Մատչելի հղումներ

​​Քևին Մաքքարթին ընտրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ


Հանրապետական Քևին Մաքքարթին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել 15-րդ փորձից՝ Կոնգրեսի քվեարկության չորրորդ օրը։

57-ամյա կոնգրեսական Քևին Մաքքարթին Կալիֆոռնիա նահանգից ստիպված է եղել զգալի զիջումների գնալ Հանրապետական կուսակցության պահպանողական թևի ներկայացուցիչներին։ Քվեարկության ոչ մի փուլում Մաքքարթին չի ստացել անհրաժեշտ 218 կոնգրեսականի ձայն: Վերջին 15-րդ փուլում վեց կոնգրեսականներ չեն աջակցել թեկնածուներից ոչ մեկին, ինչը թույլ տվեց Մաքքարթիին ընտրվել խոսնակի պաշտոնում, թեև նրա օգտին քվեարկել էր ընդամենը 216 օրենսդիր։

Վերջին 100 տարիների ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակներն ընտրվել են մեծամասնությամբ առաջին փուլում: Կոնգրեսը չի կարող սկսել իր աշխատանքը, քանի դեռ չի ընտրվել խոսնակը: Ներկայացուցիչների պալատի խոսնակն ԱՄՆ Սահմանադրությամբ փոխնախագահից հետո երրորդն է, ով անհրաժեշտության դեպքում կարող է ստանձնել նախագահի պաշտոնը։

Խոսնակի գործառույթներից է օրակարգի հաստատումը, օրինագծերի և այլ օրենսդրական նախաձեռնությունների առաջ քաշումը և Ներկայացուցիչների պալատի անունից Սենատի և Սպիտակ տան ղեկավարության հետ բանակցությունները: Նա ապահովում է ստորին պալատի բնականոն աշխատանքը։

Նորընտիր Ներկայացուցչների պալատն իր աշխատանքները սկսել է հունվարի 3-ին։ 2022 թվականի նոյեմբերի միջանկյալ ընտրություններից հետո հանրապետականները մեծամասնություն ստացան Կոնգրեսի ստորին պալատում՝ 435 մանդատներից իրենց ձեռքում կենտրոնացնելով 222-ը։

Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG