Մատչելի հղումներ

Թուրք-ամերիկյան բանակցություններ՝ Վաշինգտոնում


Վերլուծաբանները գտնում են, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը պայմանավորված է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը Թուրքիայի աջակցությամբ և Սիրիայում թուրքական գործողության բացառմամբ

Չորեքշաբթի օրն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հյուրընկալում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին: Ակնկալվում է, որ հանդիպման օրակարգային հարցերից են F-16 կործանիչների տրամադրումը Անկարային և թուրքական զինուժի հնարավոր ռազմական գործողության իրականացումը Սիրիայի հյուսիսում: Ըստ վերլուծաբանների՝ F-16-ի վերաբերյալ գործարքը կապված է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման աջակցության և Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների բացառման հետ:

Թուրքիան 2021 թվականին պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 ռազմական ինքնաթիռներ և մոտ 80 արդիականացման համալիր փաթեթներ գնելու խնդրանքով: Բայդենի վարչակազմն իր աջակցությունն է հայտնել գործարքին, որը ենթակա է Կոնգրեսի հավանությանը:

Անցած շաբաթ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ վարչակազմը պատրաստվում է խորհրդակցություններ սկսել Կոնգրեսի հետ՝ 20 միլիարդ դոլարանոց գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար:

Վիլսոնի կենտրոնի Մերձավոր Արևելքի ծրագրի նախագահ Ջեյմս Ջեֆրին պնդում է, որ Կոնգրեսի կողմից ցանկացած աջակցություն կապված կլինի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ երկու հարցերի շուրջ համագործակցության հետ, որոնք ներառում են Հյուսիսային Սիրիայում ռազմական ներխուժման բացառումն ու Անկարայի կողմից աջակցությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Թուրքիայի արտգործնախարարը՝ Վաշինգտոնում է, ուր հանդիպել է պետքարտուղար Բլինքենի հետ
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) նախկին ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելը, ով ղեկավարում էր Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ռազմական արշավը, պատասխանելով Ամերիկայի ձայնի հարցերին, ևս գտնում է, որ Վաշինգտոնը պետք է F-16-ի ցանկացած գործարք կապի ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում Թուրքիայի աջակցության և Հյուսիսային Սիրիայում ռազմական գործողությունների բացառման հետ:

ՆԱՏՕ-ի 28 անդամներ արդեն վավերացրել են Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին դիմումը: Թուրքիան և Հունգարիան` դեռ ոչ: Հունգարիան պնդում է, որ դա կանի փետրվարի սկզբին՝ այսպիսով Թուրքիային թողնելով միայնակ այս հարցում:

Թուրքիան ակնկալում է, որ Ֆինլանդիան և, մասնավորապես, Շվեդիան ավելի մեծ ջանքեր կգործադրեն ընդդեմ քուրդ զինյալների և գյուլենական շարժման անդամների, որոնց Անկարան մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ:

WSJ-ի համաձայն՝ Բայդենի վարչակազմն առանձին ծրագրում է ստանալ Թուրքիայի տարածաշրջանային հակառակորդ և ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին F-35 ինքնաթիռներ վաճառելու վերաբերյալ Կոնգրեսի համաձայնությունը։

Թուրքիան Ռուսաստանից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով դուրս է եկել F-35 Joint Strike Fighter ծրագրից, որտեղ ժամանակին հանդիսացել է գործընկեր։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Փաթելը ուրբաթ օրը մամուլի ամենօրյա ճեպազրույցում հրաժարվել է մեկնաբանել այս առնչությամբ հնչած հարցը։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ողջունել է F-35 ինքնաթիռները Հունաստանին վաճառելու մասին տեղեկությունը: Սենատորը Հունաստանին անվանել է «ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից» իր գրավոր հայտարարության տեքստում, որի մասին տեղեկացրել է Reuters-ը:

Մենենդեսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և Հունաստանը կիսում են նույն արժեքները, «ներառյալ հավաքական պաշտպանությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը»:

Նա դեմ է Թուրքիային F-16 ինքնաթիռներ վաճառելու գործարքին։

«Քանի դեռ [նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանը չդադարեցնի իր սպառնալիքները, չբարելավի մարդու իրավունքների վիճակն իր երկրում, այդ թվում՝ ազատ արձակի լրագրողներին և քաղաքական ընդդիմությանը, և չսկսի գործել այնպես, ինչպես պետք է գործի վստահելի դաշնակիցը, ես չեմ հաստատի այս գործարքը», - հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսը:

Բացի այդ, ԱՄՆ ռազմական ղեկավարության շարունակում է մտահոգել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից քրդական YPG-ի դեմ հնարավոր ռազմական գործողության մասին տեղեկությունը: Քրդական այս զորամիավորումը մաս է կազմում ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» հակակառավարական խմբավորմանը:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլան նկատել է, որ ԴԱԻՇ-ի զինյալների ավելի քան երկու տասնյակ կալանավայրեր հսկվում են Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից։ Նա կարևորել է Վաշինգտոնի կողմից ջանքերի գործադրումը իրավիճակը դեէսկալացնելու և Թուրքիայի կողմից ներխուժումը կանխելու ուղղությամբ:

Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար վոթելը չի բացառում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների հավանականությունը, թեև, ըստ նրա, դրանք կարող են սահմանափակ լինել: Նա մատնանշում է Էրդողանի նախկին որոշումները՝ պնդելով, որ նման գործելաոճը դրական է ընկալվում նրա համախոհների շրջանում:

Ակնկալվում է, որ Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների ընթացքում անդրադարձ կլինի նաև Թուրքիայի և Սիրիայի կառավարության միջև հաշտեցման ջանքերին։ Արտգործնախարար Չավուշօղլուն վերջերս ասել է, որ փետրվարին կարող է հանդիպել իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադիի հետ։

ԱՄՆ-ն արդեն հստակ հայտնել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ չի աջակցում այն երկրներին, որոնք «բարելավում են» իրենց հարաբերությունները Սիրիայում Ասադի ռեժիմի հետ։

Հաղորդվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն անցյալ շաբաթ հայտնել է, որ «Թուրքիայի հետ բանակցությունները պետք է հիմնված լինեն սիրիական տարածքի օկուպացիան և ահաբեկչության աջակցմանը դադարեցնելու հենքերի վրա»:

Ուիլսոնի կենտրոնի ղեկավար Ջեֆրին, ով նաև մինչև 2020 թվականը զբաղեցրել է Սիրիայի հարցով պետքարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը, պնդում է, որ Սիրիայի նախագահը չի ցանկանում որևէ համաձայնության գալ, և որ բանակցությունների գաղափարը առաջ է տանում Մոսկվան:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Ջեֆրին պնդում է, որ անհրաժեշտ է սպասել ընտրությւոնների ավարտին Թուրքիայում, որպեսզի պարզ դառնա, թե որն է իրական թուրքական քաղաքականությունը»:

Հոդվածը պատրաստվել է լրագրող Բեգամ Դոնմեն Էրզոսի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG