Մատչելի հղումներ

Հանրապետականները պահանջում են իմփիչմենթի ենթարկել Միացյալ Նահանգների Ներքին անվտանգության նախարարին


Ալեխանդրո Մայորկասին մեղադրել են սահմանային քաղաքականության միտումնավոր թուլացման մեջ

Ներկայացուցիչների պալատի մի խումբ հանրապետականներ չորեքշաբթի օրը հայտարարեցին Ջո Բայդենի վարչակազմի ներքին անվտանգության քարտուղար Ալեխանդրո Մայորկասին իմփիչմենթի ենթարկելու մտադրության մասին՝ կապված երկրի ներկա կառավարության օրոք ամերիկյան սահմանի ռեկորդային թվով անօրինական հատումների հետ:

Կոնգրեսի անդամ Էնդի Բիգսը, ով ներկայացնում է Արիզոնայի սահմանամերձ նահանգը ստորին պալատում, ասել է, որ իմփիչմենթի հոդվածներ կներկայացնի Մայորկասի դեմ, ով բազմաթիվ հանրապետականների կողմից մեղադրվում է սահմանային քաղաքականության թուլացման մեջ:

Այս նախաձեռնությունը կարող է աջակցություն գտնել Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում, սակայն դժվար թե բավարար ձայներ ստանա Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում: Այնուամենայնիվ, դա կարող է մեծացնել ճնշումը Բայդենի վարչակազմի վրա՝ ներգաղթի բարեփոխումներն իրականացնելու համար:

Նոյեմբերին Սահմանային և մաքսային ծառայության ղեկավար Քրիստոֆեր Մագնուսը հրաժարական տվեց՝ ասելով, որ նախարար Մայորկասը պահանջել է իր պաշտոնանկությունը։

Բիգսը, չորեքշաբթի օրը խոսելով ավելի քան մեկ տասնյակ հանրապետական գործընկերների հետ Կապիտոլիումից դուրս, ասաց, որ Մայորկասը միտումնավոր սահմանային ճգնաժամ է առաջացրել՝ վերջ տալով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պարտադրված սահմանափակող քաղաքականությանը:

«Սա անփութություն կամ պատահականություն չէ», - ասաց Բիգսը:

Ներքին անվտանգության դեպարտամենտի խոսնակն ասաց, որ օրենսդիրները պետք է կենտրոնանան ներգաղթի համակարգի բարելավման վրա, որը տասնամյակների ընթացքում չի փոխվել, «այլ ոչ թե փորձեն մեղադրանքներ հնչեցնել և քաղաքական խաղեր խաղալ»:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին նոյեմբերին կոչ էր արել Մայորկասին հրաժարական տալ՝ ասելով, որ հանրապետականները կարող են իմփիչմենթի ենթարկել նրան, եթե նա դա չանի: Բիգսն ասել է, որ հույս ունի, որ Մաքքարթին կաջակցի այս նախաձեռնությանը, սակայն խոսնակի գրասենյակում նախաձեռնությունը դեռևս չի մեկնաբանվել:

Թեքսասի հանրապետական Փեթ Ֆելոնը հունվարին Մայորկասի դեմ իմփիչմենտի որոշում է ներկայացրել՝ մեղադրելով նրան անօրինական ներգաղթը խրախուսելու մեջ։

Եթե Մայորկասի դեմ իմփիչմենթի հոդվածներ ներկայացվեն, Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովը հետաքննություն կանցկացնի, որը կհանգեցնի հանձնաժողովի քվեարկությանը Մայորկասի դեմ մեղադրանքները հաստատելու վերաբերյալ:

Սույն հոդվածը կազմվել է REUTERS-ի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG