Մատչելի հղումներ

Transparency International-ը հրապարակել է իր տարեկան զեկույցը: Անդրադարձ կա նաև Հայաստանին


Իրավապաշտպան կառույցն աշխարհի 180 երկրներում կոռուպցիայի մակարդակի մասին իր զեկույցում անհանգստացնող է որակել Հայաստանում կոռուպցիայի մակարդակի հետ կապված միտումները: Հայաստանը նահանջել է երեք միավորով

Կոռուպցիայի մակարդակի տեսանկյունից 2022թ․-ի Հայաստանի արդյունքները գնահատվում են անհանգստացնող, նշել է Transparency International իրավապաշտպան կազմակերպությունը՝ հրապարակելով իր 2022թ․-ի աշխարհում կուռուպցիայի մակարդակի մասին զեկույցը։ Ըստ զեկույցի՝ մի քանի տարի անընդմեջ առաջընթաց գրանցելուց հետո Հայաստանի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է՝ հասնելով 46-ի, որը 3 միավորով պակաս է նախորդ երկու տարիների 49 միավոր ցուցանիշից։

«Մի քանի տարի առաջընթաց գրանցելուց հետո, 2022թ․-ին Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ-ն) 3 միավորով նվազել է, ինչն անհանգստացնող է։ Թեև այս նահանջը վիճակագրորեն նշանակալի չէ, այն արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների վարքագծի, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հետ կապված հարցերում առկա հետընթացը», նշված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային վերլուծության հատվածում:

Չնայած այս անկմանը, Հայաստանի ցուցանիշը շարունակում է բարձր մնալ համաշխարհային միջին ցուցանիշի մակարդակից, որը կազմում է 43: Հայաստանը նաև գրավում է Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում երկրորդ տեղը՝ զիջելով 56 միավոր ունեցող Վրաստանին, մինչդեռ, հարևան պետությունները՝ Ադրբեջանը (23) և Թուրքիան (36) այս տարի գրանցել են զգալի անկում և հասել իրենց արդյունքների պատմական նվազագույնին։

Կոռուպցիայի մակարդակի Հայաստանի արդյունքները անհանգստացնող են. Transparency International
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

Տարածաշրջանում լավագույն ցուցանիշներն ունեն Վրաստանը (56), Հայաստանը (46) և Չեռնոգորիան (45): Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակի վերջին երեք տեղերում են առավել վատ ցուցանիշներով Տաջիկստանը (24 միավոր), Ադրբեջանը (23 միավոր) և Թուրքմենստանը (19 միավոր):

Ըստ զեկույցի՝ Հայաստանը առաջատար է 2018-2019 թթ․ ի վեր տարածաշրջանում կոռուպցիայի մակարդակի զգալի բարելավման ցուցանիշով: 2018 թվականից Հայաստանը առաջ է անցել 11 միավորով, որին հետևում են Մոլդովան (7 միավորով), Ուզբեկստանը (6 միավորով)։ Այս ցուցանիշի շրջանակում առանձնացվել է նաև Ուկրաինան, որը 2015 թվականից բարելավել է իր դիրքերը 6 միավորով:

Ընդհանուր կոռուպցվիայի մակարդակի գլոբալ աղյուսակում Հայաստանը 180 երկրների շրջանում զբաղեցրել է 63 տեղը՝ 61-րդ տեղում Մալազիայի ու ևս 63 տեղում գտնվող Ռումինիայի հարևանությամբ: Տարածաշրջանում Հայաստանի հարևան երկրների պատկերը հետևյալն է՝ Վրաստան՝ 41-րդ տեղ, Թուրքիա՝ 101-րդ, Իրան՝ 147-րդ, Ադրբեջան՝ 157-րդ: Ըստ Transparency International-ի զեկույցի՝ Ռուսաստանը 137-րդ տեղում է, իսկ գլոբալ աղյուսակի վատագույն վերջին երեք տեղերում են Հարավային Սուդանը՝ 178-րդ տեղ, Սիրիան՝ կրկին 178-րդ և Սոմալին՝ 180-րդ տեղում:

Կոռուպցիայի մակարդակի առումով լավագույն պատկերը Դանիայում է, որը աղյուսակի առաջին տեղում է: Դանիային հաջորդում են Ֆինլանդիան, Նոր Զելանդիան և Նորվեգիան: Միացյալ Նահանգները 24-րդ տեղում է, Սեյշելների (23-րդ) և Բութանի (25-րդ) հարևանությամբ:

Անդրադառնալով Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին՝ իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է՝ «Կոռուպցիայի դեմ պայքարում տարիների անգործությունը թույլ տվեց կլեպտոկրատներին հաստատել իրենց վերահսկողությունը, խաթարել ժողովրդավարական գործընթացները, սահմանափակել քաղաքացիական հասարակության տարածքը և թուլացնել հանրային կառույցները՝ հրահրելով բռնություն, հակամարտություններ և անկայունություն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում», շեշտում է Transparency International կազմակերպությունը:

XS
SM
MD
LG