ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը հորդորել է ամերիկացիներին մի կողմ թողնել կուսակցական քաղաքականությունը, որը բաժանել է ժողովրդին և միասին վայելել տոնական օրերը: Իր ուղերձում Բայդենը նշել է, որ հուսով է, որ տոնական օրերը «թույնը դուրս կհանեն» քաղաքականությունից:
«Նույնիսկ 2000 տարի անց, Սուրբ Ծնունդը դեռևս ուժ ունի բարձրացնելու մեր տրամադրությունը, միավորելու մեզ, փոխելու մեր կյանքը և աշխարհը», - նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ թեև «Սուրբ Ծննդյան տոնի հիմքում քրիստոնեական հավատքն է», իր ուղերձը վերաբերում է բոլորին՝ քրիստոնյաներին, հրեաներին, հինդուներին մահմեդականներին, բուդդիստներին, ցանկացած այլ հավատքի ներկայացուցիչների և ոչ հավատացյալներին:
«Սուրբ Ծննդյան ուղերձը հատկապես կարևոր է այնպիսի դժվար ժամանակներում, ինչպիսին են եղել մեր կյանքի վերջին մի քանի տարիները», - նշել է Բայդենը: «Համաճարակը մեզնից շատ բան է խլել… Մենք շատ մարդկանց ենք կորցրել: Միայն Ամերիկայում ավելի քան մեկ միլիոն մարդ է մահացել»:
Իր կարճ տոնական ելույթում Բայդենը նաև հավելել է, որ ամերիկացիները վերջապես իրենց հետեւում են թողնում այն դաժան տարիները, որոնց ընթացքում ՔՈՎԻԴ-19 համաճարակը խլել է իրենց սիրելի մարդկանց: Նա նշեց, որ ամերիկացիները պետք է ընդունեն տարվա այս շրջանը որպես հիշեցում այն մասին, որ պետք է հոգ տանել միմյանց համար և չթողնել որպեսզի կուսակցական պիտակներիը՝ ինչպիսիք են հանրապետականը կամ դեմոկրատը, բաժանեն մարդկանց միմյանցից:
Նախագահը նաև խոսեց այն մասին, որ հասկանում է, թե որքան դժվար է տարվա այս շրջանը նրանց համար, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին՝ նշելով, որ 50 տարի առաջ այս շաբաթ, իր կինը և դուստրը զոհվել են ավտովթարի հետևանքով։
Առաջին տիկին Ջիլ Բայդենը նույնպես ամերիկացիներին մաղթել է խաղաղություն, առողջություն և երջանկություն։
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: