Մատչելի հղումներ

Միգրանտների նոր քարավան է ժամանել  ԱՄՆ-ի հարավային սահման


Հազարավոր միգրանտներ Մեքսիկայի սահմանամերձ Սյուդադ Խուարես քաղաքում սպասում են ԱՄՆ մուտքին։ Դեկտեմբերի 21-ին նախատեսվում է, որ կավարտվի Թրամփի ժամանակաշրջանի քաղաքականությունը, որով միգրանտները վտարվում են ԱՄՆ սահմանից:

Ամերիկացի օրենսդիրները և մաքսային ու սահմանային պաշտպանության պաշտոնյաներն ասում են, որ դրանից հետո պատրաստվում են միգրանտների հսկայական հոսքի։

Մեծ թվով միգրանտներ շարունակում են ժամանել Միացյալ Նահանգների հարավային սահման: Հազարավոր մարդիկ հանձնվել են ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության աշխատակիցներին Տեքսաս նահանգի Էլ Պասո քաղաքում:

Նրանք ասում են, որ հանձնվելով, հույս ունեն սկսել ԱՄՆ-ում քաղաքական ապաստան հայցելու գործընթացը։

Մարդկանց մեծ խումբն Էլ Պասո է ժամանել դեկտեմբերի 21-ին Թրամփի ժամանակ իրականացվող ծրագրի նախատեսված ավարտից մի քանի օր առաջ:

Անցյալ ամիս դատարանը կասեցրեց այդ ծրագիրը: Դրանից հետո միգրանտները սկսեցին հավաքվել Մեքսիկայի սահմանամերձ Սյուդադ Խուարես քաղաքում՝ սպասելով դադարեցման հրամանն ուժի մեջ մտնելու օրվան։

Իրավիճակը դառնում է անկայուն, ասել է Մեքսիկայի Չիուաուա նահանգի նահանգապետ Մարիա Եվգենիա Կամպոս Գալվանը։

Այս ամսվա սկզբին լրագրողների հետ զրույցում Կամպոսը քննադատել էր Մեքսիկայի կառավարությանը, որը թույլ է տվել ավտոբուսներով մոտ 1,500 միգրանտների ուղեկցել Սյուդադ Խուարես՝ առանց մարդկանց հոսքի դեմ պայքարելու ռեսուրսներ տրամադրելու:

«Փառք Աստծո, որ Մեքսիկայի իշխանությունները մեզ օգնեցին: Մենք հասանք մեր նպատակակետին՝ ապահով տեղ հասանք: Նրանք հոգ էին տանում մեզ համար»,-ասել է դոմինիկացի միգրանտ Ջոել Մոտան

Նիկարագուացի միգրանտ Օսկար Ռեյեսի խոսքով՝

«Այն, ինչի միջով մենք անցանք, դժվար էր, բայց փառք Աստծո, որ մեքսիկացի ժողովուրդը բացեց դռները մեզ համար և օգնեց ամեն ինչով, ներառյալ սնունդով»:

Սյուդադ Խուարեսի ապաստարաններում ընդամենը մի քանի ժամ մնալուց հետո հարյուրավոր միգրանտներ անցել են Ռիո Գրանդե գետը: Ապաստարանի պաշտոնյաները նրանց չեն կանգնեցրել։

Ըստ «Լեոնա Վիկարիո» Միգրանտների ինտեգրման կենտրոնի աշխատակից Անա Լաուրա Ռոդելայի՝ «Ոչ մեկին չեն ստիպելու այստեղ մնալ։ Երբ նրանք ժամանեն, սնվեն և հանգստանան, մենք նրանց կներկայացնենք կանոնակարգերը և տեղեկություններ Մեքսիկայի կառավարության առաջարկած ծառայությունների մասին: Հետո յուրաքանչյուր ընտանիք կորոշի, թե ինչ է անելու»:

Հազարավոր միգրանտներ հանձնվել են սահմանային պարեկային գործակալներին Ռիո Գրանդեի ափերին՝ Սյուդադ Խուարեսի և Էլ Պասոյի միջև, ընդ որում օրական մոտ 2,100-ի գործերի է ընթացք տրվում, ըստ Էլ Պասոյի հատվածի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Օրլանդո Մարերո Ռուբիոյի:

 ԱՄՆ-ի հարավային սահման միգրանտների նոր քարավան է ժամանել, սպասվում է մեծ հոսք
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

XS
SM
MD
LG