Մատչելի հղումներ

ԱՄՆ. Չինական հետախուզական օդապարիկները խախտում են հինգ մայրցամաքների երկրների ինքնիշխանությունը


ԱՄՆ-ի պաշտոնյաները 150 օտարերկրյա դիվանագետների ներկայացրել են հայտնաբերումները՝ օդապարիկներով հսկողության վերաբերյալ:

ԱՄՆ-ի պաշտոնյաները հաղորդել են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում չինական դիտորդական օդապարիկներ են նկատվել առնվազն հինգ մայրցամաքներում, և Վաշինգտոնը կապի մեջ է իր դաշնակիցների հետ՝ այդ գործողությունների մասին տեղեկություններ հաղորդելու համար:

«Մենք արդեն տեղեկատվություն ենք փոխանակել աշխարհի տասնյակ երկրների հետ՝ ինչպես Վաշինգտոնից, այնպես էլ մեր դեսպանատների միջոցով։ Մենք դա անում ենք, քանի որ ԱՄՆ-ն այս ծրագրի, որը ոտնահարում էր հինգ մայրցամաքների երկրների ինքնիշխանությունը, միակ թիրախը չէր »,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Պետդեպարտամենտում կայացած մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է, թե ով է պատասխանատու, պատասխանատուն Չինաստանն է։ Եվ ինչ-որ մակարդակում կարևոր չէ, թե որ անձինք կարող են պատասխանատվություն կրել կամ չկրել», - ասաց Բլինքենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր կարծիքով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը տեղյակ է հետևող օդապարիկի գործողությունների մասին:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Վաշինգտոնը «ամեն ժամ» ավելի շատ տեղեկություններ է իմանում օդապարիկի բարձրացման աշխատանքների ընթացքի մասին, և առաջիկա օրերին ինքը կկարողանա ավելին պատմել։

Reuters-ը երկուշաբթի օրը հաղորդել է, որ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը տեղեկացրել է, թե ԱՄՆ-ը հրավիրել է 40 դեսպանատների մոտ 150 դիվանագետների` ներկայացնելու հայտնաբերումները օդապարիկներով հսկողության վերաբերյալ:

XS
SM
MD
LG