Մատչելի հղումներ

 
Վերլուծաբանները չեն բացառում, որ Մոսկվան նոր միգրացիոն ճգնաժամ հրահրի Բելառուսի օրինակով

Վերլուծաբանները չեն բացառում, որ Մոսկվան նոր միգրացիոն ճգնաժամ հրահրի Բելառուսի օրինակով


Եվրամիությունը ասում է, որ անցյալ տարի իր սահմաններում բախվել է «աննախադեպ մարտահրավերների»՝ ի դեմս Եվրոպայի հարավային ափեր ժամանող ապաստան հայցողների կտրուկ աճի և միլիոնավոր ուկրաինացիների, ովքեր, փախչում են Եվրոպա Ռուսաստանի ներխուժումից: Մտավախություն կա, որ Մոսկվան ծրագրում է նոր միգրացիոն ճգնաժամ ստեղծել ԵՄ սահմաններին

2022 թվականին Եվրամիության արտաքին սահմաններին արձանագրվել է 330 հազար սահմանի հատում, որը նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել է 64 տոկոսով, հաղորդում է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության Frontex գործակալությունը: Այդ թիվը, սակայն, չի ներառում միլիոնավոր ուկրաինացի փախստականներին:

Սիրիացիները, աֆղանները և թունիսցիները միասին կազմում էին անկանոն ներգաղթի գրեթե կեսը: Մեծ թվով ներգաղթյալներ են եղել նաև Եգիպտոսից, Բանգլադեշից և Նիգերիայից։

«Անվտանգության հետ կապված իրավիճակը և տնտեսական խնդիրներն այդ երկրների և տարածաշրջանների մեծ մասում էլ ավելի են վատթարացել անցյալ տարվա ընթացքում»,- պնդում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնից Մարտին Հոֆմանը։

Վերլուծաբանները չեն բացառում, որ Մոսկվան նոր միգրացիոն ճգնաժամ հրահրի Բելառուսի օրինակով
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Անկանոն ժամանումների մեծ մասը բաժին է ընկել Արևմտյան Բալկանյան և Կենտրոնական միջերկրածովյան երթուղիներին դեպի Իտալիա:

Իտալիայի կառավարությունն այս ամիս ընդունեց ապաստանի մասին մի շարք նոր օրենքներ, որոնք ըստ մարդասիրական կազմակերպությունների, որոնց թվում են «Բժիշկներն առանց սահմանների», դժվարացնում են ներգաղթյալների փրկության գործընթացը ծովում և նրանց ափ դուրս բերելը:

Հունաստանը նույնպես ճնշում է գործադրում ներգաղթյալներ փրկող կազմակերպություններին: Քաղաքական վերաբերմունքը ներգաղթյալների հանդեպ փոխվել է Ուկրաինայի պատերազմի հետ մեկտեղ, ասում է վերլուծաբան Կամինո Մորտերա-Մարտինեզը։

«Այս պահին Եվրոպայում ընդհանուր դիսկուրսը նման է հետևյալին. «Լավ, մենք գործ ունենք փախստականների զանգվածային ճգնաժամի հետ մեր հարևանությամբ: Ինչու՞ պետք է մեր ուսերին վերցնենք բոլոր հակամարտությունները աշխարհի այլ մասերից»,- Եվրոպական բարեփոխումների կենտրոնից Կամինո Մորտերա-Մարտինեզը:

13 միլիոն ուկրաինացի փախստականներ մուտք են գործել Եվրամիություն Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր: Մոտ տասը միլիոն հատումներ են գրանցվել նաև Եվրոպայից դեպի Ուկրաինա:

«Մենք տեսնում ենք, որ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները Ռուսաստանի ռազմավարության մաս են կազմում, և մինչ այժմ դրանք արտահոսքի ավելացման չեն հանգեցրել։ Կա ուկրաինական հասարակության և տնտեսության ուշագրավ տոկունություն։ Բայց կան, իհարկե, պոտենցիալ անկման կետեր, որտեղ իրավիճակը դառնում է անտանելի ավելի մեծ բնակչության համար, և այդ ժամանակ մենք կարող ենք տեսնել աճ»,- ասում է Մարտին Հոֆմանը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնից:

Ըստ Հոֆմանի՝ ուկրաինացի փախստականները սկսում են ավելի ինտեգրվել Եվրոպայի աշխատաշուկային:

«Առաջին տարին [ապաստան հայցողների համար] տարրական կողմնորոշման տարի էր՝ սեփական կյանքի հիմունքները ինչ-որ կերպ կարգավորելով, ներառյալ կացարանի խնդիր, երեխաների դպրոց, առողջապահություն և այլ հարցեր: Այսպիսով, իրական մուտքն աշխատաշուկա սովորաբար սկսվում է միայն երկրորդ և երրորդ տարուց»,-նշում է Հոֆմանը:

Մինչդեռ ԵՄ-ը Բելառուսին մեղադրում է 2021 թվականից ի վեր «պետական կազմակերպված միգրացիա» իրականացնելու մեջ, որտեղ միգրանտներին խրախուսում են խախտել Լեհաստանի հետ սահմանը: ԵՄ-ը զգուշանում է Ռուսաստանի կողմից նույն մարտավարությունից:

«Կրեմլն ավելացրել է թռիչքների թիվը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի որոշ երկրների և Կալինինգրադի միջև, հավանաբար՝ մեկ այլ ճգնաժամ ստեղծելու մտադրությամբ»,- կարծում է Կարմինո Մորտերա-Մարտինեզը:

Հաջորդ ամիս տեղի կունենա հատուկ գագաթնաժողով, որի նպատակն է համաձայնեցնել միգրացիայի վերաբերյալ ԵՄ ընդհանուր քաղաքականությունը։ Դիտորդներն ասում են, որ անդամ պետությունների միջև երկարատև տարաձայնությունները նշանակում են, որ այս հարցում չկա առաջընթաց:

Հոդվածը պատրաստվել է Հենրի Ռիդգվելիի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG