Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատվիրակություն կուղարկի Կուբա՝ իրավական հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար


Օբամայի օրոք սկսված երկխոսությունը դադարեցվել էր Թրամփի օրոք

ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը ծրագրում է պատվիրակություն ուղարկել Հավանա այս ամիս՝ վերսկսելու համար ԱՄՆ-Կուբա իրավական հարցերով բանակցությունները, որոնք դադարեցվել էին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է, որ քննարկվող թեմաների թվում են ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, որոնք մտահոգում են ԱՄՆ-ին։

Թրամփը Կուբան ներառեց ահաբեկչություն հովանավորողների ամերիկյան ցուցակում իր պաշտոնավարման ժամկետի ավարտից կարճ ժամանակ առաջ՝ 2021 թվականի հունվարին, և Բայդենի վարչակազմը զբաղվում է այդ հարցով ամենասկզբից:

Սա նախատեսված առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ 2015 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք սկսված իրավական երկխոսությունը դադարեցվեց 2018 թվականին Թրամփի օրոք, երբ նա կանգնեցրեց կոմունիստական Կուբայի հետ հաչրաբերությունների բարելավման գործընթացը, որը նախաձեռնել էր իր նախորդը:

Բայդենի վարչակազմը նոր երկխոսություն է նախաձեռնում Կուբայի հետ
please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00

Նախագահ Ջո Բայդենը սկսել է փոխել Թրամփի քաղաքականության որոշ տարրեր, սակայն պահպանել է մյուսները՝ պնդելով, որ Կուբայի կառավարությունը պետք է բարելավի մարդու իրավունքների հետ կապված վիճակը:

«Նման երկխոսությունը ուժեղացնում է ԱՄՆ ազգային անվտանգությունը՝ բարելավելով միջազգային իրավապահ մարմինների համակարգումը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ավելի լավ պաշտպանել ամերիկացի քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործներին», - ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Այնուամենայնիվ, պաշտոնյան հավելել է, որ «այդ երկխոսությունը չի ազդի Կուբայում մարդու իրավունքների կարևոր հարցերի ուղղությամբ վարչակազմի շարունակական ուշադրության վրա»:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG