Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը` Մերձավոր Արեւելքում


Կիրակի և երկուշաբթի օրերին Եգիպտոս և Իսրայել կատարած իր այցերի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատեց Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում ԱՄՆ-ի հանձնառությունը: Նրա խոսքերը հնչեցին այս տարածաշրջանում բռնության աճի և Իրանի միջուկային հավակնությունների շուրջ աճող մտահոգությունների պայմաններում:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև լարվածության սրման պայմաններում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այց կատարեց այս տարածաշրջան: Գրավյալ Հորդանան գետի արեւմտյան ափում եւ Երուսաղեմում այդ օրերին տեղի էին ունենում անցած տարիների ընթացքում գրանցված ամենամեծ բախումները:

«Մենք շարունակ պիտի կրկնենք մեր խոսքերն ու կոչերն այն մասին, որ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն իրավիճակը հանդարտեցնելու համար», ասել է պետքարտուղարը։

Եգիպտոսում բարձր մակարդակի բանակցություններից հետո պետքարտուղար Բլինքենը մեկնեց Իսրայել, որտեղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկնեց Իրանի միջուկային հավակնությունների վերաբերյալ իր մտահոգությունները։

‘’Մեր եւ իմ քաղաքականությունն այն է, որ Իսրայելի ուժերի սահմաններում ամեն ինչ պիտի անենք, Իրանին թույլ չտալու համար ձեռք բերել միջուկային զենք’’, ասել է Նեթանյահուն ու ավելացրել, որ ‘’այս նպատակի համար չափազանց կարեւոր է Միացյալ Նահանգների հետ համատեղ աշխատանքը’’:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը շեշտել է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ Թեհրանի աջակցությունը:

«Իրանի վարչակարգն այժմ անօդաչու թռչող սարքեր է տրամադրում, որոնք Ռուսաստանը օգտագործում է ուկրաինացի անմեղ քաղաքացիներին սպանելու համար։ Իսկ Ռուսաստանը բարդ սպառազինություն է տրամադրում Իրանին», ասել է Բլինքենը։

Երեքշաբթի օրը Հորդանան գետի Արևմտյան ափ կատարած այցից առաջ Բլինքենն ընդգծել է Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրերի կարևորությունը, ինչպես նաև պաղեստինցիների հետ ‘’երկու պետություն’’ սկզբունքով խնդրի կարգավորման հնարավորությունը

«Դա չափազանց կարեւոր է, որպեսզի պաղեստինցիներն ու իսրայելցիները օգտվեն ազատության, անվտանգության, հնարավորությունների, արդարության և արժանապատվության հավասար միջոցներից», ասել է նա:

Վարչապետ Նեթանյահուն իր հերթին շեշտել է, իր խոսքերով ասած` ‘’խաղաղության շրջանակն ընդլայնելու կարեւորությունը, որը պաղեստինցի հարեւանների հետ կօգնի հասնել խնդրի վերջնական կարգավորման’’:

Պետքարտուղար Բլինքենի հաջորդ կանգառը Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում է, որտեղ նա երկկողմ բանակցություններ է սկսում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:

XS
SM
MD
LG