Մատչելի հղումներ

Մեզ հարկավոր է Պուտինին ապապուտինականացնելու միջոց. Պորոշենկո


Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոն կարեւոր է համարում ի պաշտպանություն Ուկրաինայի գլոբալ հակապուտինյան քաղաքականության որդեգրումը:

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակցին տված հարցազրույցում Պորոշենկոն իր կարծիքն է հայտնել ճակատում տիրող իրավիճակի մասին, ուր նա հաճախ է այցելում իր մարդասիրական հիմնադրամի գործունեության շրջանակներում:

Անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Պորոշենկոն հանդիպումներն է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների և կառավարության պաշտոնյաների հետ:

Անդրադառնալով Աֆրիկայի առաջնորդների մասնակցությամբ ֆորումին, որը Վաշինգտոնում անցկացվել է Միջազգային դեմոկրատական միության հովանու ներքո՝ Պորոշենկոն ասել է. «Պուտինն էներգիայի աղբյուրներն օգտագործում է որպես զենք, ինչի արդյունքում աղքատ երկրները ավելի մեծ գումարներ են վճարում: Նա որպես զենք է կիրառում սնդդամթերքը եւ այսօր աշխարհում կես միլիարդ մարդ կարող է լինել սովամահ: Պուտինը որպես զենք է օգտագործում փախստականների խնդիրը: Նա որպես զենք է օգտագործում ամեն ինչ: Այդ պատճառով, մեզ հարկավոր է աշխարհը Պուտինից պաշտպանելու, Պուտինին ապապուտինականացնելու միջոց», ասել է Ուկրանիայի նախկին նախագահը:

Նրա խոսքերով, նման քայլ կարող է լինել ոչ միայն ուկրաինական տարածքների ազատագրումը, այլեւ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Նա աշխարհի երկրների առաջնորդներին կոչ է արել որեւէ կերպ չվստահել Պուտինին: ‘’Մի ուրախացեք, եթե Պուտինը ինչ-որ բան է ստորագրում. Դա ոչինչ չի նշանակում։ Դասեր քաղեք ուկրաինական փորձից։ Մի վախեցեք Պուտինից, և Ուկրաինայի հետ միասին դուք կհաղթեք: Եվրոպային պաշտպանում է դեղին-կապույտ ուկրաինական վահանը’’,- ասել է նա ու ավելացրել, որ հիմա Ուկրաինան ավելի կարեւոր է Եվրոպայի համար, քան ՆԱՏՕ-ն` Ուկրաինայի:

Թղթակցի այն հարցին, թե արդյոք միայն Պուտինն է պատասխանատու պատերազմի համար, Պորոշենկոն պատասխանել է, որ շատ ռուսներ աջակցում են Պուտինին և, հետևաբար, նրանք միասին են պատասխանատու Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար:

«Մենք պետք է սահմանափակենք Ռուսաստանի ազդեցությունն աշխարհում, դադարեցնենք Ռուսաստանի ազդեցությունը վարչապետների վրա, դադարեցնենք Ռուսաստանի ազդեցությունը ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ, դադարեցնենք Ռուսաստանի ազդեցությունը լրատվամիջոցների վրա, որոնք ֆինանսավորվում են ռուսական լոբբիի կողմից», - ասել է նա: «Ա՛յդ կերպ մենք կկարողանանք արգելել Պուտինին խաթարելու ժողովրդավարական գործընթացը աշխարհում։ Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր տարածքի, ոչ միայն իր ժողովրդի համար, այլեւ պայքարում է հանուն ազատության, ժողովրդավարության, ամբողջ արևմտյան աշխարհի համար: Տվեք փող, տվեք զենք, և ուկրաինացի զինվորը կանի իր գործը»:

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն չի կասկածում, որ Ուկրաինան կվերադարձնի բոլոր օկուպացված տարածքները, այդ թվում՝ Ղրիմը։ Եվ հարցին, թե ինչպես է ինքը պատկերացնում Ուկրաինայի ապագան, Պորոշենկոն ասում է, որ Ուկրաինան է՛լ ավելի լավ երկիր է դառնալու:

«Կարծում եմ, որ չնայած չափազանց ծանր կորուստներին, որոնք մենք կրել ենք… մարդիկ, արդյունաբերությունը, տնտեսությունը, քաղաքները… մենք ավելի ենք փայփայելու ազատությունը շնորհիվ այն գնի, որը վճարում ենք Ուկրաինայի ապագայի համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահը։

Հարցազրույցը հրապարակված է որոշ կրճատումներով։

‘’Ամերիկայի Ձայն’’-ի Ուկրաինական, Ռուսական, Հայկական ծառայություններ

XS
SM
MD
LG