Մատչելի հղումներ

Ողբերգություն Դնեպրում և թե ինչպես է Մոսկվան ժխտում փաստերը


ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր խաղաղ ավելի քան 7000 բնակիչ է զոհվել: Իրականում այդ թիվն ավելի մեծ է:

Մոսկվայում, Կիևի երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող Լեսյա Ուկրաինկայի հուշարձանի մոտ հանպատրաստից մի հուշահամալիր է հայտնվել՝ ի հիշատակ ուկրաինական Դնեպր քաղաքի դեմ ռուս զինվորականների կողմից հրթիռային հարձակման զոհերի:

Հուշարձանի ստորին մասում պատկերված է Դնեպրում ավերված ինը հարկանի շենքի լուսանկարը: Այստեղ մարդիկ տեղադրել են ծաղիկներ ու խաղալիքներ: Իսկ թե որքան է այս ինքնաշեն հուշարձանը գոյատեւել Ռուսաստանի մայրաքաղաքում, աղբյուրները չեն նշում:

Հիշեցնենք, որ 40 մարդ զոհվեց այս շենքում, երբ նրան հարվածեց ռուսական ուժերի կողմից արձակված մի հրթիռ: Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը օգտագործել է X-22 հրթիռը, որը նախատեսված է թշնամու նավերը ոչնչացնելու համար։ Ամբողջությամբ ավերվել է ավելի քան 200 բնակարան։

Իսկ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական հրամանատարության և կառավարման համակարգին։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ պնդում է, որ ռուս զինվորականները «չեն հարվածում բնակելի շենքերին կամ սոցիալական ենթակառուցվածքներին»։

Անցած ամռան ընթացքում ռուսները նմանատիպ մի հրթիռով խոցել էին Կրեմենչուգի առևտրի կենտրոնը, ինչի հետևանքով զոհվել կամ անհետ կորել էր ավելի քան 20 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:

Ռուսական բանակը պարբերաբար է զանգվածային հրթիռային հարվածներ հասցնում ուկրաինական քաղաքների սոցիալական ենթակառուցվածքին` քաղաքացիական բնակչությանը զրկելով ջեռուցումից, էլեկտրականությունից, հաղորդակցությունից ու ջրից:

Դմիտրի Պեսկովի բոլոր հայտարարությունները, ինչպես նաև Կրեմլի մյուս քարոզիչների խոսքերն ուղղված են իհարկե ներքին լսարանին: Այս մասին է ասում Սախարովի կենտրոնի տնօրեն Սերգեյ Լուկաշևսկին։ ‘’Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի հայտարարություններն ամբողջությամբ սուտ են’’, ասել է Սերգեյ Լուկաշևսկին ‘’Ամերիկայի Ձայն’’-ին` հիշեցնելով Ուկրաինայի սոցիալական ենթակառուցվածքների դեմ ռուսական ուժերի կողմից իրականացված նախորդ գրոհները:

Նույնիսկ բնակելի շենքին հարվածելու փաստը չի փոխել ռուս հասարակության մեջ բաժանվածությունը: Այս մասին է խոսում սոցցանցերի արձագանքը, որտեղ առկա կարեկցանքի դրսեւորումների հետ միաժամանակ առկա են բացահայտ չարամիտ և գոռոզ բնույթի մեկնաբանությունները:

Սակայն Սերգեյ Լուկաշևսկին ասում է, որ ճիշտ չէր լինի եզրակացություններ կատարել՝ հիմնվելով սոցիալական ցանցերում հրապարակումների վրա։ Նրա խոսքով, ‘’այժմ ավելի ու ավելի շատ ապացույցներ կան, որ մեկնաբանությունների գրեթե երեք քառորդը պատկանում է մարդկանց շեղելու համար հատուկ ստեղծված հաշվեհամաներիի կողմից:

Դմիտրի Պեսկովի ցանկացած հայտարարություն նախատեսված է տեղական օգտատիրոջ համար, ասում է «Էժեդնևնի Ժուրնալ»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ռիկլինը: Նրա կարծիքով, մամուլի քարտուղարը գիտի ողջ ճշմարտությունը: Ինչպես նա «Ամերիկայի Ձայն»-ին է ասում, Պեսկովի ցինիկ մեկնաբանությունները կատարյալ անհարգալից վերաբերմունք են ոչ միայն սեփական բնակչության, այլ նաեւ ամբողջ համաշխարհային հանրության նկատմամբ: ‘’Այդ պատճառով էլ Կրեմլի խոսնակին այլեւս ոչ ոք լրջորեն չի լսում’’, ասում է նա։

Հասկանալի է, որ Ռուսաստանի Դաշնությունից դուրս ոչ ոք վաղուց չի հավատում նման անհեթեթություններին, ասում է Ալեքսանդր Ռիկլինը: ‘’Շուտով կլրանա պատերազմի առաջին տարին, սակայն Կրեմլի ծաղրածուն առանց վարանելու ասում է, որ ռուս զինվորականները չեն հարվածում խաղաղ թիրախներին։ Բա ու՞ր են հարվածում։ Նայեք Մարիուպոլի, Խարկովի, Բուչայի լուսանկարներին… Ռուսաստանը միտումնավոր և միանգամայն մտածված կերպով է հարվածում բնակելի հատվածներին», ասում է նա:

Սա ռազմավարություն է, և ոչ պատահական ռազմավարություն, համոզված է լրագրողը: «Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են վախեցնել խաղաղ բնակչությանը, եւ կարծում են, որ այդ կերպ կարող են կոտրել ուկրաինացի ժողովրդի ոգին։ Բայց դրանից ոչինչ ստացվում ու չի էլ ստացվելու’’: Ինչպես վերլուծաբաններն են ասում, տեղի է ունենում ճիշտ հակառակը, ինչպես խաղաղ բնակչության դեմ բոլոր բռնաճնշումների դեպքում:

Արամ Վանեցյան

Վիկտոր Վլադիմիրով

XS
SM
MD
LG