Մատչելի հղումներ

Կրեմլին քննադատողները կարող են զրկվել իրենց ունեցվածքից. Բրիտանական տանկեր` Ուկրաինային


''Challenger 2''
''Challenger 2''

Ուկրաինայի Դնեպր քաղաքում բնակելի շենքի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասավ 36-ի:

Հարձակման հետևանքով վիրավորվել է 75 մարդ, 35-ի ճակատագիրն անհայտ է: Հրթիռային հարվածն իրականացվել էր շաբաթ օրը, Կուրսկի շրջանից արձակված Խ-22 տիպի հրթիռով:

Ինչպես քաղաքի բնակիչներն են ասում, իրենք չեն հասկանում այս հարվածների իմաստը, երբ այս քաղաքում ռազմական որեւէ օբյեկտ չկա: ‘’Այստեղ միայն տներ են’’, ասում են նրանք:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը կրկին ասաց, թե ռուսական ուժերը «չեն հարվածում բնակելի շենքերին կամ սոցիալական ենթակառուցվածքներին, նրանք հարվածում են ռազմական օբյեկտներին»։ Պեսկովի խոսքերով, Դնեպրում տեղի ունեցածի պատճառը ուկրաինական հակաօդային պաշտպանությունն է։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակնօրյա գիշերային ուղերձում ասել է, թե «շատ կարևոր է, որ նորմալ մարդիկ միավորվեն ընդդեմ ահաբեկչության»: Նա մեղադրեց Ռուսաստանում նրանց, ովքեր լռում են ռուսական պատերազմի և Ուկրաինայի քաղաքների դեմ հրթիռային հարձակման մասին:

‘’Ձեր վախկոտ լռությունը մի օր կհասցնի նրան, որ այդ նույն ահաբեկիչները կգան ձեր հետեւից: Չարը շատ զգայուն է վախկոտության նկատմամբ: Չարը միշտ հիշում է նրանց, ովքեր վախենում են իրենից կամ փորձում են լեզու գտնել իր հետ: Եվ երբ այն գալիս է վախկոտների հետեւից, նրանց չի լինում այլեւս պաշտպանող’’, ասել է Զելենսկին։

Այս օրերին, երբ Ուկրաինայի հյուսիսային հարեւան Բելառուսը սկսում է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ, Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ պատրաստվում է Ուկրաինա ուղարկել «Չելենջեր 2» մակնիշի տանկեր: Վարչապետ Ռիշի Սունաքը Զելենսկիին ասել է, որ կուղարկի նաեւ սարքավորումներ և լրացուցիչ հրետանային համակարգեր: Մեծ Բրիտանիան Ուկրաինա կառաքի 14 տանկ, AS90 տիպի 30 միավոր ինքնարձակ հրետանային կայանքներ:

Իրենց հերթին Լեհաստանն ու Ֆինլանդիան Գերմանիային կոչ են արել թույլ տալ "Leopard" մակնիշի տանկեր ուղարկել Ուկրաինա:

Աշխարհում աջակցությունից զրկված Ռուսաստանի իշխանություններն էլ մտածում են պատժիչ այլ քայլերի դիմելու մասին: Ինչպես այդ երկրի խորհրդարանի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն է ասում, Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք մեկնել են արտերկիր և քննադատում են Կրեմլի գործողությունները, պետք է զրկվեն Ռուսաստանում իրենց ունեցվածքից: Հիշեցնենք, որ Ուկրաինային դեմ սկսված պատերազմի առաջին օրերից Ռուսաստանից հեռացել են հարյուր հազարավո քաղաքացիներ:

XS
SM
MD
LG