպելու նպատակով Ուկրաինային աջակցելու և ՆԱՏՕ-ի ջանքերը ուժեղացնելու համար:

Սպիտակ տան ղեկավարը կհանդիպի նաև «Բուխարեստի իննյակի» առաջնորդների հետ, որոնք ներառում են ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները՝ Միացյալ Նահանգների կողմից դաշինքի անվտանգության շարունակական աջակցությունը վերահաստատելու համար։

«Բացի այդ, նախագահ Բայդենը ելույթ կունենա Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին տարելիցի նախօրեին, որտեղ կխոսի այն մասին, թե ինչպես է Միացյալ Նահանգները միավորել ամբողջ աշխարհը՝ աջակցելու համար Ուկրաինայի ժողովրդին՝ պաշտպանելով նրա ազատությունն ու ժողովրդավարությունը, և ինչպես մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին այնքան, որքան անհրաժեշտ է»,- հայտնել է Սպիտակ տունը:

Սպիտակ տան մեկնաբանությունը

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնաբանել է ամերիկյան առաջնորդի այցը Կիև՝ նշելով, որ նախագահ Ջո Բայդենը ցանկացել է Ուկրաինային անսասան աջակցության ուղերձ ուղարկել այս այցի միջոցով:

Բայդենը խոսել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ պատերազմի և Ուկրաինայի՝ էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական և հումանիտար աջակցության կարիքների, ինչպես նաև Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի մասին, ասել է Սալիվանը։

«Սա պատմական այց է, աննախադեպ ժամանակակից դարաշրջանում, երբ Միացյալ Նահանգների նախագահն այցելում է պատերազմող երկրի մայրաքաղաք, որտեղ ԱՄՆ զինված ուժերը չեն վերահսկում կարևոր ենթակառուցվածքները», - ասել է Սալիվանը:

Նա նշել է, որ Սպիտակ տունը Ռուսաստանին ծանուցել է Բայդենի՝ Կիև մեկնելու մասին նրա մեկնումից մի քանի ժամ առաջ։

«(Նախագահը) ցանկանում էր հստակ, միանշանակ ուղերձ հղել Ուկրաինային ամերիկյան շարունակական աջակցության մասին», - ասել է Սալիվանը: Հզոր ուղերձ ուղարկել աշխարհին, որ Ուկրաինան հաջողությամբ դիմադրում է ռուսական ագրեսիային։ Եվ որ Ռուսաստանը ռազմավարական պարտություն է կրում Ուկրաինայում»։

Հոդվածը պատրաստվել է Reuters, Аsossiated Press գործակալությունների նյութերի հիման վրա

XS
SM
MD
LG