Մատչելի հղումներ

Սերբերն ու կոսովացիները` կրկին հակամարտության շեմին


Սերբիայի եւ աշխարհի կողմից մասամբ ճանաչված Կոսովոյի զինված ուժերը բերվել են պատրաստ վիճակի եւ երկու կողմից կանգնած են սահմանի հակառակ կողմերում:

Սերբիայի եւ այս երկրից փաստորեն անջատված Կոսովոյի միջեւ հակամարտությունը կրկին սրվեց այս տարվա հուլիսին, երբ Կոսովոյի իշխանությունները որոշեցին, որ սերբ քաղաքացիներն այսուհետ Կոսովո մուտք գործելու համար պիտի ունենան ժամանակավոր կացության փաստաթղթեր, եւ որ սերբ փոքրամասնությունն այստեղ պիտի հին սերբական պետհամարանիշները փոխարինի Կոսովոյի համարանիշներով:

Բալկանների այս տարածաշրջանում կայունությունը պահպանվում է Կոսովոյում տեղակայված ՆԱՏՕ-ի խաղաղապահների օգնությամբ, որի ընդհանուր թիվը կազմում է մոտ 3700 մարդ։

Մոսկվան, որը բացահայտորեն աջակցում է Բելգրադին և չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, հանդես է գալիս երբեմն սադրիչ հայտարարություններով:

Այսպես, օրերս Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան «Խոսում էՄոսկվան» ռադիոյի եթերում առաջարկել է, որ Սերբիան «դառնա Ռուսաստանի մաս» աշխարհաքաղաքական բարդությունների դեպքում։ Դրանից հետո ՌԴ-ի խոսնակ Մարիա Զախարովան ասաց, որ Մոսկվան սպասում է Բելգրադի արձագանքին:

Սա ընդամենը մեկ այլ ապացույց է այն մասին, թե ինչպես է Կրեմլը իր նմանատիպ նպատակներին հասնելու համար կիրառում սադրիչ քայլեր եւ փորձում օգտվել մյուս ժողովուրդների միջեւ առկա հակամարտություններից ու տարաձայնություններից:

Այս մասին է ասում քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին: Նրա խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի իշխանությունների բոլոր ներկայացուցիչներն ավելի շուտ դաշնային հեռուստաալիքների քարոզչական շոուների մասնակիցներ են, այլ ոչ թե լուրջ քաղաքական գործիչներ ու դիվանագետներ։

Կրեմլն ակնհայտորեն շահագրգռված է Բալկաններում նոր հակամարտություն և անկայունություն հրահրելու մեջ, նշում է վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկին։ Նրա կարծիքով, դրան են միտված բազմաթիվ տեղեկատվական ալիքների ջանքերը՝ ամեն առիթով զանգվածաբար ապատեղեկատվություն տարածելով։

‘’Սակայն մինչ այժմ Կրեմլն այս առումով պարծենալու ոչինչ չունի... Ցանկալի նպատակին հասնելու նրա փորձերն ապարդյուն են անցել մինչ հիմա։ Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ թե՛ Բելգրադի, թե՛ Պրիշտինայի բոլոր մտքերը կապված են Եվրամիությանն անդամակցելու հետ’’, ասում է նա:

Մոսկվայի և Բելգրադի հատուկ հարաբերությունները հիմնված են մի քանի գործոնների վրա, ասում է քաղաքագետ Անդրեյ Օկարան։ Նրա կարծիքով՝ դա առաջին հերթին ուղղափառ մշակութային ժառանգությունն է եւ ընդհանուր «թշնամությունը Արեւմուտքի նկատմամբ»։

Սերբիան և Ռուսաստանը մոտ են նաեւ թե՛ մտածելակերպով, թե՛ իրենց պատմական ճանապարհով: Բացի այդ, Բելգրադում, ինչպես նաև Մոսկվայում դեռևս կենդանի են որոշ կայսերական նկրտումներ»,- կարծում է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ, իրականում Սերբիան մի երկիր է, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին: Այն իրեն չի պատկերացնում առանց Եվրոպայի և չի ցանկանում բախվել Արևմուտքի հետ, ընդգծել է Անդրեյ Օկարան:

Իհարկե, Կրեմլին այժմ ակնհայտորեն հարմար կլիներ Եվրոպայում մեկ այլ «թեժ կետ», ասում է քաղաքագետը։ Նրա կարծիքով, դա ինչ-որ չափով կարող է «քողարկել ուկրաինական թեման», շեղել հանրության ուշադրությունը։

‘’Զգացողություն կա, որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք փորձում են նոր էներգիա հաղորդել այս հակամարտությանը։ Սակայն, չնայած իրավիճակի բարդությանը, Կոսովոյի և Բելգրադի միջև միշտ էլ փոխզիջումներ եղել են։ Սերբիային ակնհայտորեն դուր չի գալիս, որ կարող է դիրքավորվել որպես Կրեմլի դաշնակից կամ հանցակից»։

Ինչպես փորձագետներն են ասում. ‘’Սա շատ տարօրինակ և կոնկրետ գործընկերություն կնշանակեր որեւէ երկրի համար, որը կփորձի լինել պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող Ռուսաստանի կողքին եւ որոնի փրկություն Արեւմուտքում’’:

XS
SM
MD
LG