Հազարավոր կյանքեր խլած, համատարած ավերածությունների պատճառ դարձած և աշխարհը ճգնաժամի հասցրած պատերազմին մասնակից ուկրաինական բանակի 68-րդ բրիգադի զինվորները Նոր տարին դիմավորել են՝ հիշեով հակամարտությունում զոհված և վիրավորված ընկերներին ու սիրելիներին:
Դոնեցկի շրջանի առաջնագծում գտնվող 49-ամյա զինվոր Օլեհ Զահրոդսկին, զսպելով արցունքները, պատմել է որդու մասին, ով գլխի վնասվածքից հետո պայքարում էր կյանքի համար:
«Գլխուղեղի վնասվածք, գլխուղեղի այտուցվածություն և բորբոքում. տղաս Դնեպրի հիվանդանոցում էր։ Կամավոր էր գնացել ճակատ», - ասել է Զահրոդսկին։
Ռմբակոծություններով ու օդային հարձակումներով է նշանավորվել Ուկրաինայի համար Նոր տարվա սկիզբը. Ռուսաստանը շարունակել է ինտենսիվ հարձակումները երկրի վրա Ամանորի գիշերը՝ հրթիռների տարափով:
«Ցավալի է, որ ընկերներին հանդիպելու, տոնելու և միմյանց նվերներ տալու փոխարեն մարդիկ ստիպված են եղել ապաստան փնտրել, ոմանք սպանվել են», - ասել է 68-րդ բրիգադի զինծառայող Պավլո Պրիժեհոդսկին։
Քաղաքացիական կյանքում երաժիշտ Պրիժեհոդսկին ամանորյա տոնակատարությունները նշել է իր հեղինակած երգի կատարումով և նվիրել իր ստորաբաժանման տասներկու անդամներին, որոնք սպանվել են մեկ գիշերում:
«Շատ տխուր է, հսկայական ողբերգություն է, որը երբեք չի կարող ներվել», - ասաց նա՝ կրկնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն իր ամանորյա ուղերձում։«Անհնար է մոռանալ: Եվ անհնար է ներել: Բայց հնարավոր է հաղթել», - ասել էր Զելենսկին:
Զելենսկու երախտագիտության և միասնության ելույթից մի քանի րոպե անց, որը հրապարակվել է Ամանորի գիշերը Կիևի ժամանակով ուղիղ կեսգիշերից առաջ, բազմաթիվ պայթյուններ են լսվել մայրաքաղաքում և ամբողջ երկրում:
Երբ Կիևում ավելի քան չորս ժամ հնչում էին ազդանշանները, որոշ մարդիկ իրենց պատշգամբներից բղավում էին. «Փա՛ռք Ուկրաինային, փա՛ռք հերոսներին», Reuters-ին պատմել են ականատեսները։Առաջնագծի զինվորները վստահեցրել են՝ կիսում են իրենց ժողովրդի և նախագահի վճռականությունը՝ պայքարելու մինչև հաղթանակ:
«Ուկրաինան անպարտելի ժողովուրդների ժողովուրդ է... Ուկրաինան գործնականում պաշտպանում է աշխարհի կեսը»,- ասել է 68-րդ բրիգադի հրամանատար Տարաս Լուկինչուկը։