Մատչելի հղումներ

Իրանում կախաղան բարձրացվեց ցույցերի մասնակից երկրորդ մեղադրյալը


Բողոքի ցույցեր` Բեռլինում
Բողոքի ցույցեր` Բեռլինում

Միջազգային համայնքը շարունակում է դատապարտել Իրանին, որտեղ երկուշաբթի օրը մահապատժի ենթարկվեց այստեղ համազգային ցույցերին մասնակցած երկրորդ բանտարկյալը: Ցույցերը սկսվել էին սեպտեմբեր ամսին բարոյականության ոստիկանության կողմից ձերբակալված մի կնոջ մահից հետո: Վերջինիս ձերբակալել էին մազերը հիջաբով պատշաճ կերպով չծածկելու մեղադրանքով:

Իրանի դատական իշխանության կողմից ղեկավարվող «Միզան» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մաջիդռեզա Ռահնվարդին հրապարակայնորեն կախաղան է բարձրացվել Մաշհադ քաղաքում շինարարական վերամբարձ կռունկից՝ ‘’որպես նախազգուշացում մյուսներին’’:

Ռահնվարդը մեղադրվում էր անցյալ ամիս Մաշհադում անվտանգության ուժերի երկու անդամների դանակահարության մեջ, երբ նրա խոսքերով, վերջիններս սպանում էին ցուցարարներին: Ռահնվարդի մահապատիժը դատապարտել է նաեւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը։ Ինչպես արտաքինի գերատեսչության մամլո խոսնակ Նեդ Փրայսն է ասել. «Մենք գիտենք, որ Մաջիդռեզա Ռահնվարդը Իսլամական Հանրապետության զոհն է: Նրան անմիջապես մահապատժի ենթարկեցին այն բանից հետո, երբ նա այդ դատավարությունն անվանելց ‘’կեղծ’’: Իրանի վարչակարգը հազարավոր մարդկանց է կալանավորել այս բողոքի ակցիաներին մասնակցության համար: Նրանցից շատերին այժմ սպառնում են խիստ դատավճիռներ, ներառյալ մահապատիժը կեղծ դատավարությունների արդյունքում, որոնք չունեն պատշաճ ընթացակարգ: Մենք խստորեն դատապարտում ենք այս դաժան վերաբերմունքը։ Այս դաժան դատավճիռները և առաջին հրապարակային մահապատիժները նպատակ ունեն վախեցնել Իրանի ժողովրդին: Նրանք կոչված են ճնշելու այլախոհությունը», ասել է նա:

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ ցնցված է Ռահնվարդի մահապատժից՝ հավելելով. «Մենք մեծ մտավախություն ունենք ձերբակալված մյուս ցուցարարների կյանքի համար: Մահապատժի կիրառումը համահունչ չէ կյանքի իրավունքին»։

Ցույցերից հետո առաջին մահապատիժն ի կատար էր ածվել անցյալ շաբաթ: Ակտիվիստներն ասում են, որ Իրանը մահապատժի մասին վճիռներ է կայացրել առնվազն մեկ տասնյակ մարդկանց մասին եւ որ երեք ամիս շարունակված բողոքի ցույցերի ընթացքում այստեղ սպանվել է առնվազն 488 մարդ: Իրանում իրավապաշտպանների խումբը, որը հետևում էր բողոքի ցույցերին, հայտնել է, որ ձերբակալվել է ևս 18200 մարդ։

XS
SM
MD
LG