Մատչելի հղումներ

Կոնգրեսը բացատրություններ է պահանջում չինական օդապարիկի կործանման մասին


Չինական օդապարիկը, որն ամերիկյան ռազմաօդանավերի կողմից կործանվեց անցյալ շաբաթ, իր վրա է կրել հաղորդակցությունները գաղտնալսելու եւ կապի միջոցներից տեղեկություններ հավաքելու սարքավորումներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը` պատասխանելով կոնգրեսականների հարցերին:

Դեմոկրատ սենատոր Ջոն Թեսթերն ասել է. ‘’Ես չեմ ուզում, որ անիծյալ օդապարիկն անցներ Միացյալ Նահանգներով’’: Նա ասել է նաեւ, որ Ամերիկան այն կարող էր կործանել դեռեւս Ալեուտյան կղզիների վրա»:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները օրենսդիրներին բացատրում են, որ օդապարիկը ջրի վրայով թռչելու ընթացքում ոչնչացնելու որոշումը ճիշտ էր:

Ինչպես պաշտպանության նախարարի տեղակալ Մելիսա Դալթոնն է ասում, դա տվել է օդապարիկը զննելու համար լրացուցիչ ժամանակ: ‘’Այդ ամբողջ ընթացքում մենք խոչնդոտել ենք հետախուզական տվյալների հավաքագրումը, քանի որ գիտեինք, թե որտեղ է գտնվում օդապարիկը: Բացի այդ, այդպիսով նվազեցրինք պայթյունից հետո թռչող բեկորների վտանգը’’, ասել է նա:

Փակ դռների հետեւում լրացուցիչ տեղեկություններ ստացած սենատորներն ասում են, որ միեւնույն է, ԱՄՆ-ը այս սպառնալիքի դեմ պայքարելու համար արագ քայլեր չի իրականացրել: Ինչպես սենատոր Ռիչարդ Բլումենթալն է փոխաբերական իմաստով ասում, ‘’Մենք պետք է շարունակ ծեծեինք Պենտագոնի և մեր հետախուզական համայնքի դռները, նրանց արթնացնելու համար’’:

Պենտագոնը կարծում է, որ վնասված օդապարիկը կարևոր տեղեկություններ կհաղորդի չինական հետախուզական ջանքերի մասին… «Մենք հասկանում ենք, որ սա գործողությունների ավելի լայն փաթեթի մի մասն է, որը Չինաստանը պարտավորվում է փորձարկել’’, ասում է պաշտպանության փոխնախարարի տեղակալ Ջեդիդահ Ռոյալը:

Հանրապետական սենատորներն ավելի խիստ են արտահայտվում, ինչպես օրինակ Թոմ Քոթոնը, ում խոսքերով, ‘’Վարչակազմը հիմնավոր բացատրություն չունի, թե ինչու ավելի շուտ չեն կրակել այս օդապարիկին’’։

Մեծաթիվ օրենսդիրներ են ասում, որ այս միջադեպն առանցքային շրջադարձ է ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի խոսքերով, ‘’Կամ սա Չինաստանի կառավարության ներսում ինչ-որ սուբյեկտի կողմից թույլ տրված հսկայական սխալ էր, կամ փորձ էր` մեր վճռականությունը փորձելու համար’’, ասել է նա:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը միաձայն բանաձև ընդունեց, որով դատապարտում է Չինաստանին` Բայդենի վարչակազմին խնդրելով լրացուցիչ պատասխաններ տալ օդապարիկը ոչնչացնելու որոշման վերաբերյալ:

XS
SM
MD
LG