Մատչելի հղումներ

Վաշինգտոնը հյուրընկալում է Ուկրաինայի նախագահ Զելենսկիին


Նախատեսված է հանդիպում նախագահ Բայդենի հետ: Ուկրաինայի նախագահը երեկոյան ելույթ կունենա Կոնգրեսում

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի Միացյալ Նահանգներ ժամանած Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկիին։ Հանդիպումից հետո երկու նախագահները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։ Սպասվում է, որ երեկոյան Զելենսկին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։

«Երեք հարյուր օր առաջ Ռուսաստանը դաժան հարձակում գործեց Ուկրաինայի դեմ»,- չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Քարին Ժան-Պիերը։ «Ի պատասխան՝ նախագահ Բայդենը կոչ է արել ողջ աշխարհին աջակցել Ուկրաինայի ժողովրդին, որը պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին ասել է, որ բանակցությունների օրակարգում կլինեն դիվանագիտական և պաշտպանական բնույթի հարցեր: Նա ընդգծել է Միացյալ Նահանգների ամբողջական աջակցությունը նախագահ Զլենսկիին:

Ուկրաինայի նախագահի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ օրենսդիրները պատրաստվում են քվեարկել հաջորդ տարվա ծախսերի փաթեթի շուրջ, որը ներառում է մոտ 45 միլիարդ դոլարի հրատապ օգնություն Ուկրաինային, իսկՊենտագոնը պատրաստվում է Կիևին տրամադրել ինքնապաշտպանության համար Patriot զենիթահրթիռային համակարգեր:

Օգնության այս մասնաբաժինը կարող է դառնալ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրած ամենամեծ օգնությունը, որը նախատեսված է առաջիկա ամիսների ընթացքում:

Զելենսկիի կողմից Բախմուտ կատարած այցից հետո Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հրապարակած տեսանյութում նրան են փոխանցում Ուկրաինայի դրոշը՝ այն ԱՄՆ ղեկավարությանը հանձնելու համար։

«Տղաները մեր գեղեցիկ ուկրաինական դրոշն են տրամադրել իրենց ստորագրություններով, որպեսզի մենք փոխանցենք այն»,- ասել է Զելենսկին տեսանյութում։ «Մենք ծանր վիճակում ենք: Թշնամին ավելացնում է իր բանակի թվաքանակը: Մեր ժողովուրդը շատ խիզախ է, և նրան ավելի հզոր զենքեր են պետք։ Մենք տղաներից ստացած դրոշը կփոխանցենք Կոնգրեսին, ԱՄՆ նախագահին։ Մենք շնորհակալ ենք նրանց աջակցության համար, որը սակայն բավարար չէ»:

Պենտագոնի՝ 1,8 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթը Ուկրաինային առաջին անգամ կներառի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և կործանիչների համար ճշգրիտ կառավարվող ռումբեր, հայտարարում են ամերիկացի պաշտոնյաները:

Նրանք նշել են, որ փաթեթը կներառի մոտ 1 միլիարդ դոլարի զենք Պենտագոնի պահեստից և 800 միլիոն դոլար՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակում:

Դեռ պարզ չէ, թե Patriot հակաօդային պաշտպանությունը երբ կլինի Ուկրաինայի առաջնագծում, քանի որ ԱՄՆ զինվորականները պետք է ուկրաինացիներին վերապատրաստեն դրանք օգտագործելու համար: Դասընթացը կարող է տևել մի քանի շաբաթ և նախատեսվում է անցկացնել Գերմանիայում։

Հիշեցնենք, որ Վոլոդիմեր Զելենսկին շարունակում է կոչ անել Արևմուտքին ավելի ժամանակակից զենք մատակարարել Կիևին՝ տանկերից մինչև հակահրթիռային պաշտպանության համակարգեր:

Զելենսկիի այցը Վաշինգտոն տեղի է ունենում Կոնգրեսում ուժերի հարաբերակցության փոփոխության պայմաններում: Հունվարին հանրապետականները վերահսկողության տակ կվերցնեն Ներկայացուցիչների պալատը։ Նրանց խոսքով՝ իրենք մտադիր են ավելի մեծ ուշադրությամբ անդրադառնալ Ուկրաինային օգնության հարցին։

XS
SM
MD
LG